«Ասում էր՝ վառելիքի հարց լուծի, ասում էի՝ տղա ջան, լուծած է, միայն դու առողջ արի հասի ինձ». նահատակված զինծառայողի հայր
Արցախում զոհված 25-ամյա Վարազդատ Լևիկի Հավհաննիսյանն Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, 1 տարի չկար, որ ՀՀ զինված ուժերում անցել էր պայմանագրային ծառայության:
Վարազդատն ապրում էր ծնողների հետ, տան միակ որդին էր, երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են:
«Վարազդատս սովորել և ավարտել էր Արագածավանի համար 1 միջնական դպրոցը, այնուհետև ընդունվել էր Պոլիտեխնիկ, 3 ամիս սովորելուց հետո զորակոչվել էր: Ծառայության ժամանակ լավ համբավ է ունեցել, պատվոգրեր ուներ: Զորացրվելուց հետո՝ հանգամանքների բերումով, երեխեն չկարողացավ ուսումը շարունակել, այս տարի հունվարին էր անցել պայմանագրային ծառայության: Հոկտեմբերի 7-ին ծնունդն էր, 25-ամյակը դիրքերում է դիմավորել»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Վարազդատի հայրը՝ Լևիկ Հովհաննիսյանը:
Հայրը դժվարանում էր որդուն բնութագրել, ասաց միայն՝ «մի ուրիշ տեսակ էր, ցանկացածին կարող եք հարցնել».
«Ոչ թե իմ երեխան է, դրա համար եմ ասում… Ես իրեն ընկեր եմ եղել, ծնող չեմ եղել, մեր մեջ ուրիշ ձև է եղել այդ ամենը»:
Հայրը հիշում է, որ վերջին անգամ որդին հոկտեմբերի 18-ին էր տուն զանգել, ասել էր՝ ամեն ինչ նորմալ է, բայց մինչև այդ էլ, ինչքան զանգում էր, միայն դուխ էր տալիս և խոսում միայն տան հետ կապված հարցերի մասին.
«Ասում էր՝ վառելիքի հարց լուծի, ասում էի՝ տղա ջան, դրանք լուծած է, միայն դու առողջ արի հասի ինձ, էլ բան պետք չէ, մնացած հարցերը ես լուծում եմ… Վարազդատիս հեռախոսը որ բացում եմ, լրիվ հայրենասիրական երգեր են եղել»:
Վարազդատի մտերիմ ընկերը՝ Դավիթ Սարգսյանն էլ 168.am-ի հետ զրույցում հիշեց, որ դեռևս դպրոցական տարիքից օրվա մեծ մասը երկու ընկերներով միասին էին անցկացնում, խոսում իրենց պլանների մասին.
«Միասին նույն դասարանում ենք սովորել ու, եթե դասարանում պետք է աղջիկ-տղա նստեին, մենք չէինք համաձայնվում և միշտ իրար կողք էինք նստում… Վերջին հանդիպումը սեպտեմբերի 27-ին է եղել, երբ տագնապով գնաց ճակատ, ես գնացի ճանապարհելու: Նստած իմ մեքենայի մեջ՝ զրուցում էինք, խանութից սիգարետ ու 2 հատ կոլա վերցրեց, խմեցինք, իր կոլան ու սիգարետը մնաց մեքենայիս մեջ: Գնալուց հետո, որ տեսա, ասացի՝ սա կպահեմ, մինչև վերադառնաս… մինչև հիմա այդ կոլան ու սիգարետը մնացել են իմ մոտ ու հավերժ կմնան մեքենայիս մեջ…»:
Մինչև պատերազմը սկսվելը 2 ընկեր որոշել էին, որ Վարազդատի 25-ամյակը միասին պետք է նշեն:
«Դիրքերից որ իջել էր, որոշել էինք, որ հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, ընկերներով մի տեղ պետք է նստեինք, նշեինք: Հետո, որ տագնապ եղավ, Վարազդատը բարձրացավ դիրքեր, ամեն անգամ խոսելիս ասում էի՝ այս 2 օրը կվերջանա, կգաս, ծնունդիդ գոնե այստեղ կլինես՝ կնշենք, բայց մնաց հիշողություն, որ պետք է անեինք, ու չեղավ… Միշտ իրար հետ ենք եղել, ինձ չեմ կարող պատկերացնել առանց ընկերոջս, այնքան ծանր է առանց նրա… Վարազդատը միշտ ինձ հետ կլինի»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Վարազդատ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին, հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ Արագածավանում: