Կերպարանափոխություն
Կաֆկայի հայտնի նովելի հերոս Գրեգորի Զամզան մի օր առավոտյան` արթնանալով անհանգիստ քնից, հայտնաբերեց, որ ինքը կերպարանափոխվել է. դարձել է մեծ ու սարսափելի ուտիճ: Ստեղծագործության անվանումն էլ` «Կերպարանափոխություն», ընդունված է վերագրել հենց հերոսի կերպարանափոխությանը: Սակայն ընթերցենք գործը ևս մեկ անգամ, և պարզ կդառնա` կերպարանափոխությունը տեղի է ունենում ոչ այնքան Գրեգորի Զամզայի, որքան գործող մյուս անձանց հետ:
Անգամ իր նոր` սարսափելի կերպարի մեջ, Գրեգորին չի կորցնում իր մարդկային կերպարը` շարունակում է նույն գորովանքը զգալ ընտանիքի մյուս անդամների հանդեպ: Մինչդեռ վերջիններիս պարագայում տեղի է ունենում հակառակը. մայրը, հայրը և քույրը միայն արտաքուստ են պահպանում մարդու արտաքինը: Նրանց ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ կենցաղային մանրուքների վրա: Իրենց մերձավորը` Գրեգորին, հայտնվել է մի իրավիճակում, որը չնախատեսված անհարմարություններ է ստեղծում: Դրանց ոչ ոք պատրաստ չէ: Ավելի հեշտ է նախ` անտարբերությամբ, հետո` ընդգծված ագրեսիվ վերաբերմունքով սպանել ուտիճի կերպարանք ստացած Մարդուն և խաղաղված վերադառնալ այնքան սովորական առօրյային:
ՄԱԿ-ի կամ միջազգային որևէ այլ կազմակերպության կողմից օրացույցում օրեր են առանձնացվում` Հաշմանդամների միջազգային օր, Կույրերի միջազգային օր: Չլսողների կամ Հաշմանդամ երեխաների օր: Հասկանալի է` դարձյալ միջազգային: Այդ օրերին ԶԼՄ-ներում «բռնկվում» են խղճահարության նոպաներ առաջացնող հոդվածներ: Մեր առողջությամբ հպարտ` դիմում ենք այս կամ այն պաշտոնյային` հետաքրքրվելով` ինչո՞ւ չկան հատուկ ճանապարհներ, ինչո՞ւ քաղաքային տրանսպորտը հարմարեցված չէ հաշմանդամներին:
Պաշտոնյաներն էլ դեմ չեն: Համաձայն են: Խնդիրներ, այո՛, կան: Մի՛ կարծեք` մենք մտահոգված չենք: Խնդրեմ, Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային զանազան կոնվենցիաների: Հետևաբար` դեմ չէ կատարել կոնվենցիայի պահանջներըգ ինչ-որ մի օր, երբ միջոցներ լինեն: Կարելի է ինչ-որ գրանտով անվասայլակների համար մեկ-երկու անցում կառուցել և անվերջ ցուցադրել: Բայց դա Այն չէ: Անարժեք է նաև սպառնալիքը պաշտոնյաների հասցեին` օգնեք հաշմանդամներին, քանի որ նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ կամ ձեր հարազատներից մեկի:
Արժեքավոր է այն աշխատանքը, երբ որևէ մեկը, երջանիկ, որ ունի հնարավորություն օգնել մեկին կամ մարդկանց խմբի, օգտագործի այդ հնարավորությունը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն օրերս ներկայացրեց համեմատաբար թարմ վիճակագրություն: Ըստ այդմ` Հայաստանում կա մոտ 180.000 հաշմանդամ, որոնց 60 տոկոսն աշխատունակ են:
Աշխատունակ են, բայց աշխատանք չունեն: Մյուս թիվը` Հայաստանում կա գրանցված մոտ 8000 հաշմանդամ երեխա: «Գրանցված»` նշանակում է` հաշմանդամ երեխաների թիվն անհամեմատ մեծ է, պարզապես գրանցված է այսքանը: Կան այլ թվեր ևս` հաշմանդամություն ունեցող երեխաների մեծ մասը հանրակրթական դպրոց չի հաճախում: Չի հաճախում նաև բժշկական-վերականգնողական հաստատություններ, քանի որ այնտեղ հերթեր են: Եվ հետո` ինքնուրույն շարժվելու խնդիր ունեցող երեխայի հարազատների համար գրեթե անհնար է ամեն օր կազմակերպել երեխայի տեղափոխությունը: Պետությունն էլ, ինքներդ գիտեք, այս դեպքում շռայլ չէ. մոտ 18.000 դրամ է հաշմանդամ երեխայի նպաստը:
Կարճ ասած, այն, ինչ մենք պետք է տանք հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես երեխաներին, չենք տալիս: Բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ, երբ հեռուստատեսությամբ որևէ պաշտոնյայի կամ ճանաչված մեկին նույն տափակ հարցն են տալիս` «Ի՞նչ թերություն ունեք», որպես կանոն` պատասխանում է. «Չափազանց բարի եմ: Վստահում եմ բոլորին և նվիրվում` անմնացորդ»:
Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը ճանաչել իրեն. խորհրդարանում կրակոտ ելույթներում կամ մամուլում հայտնված հոդվածներում, եթերից հնչող խոսքերում կամ միմյանց հետ զրույցում մենք գրեթե անկեղծ չենք: Փորձում ենք ներկայանալ ավելի լավը, քան իրականում ե՛նք:
Կարծիքը, թե մենք մեր քայլերով կարող ենք օգնել ոմանց կամ ծանրացնել նրանց կյանքը, կարծում եմ, նշանակում է գերագնահատել մեր հնարավորությունները: Օգնելով մարդկանց, ովքեր հուսադրվում են մեր այդ օգնությունից, մենք նախ և առաջ օգնում ենք ինքներս մեզ:
Հաշմանդամ կամ կարիքավոր մարդիկ` իրենց ծանր կյանքով, դժվար կացությամբ, այլ կերպ ասած` իրենց երջանկության գնով, հնարավորություն են տալիս բոլորիս Մարդ մնալ: Մեր ընտրությունն է` օգտվել այդ հնարավորությունից կամ չարժևորել այն: Ի վերջո, եթե Դուք Ձեզ համարում եք անչափ բարի մեկը, ուրեմն հնարավորություն եք ունեցել դրանում համոզվելու. ձեռք եք մեկնել կարիքավոր մարդկանց, օգնել եք հաշմանդամներին, բարի գործեր եք կատարել:
Այսինքն` այն, որ դուք հնարավորություն ունեք Բարի լինելու, պարտական եք առողջական խնդիրներ ունեցող կամ կարիքավոր մարդկանց:
Կարող եմ հավատացնել` հաշմանդամություն ունեցող մարդիկ, խոշոր իմաստով, ունեն ավելի պակաս խնդիրներ, քան առողջները («հիվանդ, և «առողջ» եզրերը խիստ պայմանական են): Խնդիրն այն է, որ հաշմանդամներին, հատկապես մտավոր հաշմանդամ մարդկանց անհրաժեշտ է ամենաարժեքավոր բանը` սիրվել և սիրել: Ուրիշ ոչինչ:
Նրանք ծանրաբեռնված չեն դատարկ պայմանականություններով, որոնք խլում են առողջ մարդկանց կյանքի լավագույն կեսը` որ հագուստը որի հետ համադրել, ինչ մակնիշի մեքենա վարել, ինչպես հաճոյանալ, հասկանալ` ի՞նչ ասաց Սերժ Սարգսյանը, ի՞նչ չասացին Գագիկ Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը: Այս մարդիկ բնությունից օժտված են` տարանջատելու կարևորը` երկրորդականից: Եվ նրանց ներկայությունը մեր կողքին ուղերձ է մեզ` վարվել այնպես, ինչպես իրենք:
Մենք ակնհայտ մոլորության մեջ ենք` կարծելով, թե հաշմանդամներն ունեն մեր ուշադրության ու հոգատարության կարիքը: Մե՛նք ունենք նրանց կարիքը` մեր կողքին: Նրանք` պայմանական հիվանդ մարդիկ, հնարավորություն են տալիս մեզ` պայմանական առողջներիս, չկերպարանափոխվելուգ