Բաժիններ՝

Այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ. «Ղարաբաղ տելեկոմի» նախկին տնօրեն. hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ հոկտեմբերի 2-ից Արցախի միակ բջջային օպերատորը՝ «Ղարաբաղ տելեկոմը», անցավ պետական կառավարման ներքո, իսկ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն ազատվեց աշխատանքից, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Հակոբ Ղահրամանյանը։ Դրանից հետո սկսեցին լուրեր տարածվել, թե «Ղարաբաղ տելեկոմի» կողմից ադրբեջանական կողմին են փոխանցվել 300 եւ ավելի սպայի հեռախոսահամարներ, որոնցով պարզվել է նրանց գտնվելու վայրը, եւ վտանգվել է նրանց կյանքը։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Ղարաբաղ տելեկոմի» արդեն նախկին տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ, որը «Ղ-տելեկոմի» գործադիր տնօրենի պաշտոնում աշխատել է ութուկես տարուց ավելի։

-Տեղեկություններ են տարածվում, որ մեր հայ սպաների բջջային հեռախոսահամարներն ու տվյալներն են հայտնվել ադրբեջանական կողմի ձեռքին, որոնցով պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Չեմ կարող մեկնաբանել, ես էլ դա լսել եմ, իհարկե։ Երեւի ամեն մարդ թշնամի ունի, ներառյալ՝ ես, այդ հայտարարությունները կամ գրառումներն իրականության հետ որեւէ կապ չունեն, երեւի մարդիկ շատ զբաղված չեն եւ այլ անելիքներ չունեն՝ մանավանդ այս պատերազմական օրերին, եւ զբաղվում են տարաձայնություններով։

-Հնարավոր չէ՞ր նման արտահոսքը։

-Իմ տնօրինության տակ՝ բացարձակ։

-Վերջին շրջանում Ձեր կամ «Ղարաբաղ տելեկոմի» աշխատակիցների մասնակցությամբ իրավապահները որեւէ գործողություններ արե՞լ են։

-Ինձ հետ՝ ոչ, եթե ուրիշ աշխատակիցների նկատմամբ գործողություններ եղել են, ես տեղյակ չեմ։ Ես նաեւ հորդորում եմ, ինչո՞ւ չէ՝ նաեւ պիտի խնդրեմ մեր պետական ուժերին, որ այս տարաձայնությունը, այս սուտն իմ հանդեպ արժանի է եւ պետք է արժանի ըլլա հետազոտության, եւ պատասխանատու անձը կամ անձերը պետք է պատասխան տան, որովհետեւ, վերջիվերջո, իմ հեղինակությունը կա, քիչ թե շատ համբավս կա, վերջին ութուկես տարիների ընթացքում բազմատասնյակ օժանդակություններ ձեռք բերած է «Ղարաբաղ տելեկոմը»՝ հանձին ինձ, եւ այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ։ Ես կհորդորեմ եւ կխնդրեմ, որ արժանանա հետաքննության։

-«Ղարաբաղ տելեկոմի»՝ պետական կառավարման ներքո անցնելուց հետո ինչո՞ւ որոշեցին Ձեզ ազատել աշխատանքից։

-Ըստ իս՝ դա ճիշտ որոշում էր նախագահի կողմից՝ ելնելով պատերազմական հանգամանքից։ Իհարկե, հեռահաղորդակցությունը ռազմավարական շատ մեծ կարեւորություն ունի, եւ ինձ համար զարմանք չէր նախագահի որոշումը, որովհետեւ, ինչո՞ւ չէ, երբ ղեկավարությունն իշխանության ձեռքն է անցնում, պարզ է, որ իշխանությունը պետք է նշանակի իր տնօրենը։

-Ասացիք, որ բոլորն ունեն թշնամիներ, նաեւ՝ Դուք։ Ովքե՞ր են։

-Ոչ, ենթադրություններ չունեմ, ուղղակի վերջերս Ֆեյսբուքում եւ այլ հարթակներում շատ գրառումներ են եղել «Ղարաբաղտելեկոմի» դեմ, իմ դեմ։ Այդքան բան, ուրիշ բան չգիտեմ։

-Ձեր կարծիքով, ներսի՞ց է ուղղորդումը, թե՞ գուցե հակառակորդի կողմից։

-Ամեն ինչ հնարավոր է, չեմ կարող եզրակացություն անել, ոչ էլ կարծիք հայտնել։ Բացառված չէ, որ թշնամին օգտագործում է այս առիթը, ինչպես լսում ենք, ուրիշ բաներ է անում թշնամին։ Դժբախտաբար, թշնամի մը ունինք, որ մարդկության հետ ընդհանրապես կապ չունի։

Ներքին թշնամիների եւ դավաճանների մասին անընդհատ խոսվում է այս օրերին, ի՞նչ կարծիք ունեք այդ խոսակցությունների վերաբերյալ։

-Կարծիք չունեմ։ Գիտեմ, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, ուրիշ բան չեմ կարող ավելացնել։

-Զուգադիպությո՞ւն է, որ «Ղ-տելեկոմի» եւ «Վիվա-ՄՏՍ»-ի վերաբերյալ նման տեղեկություններ են տարածվում։

-«Զուգադիպություն»-ը ճիշտ բառ է։ Դժվարանում եմ ասել, հնարավոր է, գուցեեւ՝ ոչ։ Չգիտեմ, տեղեկություններ, փաստեր չունեմ, որ կարողանամ այս կամ այն կողմ եզրակացություններ անել, բայց հետաքրքրական է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս