«Այսօր դժվար է ասել՝ ո՞ր ճանապարհով գնալն է ճիշտ՝ ռազմավարական դաշինքի՞, թե՞ անկախության ճանաչման, քանի որ ակտիվ ռազմական փուլն է». Վահրամ Բալայան

Արցախի անկախության ճանաչո՞ւմ, թե՞ Հայաստան-Արցախ ռազմավարական  դաշինքի ստեղծում, ո՞րն է այսօր պակաս ռիսկային և նպատակահարմար: 168.am-ի հետ զրույցում ԱՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշեց՝ հենց սկզբից էր պետք գնալ Հայաստան-Արցախ ռազմավարական  դաշինքի ստեղծման ճանապարհով:

«Որովհետև այդ ճանապարհով գնալը հնարավորություն է տալիս մի քանի հարց լուծել, մասնավորապես՝ ապահովել ՀՀ-ի իրավական ներկայությունն Արցախում, և այս դեպքում միջազգային  կազմակերպությունների, հանրության աչքին խոցելի  չի  լինի այս պահով: Երկրորդ՝ սա հնարավորություն է տալիս բանակցային գործընթացը շարունակել: Մյուս կողմից՝ այսօր դժվար է ասել՝ ո՞ր ճանապարհով գնալն է ճիշտ, քանի որ ակտիվ ռազմական փուլն է, և շատ դեպքերում դիվանագիտական քայլերը պետք է համադրվեն ռազմական գործընթացների հետ, որը, շատ դեպքերում, պետք չէ հանրայնացնել, քանի որ այն երբեմն վնասում է մեզ՝ երկու հայկական հանրապետություններին: Իհարկե, տարբերակների շուրջ քննարկում պիտի լինի՝ ռազմական գործընթացներին զուգահեռ»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ երեկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  հայտարարեց՝ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում չզգան Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու են ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, սա որքանո՞վ է համադրելի ռազմական ներկա վիճակի հետ, գուցե կան հաշվարկնե՞ր, Վահրամ Բալայանը կրկնեց՝ ռազմական գործընթացների փուլում ենք, և էմոցիոնալ դաշտից պետք է իրականություն տեղափոխվենք:

«Փորձենք իսկապես նստել, խոսել, և դա անում ենք՝ նստում ենք, խոսում ենք, քննարկում ենք, թե ճիշտը որն է: Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում ճիշտ  որոշում  կկայացվի»,- ասաց Արցախի ԱԺ պատգամավորը՝ հիշեցնելով օրերս հաստատված հրադադարի մասին, որը փաստացի գոյություն չունի:

«Խնդիրը նրանում է, որ ստորագրելով, ասելով՝ չենք կարող հարցերին ընթացք տալ: Կարծում եմ՝ պետք է և ասվի, բայց դիվանագիտության մի մասը «ջրի» տակ է, ուստի մյուս մասն էլ պետք է ակտիվացնել: Այդ նրբություններին 2-3 մարդ է տիրապետում, որ անմիջապես այդ գործընթացների մեջ են»,- հավելեց Բալայանը:

Իսկ թե որքանո՞վ է հարմար պահը՝ Արցախին վերադարձնել բանակցային սեղան, մեր զրուցակիցն այս պահին նպատակահարմար չհամարեց այդ հարցը «ոտքի վրա» քննարկելը՝ հորդորելով սպասել զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս