Միջազգային հանրությունը պետք է կիրառի Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու գործիքակազմը. ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի խաղաղ բնակչության վրա ադրբեջանա-թուրքական ուժերի չդադարող հարձակումների վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը խոսքերից պետք է անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան:
«Հոկտեմբերի 16-ին և հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև քաղաք Շուշին և այլ բնակավայրեր ինտենսիվ հրթիռակոծման են ենթարկվել ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից: Քաղաքացիական օբյեկտների վրա այդ կանխամտածված հարձակման արդյունքում վիրավորում է ստացել առնվազն վեց խաղաղ բնակիչ:
Ադրբեջանա-թուրքական ուժերի շարունակվող հարձակումներն Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության վրա, ինչպես նաև հարվածները Հայաստանի Հանրապետության տարածքին վկայում են Թուրքիայի և Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների մասշտաբները ընդլայնելու և դրանց ինտենսիվությունը բարձրացնելու ձգտումների մասին:
Այն պայմաններում, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը համառորեն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կողմից ընդունված հումանիտար զինադադարի մասին համատեղ հայտարարությունը, ինչպես նաև անտեսում է քաղաքակիրթ աշխարհի՝ արյունահեղությունը կանգնեցնելու կոչերը, անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքերից անցնի գործուն քայլերի և կիրառի իր տնօրինության տակ գտնվող ողջ գործիքակազմը՝ դադարեցնելու Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան:
Կրկին ընդգծում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու առավել արդյունավետ ոչ ռազմական միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- նշված է հաղորդագրության մեջ: