Ինչո՞ւ հրադադար հայտարարվեց 3-րդ անգամ և ինչո՞ւ այն կրկին խախտվեց․ մեկնաբանում է ռազմական փորձագետը
Արցախյան հակամարտության գոտում պատերազմի 30-րդ օրը տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ մտավ այս ընթացքում համաձայնեցված երրորդ հրադադարը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահության նախաձեռնությամբ։
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզում արված հայտարարությամբ՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարությանը:
«Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին: Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- ասված էր հաղորդագրությունում։
Ինչպես և Հայաստանում շատերը կարծում էին, հրադադարը, նախորդ երկու հրադադարների նմանությամբ, երկար չպահպանվեց, և ադրբեջանական կողմն այն խախտեց։ ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվության համաձայն, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, հերթական խախտումը գրանցվել է ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավ-արևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Զուգահեռաբար՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը, և ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
«Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ նման պատերազմական իրավիճակներում դիվանագիտական գործընթացի շրջանակում ճնշումների ներքո հաճախ հաստատվում է մի բան, իսկ ռազմական հողի վրա տեղի է ունենում մեկ այլ բան, և դա հաճախ հանդիպող երևույթ է։ Ավելին, նրա խոսքով՝ բոլոր իրական մտադրություններն արտացոլվում են հենց ռազմական հողի վրա կողմերի դրսևորած վարքագծում։
«Ամեն բան պարզ է՝ չեն ցանկանում պահպանել հրադադար, չեն պահպանում։ Կա երկու բաղադրիչ՝ դիվանագիտական ճնշում և հրադադարի պարամետրեր, կան նույնիսկ հավելյալ պարամետրեր, որոնք գործել են Դոնբասում։ Եթե նման թեժ իրավիճակի դեպքում, երբ կողմերը ցանկանում են հաջողությունների հասնել ռազմաճակատում, պարտադրվում է հրադադար։ Այս դեպքում կա Թուրքիայի գործոնը, որը ներգրավված է և խթանում է ռազմական գործողությունները, իսկ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, չի կարողանում ունենալ բավարար ազդեցություն, որպեսզի իրավիճակը փոխվի հակամարտության գոտում։ Եվ ամենակարևորը կողմերն են՝ երկու կողմն էլ տրամադրված է հաղթանակի, և այս պահին, ամենայն հավանականությամբ, կողմերից ոչ մեկն իրեն չի համարում պարտված կամ հաղթանակած ու տրամադրված է շարունակել մինչև հաղթական ավարտ։ Դրանով էլ պայմանավորված է ներկայիս իրավիճակը»,- ասաց Խրամչիխինը` շարունակելով, որ կայուն հրադադարի համար պետք է շատ հարցեր համաձայնեցվեն և քննարկվեն։
«Մենք տեսանք՝ որոշակի փուլում ՌԴ ՊՆ ակտիվություն, այդ նպատակով զրույցներ կողմերի հետ, սակայն դա կարծես չհաջողվեց և կարիք եղավ կրկին ու կրկին հրադադար հայտարարել։ Կան քայլեր, որոնք լիարժեք չեն իրականացվում, և հրադադարի այս ողջ նախապատրաստությունը մնում է զուտ դիվանագիտական շրջանակում։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ ԱՄՆ-ը ավելի պակաս ազդեցություն ունեցող երկիր է այս տարածաշրջանում, քան Ռուսաստանը, բայց այս պահին ազդող է Թուրքիայի դիրքորոշումը, քանի որ այն կողմ է»,- ասաց Խրամչիխինը։