Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ շրջափակման մեջ են պահել Հայաստանը. այսօր էլ փորձում են ռազմական ագրեսիա իրականացնել
Մի կողմից՝ համավարակը, մյուս կողմից՝ ադրբեջանաթուրքական ագրեսիան նոր խնդիրներ են առաջադրել Հայաստանի տնտեսությանը։ Այդ պայմաններում շատ կարևոր է ճիշտ և նպատակային օգտագործել տնտեսության պոտենցիալն ու եղած սահմանափակ ռեսուրսները՝ ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև դրանց հետևանքները հնարավորինս չեզոքացնելու համար։
Դա, անշուշտ, հեշտ չի լինելու, բայց այդպես է պահանջում պահի հրամայականը։ Պետք է մտածել երկրի՝ ինչպես պարենային, այնպես էլ՝ առաջին անհրաժեշտության այլ կարևոր ապրանքների ապահովվածության մասին։
Այս պահին, իհարկե, նման խնդիրներ չկան։ Բայց դա չի նշանակում, թե հետագայում էլ չեն կարող լինել։
Արդեն հնչում են տեղեկություններ Վրաստանից կարևոր նշանակության որոշ բեռների, մասնավորապես՝ նավթամթերքների տեղափոխման դժվարությունների հետ կապված, թեև հայկական երկաթուղուց շտապեցին հերքել այդ լուրերը։
««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ շարունակում է կանոնավոր կերպով իրականացնել ներմուծման և արտահանման հաղորդակցությունում բեռնափոխադրումները Հայաստանի և վրացական Փոթի և Բաթում նավահանգիստների միջև: Ի հեճուկս հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի և Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջև բեռների փոխադրումների հետ կապված խնդիրների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին, ՀԿԵ-ն հայտնում է, որ ներմուծում և արտահանում է բեռները «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համատեղ՝ փոխադրումների հաստատված ժամանակացույցի և հայտերի համաձայն»,- ասված էր ընկերության հայտարարության մեջ։
Անշուշտ, լավ է, որ արտահանվող և ներմուծվող բեռները, ինչպես հավաստիացնում է ՀԿԵ-ն, պլանավորված և հաստատված գրաֆիկով տեղափոխվում են։ Այնուհանդերձ, հնչող տեղեկություններն ինքնին մտահոգիչ են։
Գուցե խնդիրները կապված չեն միտումնավորության հետ և ունեն օբյեկտիվ պատճառներ, բայց պետք է փորձել հնարավորինս խուսափել նման իրավիճակների բախվելու վտանգներից։ Այսօր առավել ևս, մեծ է դրա կարևորությունը՝ ներքին շուկայի ապահովվածության ու տնտեսության անխափան աշխատանքի կազմակերպման համար։ Մինչև հիմա դա, կարելի է ասել, հաջողվել է։ Նաև համավարակի ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ փակեցին իրենց սահմանները տեղաշարժերի համար, Հայաստանի սպառողական շուկաներում խնդիրներ հիմնականում չառաջացան։
Այսօր էլ, չնայած Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններին, որոնք շարունակում են արդեն 10 օրից ավելի, Հայաստանում լայն սպառման առարկաների, առավել ևս՝ առաջին անհրաժեշտության ապրանքների որևէ դեֆիցիտ չկա։ Սպառողական ապրանքների շուկան լիովին բավարարում է ներկայացված պահանջարկը։ Չնայած դրանում որոշակի դեր ունի նաև պահանջարկի կրճատումը։
Հատկապես համավարակով պայմանավորված՝ տեղի է ունեցել պահանջարկի որոշակի նվազում, ինչը նկատելի է առևտրի և ծառայությունների ոլորտներում։
Պաշտոնական տվյալները փաստում են, որ մինչև Արցախում և Հայաստանի սահմաններում ռազմական իրավիճակի սրացումն էլ, առևտրի ոլորտի անկումն անցնում էր 11 տոկոսից։ Շատ ավելի մեծ էր մանրածախ առևտրի նվազումը՝ ավելի քան 15 տոկոս։ Ծառայությունները կրճատվել էին գրեթե 11 տոկոսով։
Սա բացառապես համավարակի ու դրա հետևանքով տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսների ազդեցությունն էր։ Բայց պարզ է, որ այդ ազդեցություններն առաջիկայում կարող են խորանալ նաև պատերազմական այն իրավիճակի պատճառով, որում հարկադրված հայտնվել են Արցախն ու Հայաստանը։
Թեև, անկախ նրանից, թե կրճատումն ինչպիսին կլինի, անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել պահանջարկի լիարժեք բավարարում։ Դրա հիմնական նախապայմաններից մեկը, եթե ոչ՝ ամենահիմնականը, բեռնափոխադրումների անխափան իրականացումն է։
Բեռնափոխադրումների անխափան իրականացումը կարևոր է ոչ միայն ներքին սպառման պահանջարկի ապահովման, այլև տնտեսության բնականոն գործունեության կազմակերպման համար։ Առավել ևս, որ Հայաստանն ունի խիստ սահմանափակ հաղորդակցության հնարավորություններ։
Տարիներ շարունակ Ադրբեջանն ու Թուրքիան, ձեռք ձեռքի տված, շրջափակման մեջ են պահում մեր երկիրը։ Անգամ այն պարագայում, երբ ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը հանդիսանում են Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ։ Եվ ոչ մեկն այսքան ժամանակ չի փորձել բռնել ԱՀԿ անդամ երկիր Թուրքիայի ձեռքը՝ պահանջելով բացել սահմանները գործընկեր, եթե կարելի է այդպես ասել, երկրի առաջ։
Հետևանքներն այսօր տեսնում ենք նաև այլ ուղղություններով։ Թուրքիայի ձեռքերն այնքան են երկարել, որ լուրջ սպառնալիք են դարձել մեր տարածաշրջանի և, ոչ միայն, մեր տարածաշրջանի երկրների համար։
Այս իրավիճակում Հայաստանի համար բեռնափոխադրումների իրականացման հիմնական ուղղությունը մնացել է Վրաստանը։ Այստեղ էլ մշտապես խնդիրներ են ի հայտ գալիս հատկապես Վերին Լարսի անցակետով իրականացվող փոխադրումների ժամանակ։ Մե՛կ բնակլիմայական պայմաններն են խանգարում, մե՛կ խցանումները, մե՛կ էլ անընդհատ առաջացող հազար ու մի օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունները։
Ճիշտ է, Վրաստանի տարածքով կա նաև ծովային բեռնափոխադրումների իրականացման հնարավորություն, բայց դա էլ ունի իր խնդիրները։ Ոչ միշտ է նպատակահարմար օգտվել լաստանավային փոխադրումներից՝ կապված ինչպես ժամանակատարության, այնպես էլ՝ ծախսատարության հետ։
Չնայած այս պահին կարևոր չեն թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Այս պահին կարևոր են անխափան մատակարարումները։
Եվ ոչ միայն ներմուծման, այլև Հայաստանից առաքվող ապրանքների արտահանման առումով։ Ի վերջո, այս ամբողջ բեռը կրելու է տնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ