ԿԲ-ն որոշեց դադար վերցնել  

Նախորդ ամսվա վերանայումից հետո Կենտրոնական բանկը որոշեց հոկտեմբերին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Որքան էլ այս պահին տոկոսադրույքի նվազեցումը գուցե և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը, այնուհանդերձ ԿԲ-ն այս անգամ դադար է վերցրել։

Դրա համար, անշուշտ, պատճառները կան՝ կապված այն ռիսկերի հետ, որոնք վերջին շրջանում ի հայտ են եկել. ադրբեջանաթուրքական ագրեսիան և ակտիվացող համավարակն ավելացրել են տնտեսության անորոշությունները։

«Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական հարձակումը և դրա հետ մեկտեղ՝ հոկտեմբերի առաջին կեսին կորոնավիրուսի համավարակի բարձր տեմպերով տարածումը ձևավորել են բացասական միջավայր թե՛ առաջարկի, և թե՛ պահանջարկի զարգացումների տեսանկյունից։ Գնահատվում է, որ թողարկման ծավալների որոշակի կրճատմանը զուգահեռ, միաժամանակ կավելանա տնտեսական աճի հեռանկարների հետ կապված անորոշությունը, դրանով իսկ որոշակի հետաձգելով տնտեսական ակտիվության և ներքին պահանջարկի վերականգնումը»,- արձանագրել է Կենտրոնական բանկը։

Հաշվի առնելով առկա ռիսկերը՝ կրկին վերանայվել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը։ Կենտրոնական բանկը հիմա արդեն սպասում է, որ տնտեսական անկումը կլինի 7 տոկոսի շրջանակներում։ Նախորդ կանխատեսման մեջ ԿԲ-ն ավելի լավատես էր. անկումը գնահատվել էր 6,2 տոկոս։

Համաշխարհային տնտեսությունը համավարակի հերթական ալիքի տարածման հետևանքով հայտնվել է բացասական սպասումների մեջ։ Ենթադրվում է, որ դրա հետևանքով կհետաձգվի նաև տնտեսական ակտիվության վերականգնումը։

Այս իրավիճակում Հայաստանի գործընկեր երկրների Կենտրոնական բանկերը նախընտրում են շարունակել խթանող դրամավարկային քաղաքականությունը։ Սակայն, հավանաբար հաշվի առնելով ի հայտ եկած նոր անորոշությունները, մեր Կենտրոնական բանկը որոշել է ռիսկի չգնալ՝ այս փուլում անփոփոխ պահելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հատկապես որ, տնտեսությունն ակտիվացնելու և լրացուցիչ խթաններ ստեղծելու նպատակով վերջին ամիսներին արդեն բավականաչափ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Թեև այնպես չէ, որ դրանից տնտեսությունը շատ է շահել։ Ոչ միշտ է, որ փողի էժանացումը համարժեք է արտահայտվում վարկային շուկայում։ Տարբեր պատճառներով՝ բանկերը միշտ չէ, որ հակված են դրան։

Այս տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի փուլով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհուպ՝ 1,25 կետով։ Եթե անցած տարվա դեկտեմբերին փողի գինը 5,50 էր, ապա հիմա 4,25 տոկոս է։

8-9 ամսվա կտրվածքով սա բավական լուրջ քայլ է շուկայի համար։ Ներգրավվող ավանդների տոկոսադրույքների պահպանման պայմաններում՝ դա պետք է բերեր վարկերի տոկոսների, եթե ոչ՝ համարժեք, ապա՝ որոշակի նվազեցման։

Սակայն բանկերը հիմնականում նախընտրել են չգնալ դրան, չնայած այդ ընթացքում նվազել է ոչ միայն վերաֆինանսավորման, այլև ավանդների տոկոսադրույքը։

Անցած տարվա վերջին մինչև մեկ տարի ժամկետայնության դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 8,47 էր, օգոստոսի տվյալներով՝ դարձել է 8,22 տոկոս։ Մի պահ նույնիսկ ցածր էր 8 տոկոսից։ Սեպտեմբերի տվյալները դեռևս չեն հրապարակվել, բայց հազիվ թե էական փոփոխություններ լինեն։

Ակնհայտ է, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող էժան փողի քաղաքականությունից այժմ այնքան էլ չի շահում տնտեսությունը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը չի տալիս այն արդյունքը, ինչ կարելի էր ակնկալել։

Վարկերի տեսքով տնտեսությանն առաջարկվող փողը շարունակում է նույնքան թանկ մնալ, և ոչ մի նշանակություն չունի, որ ԿԲ-ն նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունավետ չի գործում փոխանցման էֆեկտի հայտնի կանոնը։

Թե ինչո՞ւ է այդպես, պատճառները պետք է փորձել գտնել այլ տեղ։ Տնտեսության վիճակը բարվոք չէ, ու դա ռիսկեր է ստեղծում բանկերի համար։

Ճգնաժամի հետևանքով նվազել են վարկառուների եկամուտները՝ խնդիրներ առաջացնելով ներգրավված միջոցները վերադարձնելու հետ կապված։ Հաշվի առնելով այդ հանգամանքը և ընդառաջելով կառավարության հորդորներին՝ ապրիլից սկսած բանկերը գնացին վարկային արձակուրդների տրամադրման, վարկերի վերաձևակերպումների և մարման ժամկետների հետաձգման։

Պաշտոնական տվյալներով՝ վերանայվել և վարկային արձակուրդ է տրվել ավելի քան 567 հազար ֆիզիկական և իրավաբանական անձի։ Խոսքը 1,3 տրիլիոն դրամի մասին է։

Դրա հետևանքով բանկային համակարգ չի մտել շուրջ 100 մլրդ դրամ։

«Երբ բանկը վարկային արձակուրդ է տալիս իր հաճախորդին, նշանակում է՝ ավանդը մարելու համար պետք է ունենա որոշակի միջոցներ։ Եթե բանկն ավանդներ սպասարկելու տեսանկյունից ունենում է որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, կարող է դիմել Կենտրոնական բանկին և ստանալ իրացվելիություն, բայց այդ իրացվելիությունը գին ունի: Այսինքն՝ երբ վարկը չի մարվում, բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ, ինքն այդ ֆինանսական միջոցներն ինչ-որ կերպով հայթայթում է, դրա դիմաց վճարում է որոշակի գին, բանկերի ծախսատարությունն այդ առումով գնում է վերև»,- այս հայտարարությունը ոչ վաղ անցյալում արել է Կենտրոնական բանկի նախագահը։

Բնականաբար, ձրի փող ոչ մի տեղ դրված չէ։ Ու երբ պահանջում ենք վարկային արձակուրդներ կամ վարկային տոկոսների ներում, ինչ-որ մեկը պետք է վճարի դրա համար։

Վարկերի հետաձգման հետևանքով ավելացել են ֆինանսական հաստատությունների ծախսերը, ինչն էլ ստիպում է հրաժարվել վարկերի տոկոսադրույքների նվազեցումից։ Արդյունքում՝ ստացվել է այնպես, որ հետաձգելով վարկերի մարման ժամկետները, մյուս կողմից՝ դրանով արգելքներ ենք ստեղծում վարկերի էժանացման համար։ Եթե չլիներ վարկերի հետաձգում՝ գուցե և հիմա ունենայինք վարկերի ավելի ցածր տոկոսադրույքներ։

Ըստ էության, փողի էժանացումն այս փուլում ավելի շատ օգնել է բանկերին՝ ծածկելու վարկային արձակուրդների և հետաձգումների հետևանքով առաջացող կորուստները։ Զարմանալի չէ, որ վերջին ամիսներին բանկերի մոտ ավելացել են, այսպես կոչված՝ վատորակ վարկերը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ 

Տեսանյութեր

Լրահոս