Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևորագույն շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը. Սուրեն Պարսյան

Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հասցեական հարված է հասցրել Գանձակի (Գյանջա, Կիրովաբադ, Ելիզավետապոլ) ռազմական օդանավակայանին՝ նախօրոք զգուշացնելով քաղաքացիական բնակչությանը, որ ռազմական օբյեկտներ ունեցող քաղաքների բնակիչները արագ պետք է դուրս գան մարտական գործողությունների շրջաններից։

Գանձակը իր տարածքով երկրորդ, բնակչության թվով Արդբեջանի երրորդ խոշոր քաղաքներից է։ Գանձակի մոտ 332000 բնակիչների արագ տեղահանումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի իշխանությունների համար՝ հաշվի առնելով, որ մոտակայքում խոշոր բնակավայրեր չկան, որոնք ի վիճակի կլինեն այդքան բնակչության տեղավորել։ Հատկանշական է, որ Գանձակի տնտեսությունը իր կառուցվածքով բավականին մոտ է Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն հիմնված է գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տուրիզմի և հանքարդյունաբերության վրա։ Բավականին հայտնի է Գանձակի Մետաքս գործարանի ապրանքանիշը, որի հիմնադիրները հայերն են եղել։ Այստեղ նաև արդյունահանվում են պղինձ և ալյումին։

Գանձակի շրջանը ապահովում է Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, խաղող, տավարի միս, ձու և այլն։ Գանձակում է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարևորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արևելքից արևմուտք և հակառակը բեռների փոխադրումը։

Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխել, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել տուրիստական ոլորտին, որը Գանձակի կարևոր եկամտի աղբյուրներից է։

Այս պատերազմի պատճառով ոչ միայն խնդիր է լինելու այդ քաղաքի հետ օդային հաղորդակցության, այլև տուրիստական հոսքերի։ Առանց այն էլ Գանձակի տարածաշրջանում ապրող մարդկանց կենսամակարդակը մի քանի անգամ զիջում է Բաքվի փափուկ բարձրերին թիկնած և հոխորտացող մարդկանց։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերված այս պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ ճաշակելու են Գանձակի բնակիչները։

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ 

Տեսանյութեր

Լրահոս