Ինչպես է Կառավարությունը 91 որոշում կայացրել՝ առանց նիստեր գումարելու
Կառավարությունը վերջին անգամ նիստ գումարել է սեպտեմբերի 24-ին։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, երկրում հաստատվեց ռազմական դրություն, որից հետո, արդեն երրորդ շաբաթն է՝ Կառավարությունը նիստ չի գումարում, սակայն պաշտոնական կայքում հրապարակվում են Կառավարության որոշումներ, մասնավորապես՝ սեպտեմբերի 24-ից հետո գործադիրի կայքում հրապարակվել է ընդունված 91 որոշում։
168.am–ը Կառավարությունից ճշտեց, թե ինչպե՞ս են կայացվում այդ որոշումները, երբ նիստեր չեն գումարվում։
«Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի՝ եթե գործադիրի ղեկավարը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգում որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտություն չկա, ապա հարցերի վերաբերյալ վարչապետի առաջարկությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն։ Կառավարության որոշումներն ընդունվում է անդամների ձայների մեծամասնությամբ, որից հետո էլ դրանք հրապարակվում են կայքում։ Անկախ ռազմական դրությունից՝ Կառավարությունը կարող է որոշումներ կայացնել այս եղանակով»,- փոխանցեցին Կառավարությունից։