Բանկերը փորձում են վերցնել իրենց բաժին բեռը
Պատերազմական այս օրերին Հայաստանի բանկային համակարգը փորձում է վերցնել իր բաժին բեռը։ Հազարավոր քաղաքացիներ մեկնել են ռազմաճակատ՝ իրենց պարտքը տալու հայրենիքի փրկությանը։ Նրանց մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր վարկեր ունեն ու հիմա կանգնած են այդ վարկերը սպասարկելու կամ վերադարձնելու խնդիրների առաջ։
Չհաշված, որ նրանց մի մասն էլ իր կյանքի գնով է վճարում հայրենի հողի պաշտպանության համար։
Հարենիքի պաշտպաներին ձեռք մեկնելու նպատակով՝ բանկերը պատրաստակամություն են հայտնել դիտարկելու պատերազմում հաշմանդամ դարձած կամ զոհված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը։ Դրանից կօգտվեն նաև մարտական գործողություների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների հետ անմիջական կապ ունեցող անձինք, ի դեմս համատեղությամբ ապրող ծնողների, զավակների և ամուսնու: Կդիտարկվեն ոչ միայն նրանց անհուսալի ճանաչված, այլև չճանաչված վարկերը։
«ՀՀ առևտրային բանկերն իրենց հնարավորությունների առավելագույն չափով կդիտարկեն նախագծով նախատեսված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը՝ առավելևս, որ նախագիծը եղել է բանկերի նախաձեռնությունը»,- մինչև ներկայացված նախաձեռնության վերաբերյալ բանկերին հարկային արտոնություն տալը՝ հայտարարեց Հայաստանի բանկերի միությունը։
Մինչ այդ էլ բանկային համակարգը որոշել էր վարկային արձակուրդ տրամադրել ռազմաճակատում գտնվող այն վարկառուներին, ովքեր խնդիր կունենային ժամանակին իրենց պարտավորությունները կատարելու հետ կապված։
«Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի, սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է.
Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի և չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի»։ Այս հայտարարությունը ՀԲՄ-ն արեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից մի քանի օր անց։
Բնականաբար, ոչինչ հնարավոր չէ փոխել հայրենիքի համար զոհված զինվորի կյանքի հետ։ Բայց ցանկացած նման նախաձեռնություն, անշուշտ, ողջունելի է։ Չնայած այլ բան է տույժ-տուգանքներ չկիրառելը, բոլորովին այլ բան՝ վարկերի համաներումը։ Սա միայն տուգանքներից ազատում չէ։ Սա նաև վարկային բոլոր պարտավորությունների զրոյացում է։
Նման բան սովորաբար բանկային համակարգում հազվադեպ է լինում, եթե նույնիսկ լինում է։ Տույժ-տուգանքների ներումներ, գուցե ոչ հաճախ, բայց երբեմն հանդիպում են, որքան էլ դրանք ոչ միշտ են ցանկալի արդյունք տալիս։
Վերջին անգամ նման բան արվեց 2 տարի առաջ, երբ բանկերը գնացին ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների զրոյացման։ 13 մլրդ դրամի վարկային տույժ-տուգանքներ ներվեցին, 125 հազար վարկառուի վարկային պատմություն մաքրվեց:
Այսպիսի նախաձեռնությունները բխում են ոչ միայն վարկառուների, այլ բանկերի շահերից։ Դրանով պայմաններ են ստեղծվում կուտակված ժամկետանց պարտավորությունների գոնե մի մասը վերադարձնելու համար։
Նման երևույթներ բանկերի պրակտիկայում նախկինում էլի են եղել։ Բայց դրանք անհամեմատելի են վարկային բոլոր, այդ թվում՝ այսպես ասած, մայր գումարների վերադարձման պարտավորությունների զրոյացման հետ։ Դա նշանակում է, որ այդ բեռն ամբողջությամբ ստանձնում են բանկերը։
Վարկային գումարները, բնականաբար, օդից չեն ընկնում։ Դրանք առաջին հերթին՝ ավանդատուների փողերն են։ Ու այդ փողերը բանկերը պարտավոր են վերադարձնել՝ անկախ նրանից՝ կներեն, թե չեն ների վարկերը։
Շատ կարևոր է իմանալ, որ վարկերի ներումը լինելու է բացառապես բանկերի հայեցողությամբ։ Այստեղ որևէ պարտադրանք չի կարող կիրառվել, որովհետև ցանկացած նման քայլ կարող է լուրջ հետևանք ունենալ համակարգի համար։
Մնում է հուսանք, որ այս նախաձեռնության ֆինանսական ծանրաբեռնվածությունը բանկերի վրա այնքան մեծ չի լինի, որպեսզի նրանք ստիպված ընտրություն կատարեն յուրաքանչյուր նման դեպքի համար կամ գնան մասնակի համաներում կիրառելու ճանապարհով։
Տույժ-տուգանքների զիջման կամ չկիրառման պարագայում ամեն ինչ շատ ավելի հեշտ է՝ ժամանակավորապես հետաձգվում է գումարների մուտքը բանկային համակարգ։ Թեև վերջին ամիսներին բանկային համակարգն արդեն բավականաչափ ծանրաբեռնվել է նման հետաձգումներով։
Համավարակի ու տնտեսական դժվարությունների հետևանքով առաջացած խնդիրները դեռևս տարեսկզբին ստիպեցին բանկերին տարբեր ժամանակահատվածներով հետաձգել վարկառուների պարտավորությունները։ Որքան էլ այդ գումարները հետո վերադառնում են բանկ՝ վարկային արձակուրդները ծանրաբեռնում են բանկային համակարգը։
Դրա պատճառով տարվա առաջին կեսին բանկային համակարգը չմտավ գրեթե 100 մլրդ դրամ։ Այդ բացը լրացնելու համար բանկերը ստիպված են լրացուցիչ իրացվելիություն ձեռք բերել՝ իրենց պարտավորություններն ավանդատուների նկատմամբ կատարելու համար։ Թեև իրացվելությունը գին ունի, որը կրկին վճարում են բանկերը։
Բանկային համակարգը վերջին ամիսներին որքան էլ անխափան, այնուհանդերձ, ծանրաբեռնված է գործում։ Խնդիրը ոչ միայն վարկային արձակուրդներն են կամ ակնկալվող համաներումը, այլև այն, որ նկատվում է որոշակի անհամապատասխանություն՝ վարկային բեռի և վարկառուների եկամուտների միջև։
Առկա է եկամուտների նվազում, ինչն էլ ավելացրել է ճնշումը վարկերի սպասարկման վրա։ Կասկած չկա, որ սանձազերծված պատերազմը ևս իր հետևանքները կունենա։
Ուստի պետք է փորձել ամեն ինչ անել այս իրավիճակից անկորուստ և հնարավորինս սահուն դուրս գալու համար։ Բանկային համակարգի չափից դուրս ծանրաբեռնումը ևս չի բխում որևէ մեկի շահերից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ