Բաժիններ՝

«Նարեկը շատ լավ շախմատ էր խաղում, բանակում որ հաղթում էր, արձակուրդ էին տալիս». նահատակված զինվորի մորաքույր

Արցախում զոհված Նարեկ Ռաֆիկի Խաչատրյանը 20 տարեկան էր, ընտանիքում 3 երեխաներից՝ ավագը: Նարեկի մորաքույրը՝ Տաթևիկ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Նարեկը Նոր Հաճընից էր, ապրում էր ծնողների, իրենից փոքր եղբոր և քրոջ հետ:

«Նարեկը շատ բարի, ազնիվ, համեստ, ընկերասեր,  միևնույն ժամանակ՝  խիզախ էր: Դպրոցն ավարտելուց հետո հաշվապահական քոլեջ էր ընդունվել, պետք է վերադառնար՝ ուսումը շարունակեր»,- պատմեց Տաթևիկը:

Մորաքրոջ խոսքով՝ Նարեկը դեռ փոքր տարիքից շախմատի խմբակ էր հաճախում, շատ էր սիրում, տարբեր մրցումների է մասնակցել, բազմաթիվ պատվոգրեր ունի: Բանակում ևս աչքի է ընկել  շախմատ խաղալով.

«Շատ էր սիրում շախմատը, մեծ հաջողություններ ուներ, անգամ այդ զորամասը, որտեղ ծառայում էր, միշտ հաջողություններ է ունեցել: Բանակում, որ հաղթում էր, միշտ իրեն արձակուրդ էին տալիս դրա համար, տուն էր գալիս: Վերջին անգամ, որ հաղթել էր, էլի արձակուրդ էին տվել, բայց կորոնավիրուսը տարածվեց, չկարողացավ գալ»:

Նարեկը տանկիստ էր, պատերազմը սկսվելու առաջին օրվանից ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին: Մորաքույրը պատմում է, թե ինչ ոգևորությամբ  զանգել է ընտանիքի անդամներին և ասել, որ տանկ է խփել.

«Նարեկն էր զանգել ծնողներին, ասել՝ տանկ եմ խփել, անգամ քերծվածք չկա վրաս: Թեժ կռիվ է եղել, բայց շատ էր ուրախացել, որ ոչ մի քերծվածք չէր ստացել: Վերջին անգամ հոկտեմբերի 12-ին ժամը 22:00-ին էր զանգել տանեցիներին, դրանից 2 ժամ հետո զոհվել է…»:

Նարեկ Ռաֆիկի Խաչատրյանին հուղարկավորել են հոկտեմբերի 16-ին՝ Նոր Հաճընում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս