Պայթյուն է լինելու. ստեղծվել է մի համակարգ, որն ինքն իրեն պետք է մաքրվի

Ասում է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը, ում կարծիքով՝ «Բարգավաճ Հայաստանի» ու Հայաստանի Հանրապետական կուսակցության տարբերությունը` ցինիզմն է:

– Տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էիք, որ «մենք ձգտում ենք կառուցել պետություն այն տեսքով, ինչ տեսքով ձևավորվել են հայկական համայնքի, ընտանիքի, հայ ժողովրդի ներքին փոխհարաբերությունները։ Այսինքն` մենք պետությունը տեսնում ենք ոչ թե՝ որպես արհեստականորեն հարմարեցված հագուստ, այլ որպես այնպիսի ձևավորում, որտեղ մարդն իրեն կզգա՝ ինչպես իր ընտանիքում, որպեսզի տնից դուրս գալուց հետո նա չընկնի օտար միջավայր»: Արդյոք մենք հասե՞լ ենք Ձեր նշած պետության կառուցմանը:

– Իհա՛րկե ոչ: Պատճառը ցանկության բացակայությունն է: Ընդ որում, այս երևույթը միայն հայերին չէ բնորոշ: Եվրոպան, տեսեք, չնայած իր շատ մեծ դժվարություններին, նպատակ ունի ստեղծել միավորում, որը թույլ կտա միացյալ ուժերով դիմագրավել առկա մարտահրավերներին ու դժվարություններին՝ հենց թեկուզ գերտերությունների ճնշմանը: Եվրոպան մաքառելով առաջ է գնում: Չնայած ընդհանուր մտածողության և ընդհանուր մշակութային դաշտ ստեղծելու ջանքերին, դա ամենևին չի խանգարում, որ ժողովրդական որոշակի միավորումները, որոնք էթնիկ որոշակի տարբերություն ունեն, ավելի սուր ձևով դնեն իրենց՝ առանձնանալու ու ինքնուրույն ապրելու հարցը, թեկուզ հենց նույն մշակույթի ներսում, ինպես` շոտլանդացիները կամ կատալոնացիները, և այլն: Համատեղ ապրելու խնդիրն ամենևին չի տարածվում համահարթեցված մշակութային դաշտ ստեղծելու խնդրի վրա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նպատակի բացակայություն ու պետություն ստեղծելու կամքի բացակայություն կա:

Իշխանությունները ոչ միայն կամք չունեն, այլ չեն էլ ուզում ունենալ: Իսկ ամենամեծ ողբերգությունն այն է, որ ժողովուրդը չի ուզում ունենալ իր պետությունը: Յուրաքանչյուրն, ում կհարցնեք՝ արդյո՞ք ուզում ես պետություն ունենալ, կպատասխանի, որ ուզում է: Բայց խոսակցությունների մեջ մեծ մասն օգտագործում են հետևյալ արտահայտությունը՝ «էս պետությունը», «օրենք չկա», և այլն: Պետությունը հասարակությանն է. իշխանությունները գուցե իրենցը չեն, բայց պետությունը հաստատ իրենցն է: Սրանք մոտեցումներ են, որտեղ անկախ պետություն ունեցող մարդու կեցվածքը ոչ միայն չկա, այլև չի ուզում լինել: Բողոքի ալիքը բարձրացնող մարդիկ, որոնք թողնում ու հեռանում են Հայաստանից, հավատացնում եմ ձեզ, որ ամենևին սոցիալական պատճառների հետևանքով չէ, որ գնում են: Մեր ժողովուրդը պատերազմներ է տեսել, սով, եղեռն է տեսել, բայց չի փախել այստեղից:

– Իսկ ո՞րն է արտագաղթի պատճառը:

– Կարծում եմ՝ հոգևոր դաշտի սնանկությունը: Երբ պետությունը, ժողովուրդը, իշխանությունները որևէ նպատակ չունեն` դա վերջն է: Ո՞րն է այսօրվա մեր նպատակը: Մինչև 1994 թվականը մենք ունեինք նպատակ. դա անկախ պետություն ստեղծելն էր, մեր ինքնությունը հաստատելն էր, Արցախն ու արցախցիների անկախությունն էր: Բայց հետո պարզվեց, որ սովետական մարդը չափից շատ էր մեր մեջ նստած:

– Ինչի՞ արդյունքում, ինչի՞ հետևանքով մենք կորցրեցինք այդ նպատակը:

– Ցանկացած հեղափոխությունից (եթե հետևեք ֆրանսիական, բուրժուական, ռուսական կամ այլ հեղափոխություններին) անմիջապես հետո լուսավոր մտքեր կրողները կամ այլասերվում էին, կամ նրանց գլխատում էին: Համենայնդեպս, պատմական իրողություններն ինձ համար դաս ընդունելով՝ ես աշխատեցի շուտ դուրս գալ այդ միջավայրից: Հենց 1994թ. առաջին անգամ սկսվեցին սկզբում՝ հարմարվողականության, հետո` տարօրինակ քաղաքական դրսևորումները մեր պետության, ժողովրդի նկատմամբ: Հիշո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտությունը, թե՝ «մեր ուժը մեր թուլության մեջ է, մեզ բանակ պետք չէ»: Աբսուրդները սկսվել էին արդեն… Երբ հերոսները պայքարում էին, երբ արդեն ձեռքբերումներ կային, հանկարծ հայտնվեցին գիշատիչները, որոնք ստեղծեցին իրենց արշինով պետություն, որից պետք էր միայն քամել ու ստանալ:

Մեր իշխանություններն ու ժողովուրդը, ցավոք, այսօր սպառողական տրամադրություններով մարդկանց խումբ է: Չկա պետականության զգացողության, քաղաքացու գիտակցությամբ օժտված միավորումը, որը կարող է ինչ-որ բան ստեղծել: Եթե դու չունես քաղաքացի, եթե ներկա միավորումն էլ խարսխված է միայն սպառողական արժեքների վրա, չունի նպատակ, այդ դեպքում բացատրեք ինձ` ինչո՞ւ նա պիտի գոյատևի: Երիտասարդներն անգամ խնդիր ունեն, ասում են, չէ՞, «եղունգ ունես՝ գլուխդ քորի», «որտեղ հաց՝ այնտեղ կաց»: Սրանք ստրուկի մտածողության արտահայտություններ են: Եթե ինձ կասեք, որ սրանք ժողովրդական խոսքեր են, կասեմ, որ մեր ժողովուրդը ստրուկ է:

Ըստ Ձեզ, նոր նպատակ, գաղափարներ ստեղծելու հնարավորություն ունե՞նք, թե՞ արդեն ուշացել ենք:

– Չէ, չենք ուշացել: Ես այն կարծիքին եմ, որ ամենամեծ խանգարող հանգամանքը հոմոսովետիկուսն է, որովհետև այն բոլոր հատկանիշները, որ կրում է այսօրվա ժողովուրդը, դա Խորհրդային Միության վերջում ձևավորված մտածողության իներցիան է. եթե մի տեղ աշխատում էիր, ապա անպայման արտադրվող ապրանքից պետք է մի բան գողանայիր, եթե պահեստապետ ես՝ ուրեմն շատ լավ գործի վրա ես, եթե մսավաճառ ես՝ ուրեմն քեզ պետք է շատ հարգեն… Սրանք Սովետի աբսուրդներ են, չէ՞: Հիմա էլ նույնն է՝ հարգում են մարդասպանին, գողին, ավազակին, «ռեկետչիկին»: Այդքան շքեղ մեքենաներ, որքան մեր սոված ու աղքատ երկրում է, ոչ մի տեղ չես տեսնի: Մեկ շնչին ընկնող շքեղագույն թանկարժեք մեքենաների գծով Հայաստանը երևի առաջինն է աշխարհում: Այս ցոփությունը, անհեթեթ ու ոչ մի բանով չարդարացված ծախսերը ինչի՞ նշան են: Նշանակում է, որ իշխանության մեջ, կառավարման մարմիններում, ինչո՞ւ չէ` նաև մշակույթի կառավարման շրջանակում, այսօր նստած են մարդիկ, որոնք հոգևոր առումով բացարձակ սնանկ են:

Այսօր Հանրապետության նախագահից բողոքողները (որը սիմվոլ է, անկախ նրանից, թե ո՞վ է նա), իմ համոզմամբ` նախանձում են նրան, որ իրենք չեն նախագահը՝ անկախ նրանից` կարո՞ղ են իրենք լինել նախագահ, թե՞ ոչ: Կամ էլ նախանձում են, որ իր շրջապատից մեկը չէ, որ գոնե մոտ լիներ կերակրամանին ու օգտվեր: Որևէ մեկը չի մտածում, որ ստեղծված պետությունը պետք է խնամել: Ներքին կարգը կարևոր չէ՝ միապետությո՞ւն է, դեմոկրատիա՞, կապիտալի՞զմ, թե՞ սոցիալիզմ, սրանք բոլորը նպատակ ունեն՝ կառուցել ավելի բարենպաստ պայմաններ, որ ժողովուրդը հեղափոխական մտքերից հեռու լինի, և որպես պետություն` հզորանալ այնքան, որ մրցակիցներդ հակառակորդ չդառնան ու «չխժռեն» քեզ: Եվ սա բոլոր պետությունների նպատակն է: Այն պետությունները, որոնք այս նպատակի շրջանում կարողացել են քաղաքացի դաստիարակել` հաղթող են դարձել: ԽՍՀՄ-ը սկսեց փլուզվել, երբ կոմունիստների նպատակը դարձավ ծիծաղելի: Այսօր ԱՄՆ-ում այդ հավատը պահպանվում է նույն ձևով, ինչ խորհրդային տարիներին` Ստալինի ժամանակ: Ինչի՞ հիմքում՝ լավ կերակրամանի: Իսկ ով համաձարկվում է կասկած հայտնել` դառնում է հակապետական ու դուրս է մնում հասարակությունից:

Ինչո՞ւ չենք կարողանում ձերբազատվել «սովետական» այդ կարծրատիպերից:

– Որովհետև մենք չենք ստեղծում նորը: Իշխանությունները մի կողմից՝ փչացրեցին, ժողովուրդն էլ մյուս կողմից՝ հանգցրեց իր միջի «հային», ու գլուխ բարձրացրեց սովետական մարդը: Հացի պահանջի խնդիրը 90-ականներին ոչ թե աշխատելն էր համարվում, այլ՝ թալանը: Այսօր էլ, ինչպես 90-ականներին, թալանը փոխարինում է աշխատանքին, բոլոր գյուղերում համատարած ամլություն է՝ մարդիկ նույնկերպ են ապրում:

Այսքան մարդ սիրով հայհոյում է Հայաստանս, ու հեռանում Եվրոպա, Ամերիկա: Ի դեպ, հիմնականում ԱՄՆ են սիրում գնալ, որովհետև լավ են կերակրում, որովհետև հանցագործ աշխարհին ինտեգրվելու մեծ հնարավորություն կա: Բոլոր նրանք, ովքեր չեն գնացել կոնկրետ պաշտոնավարելու, աշխատելու, հավատացնում եմ, դառնում են հանցագործ խմբերի անդամներ: Այն, որ գնում են և այնտեղից պատմում են, թե լավ գործի են, պարզապես հեքիաթներ են: Սա արդեն մարդու տեսակ է դարձել: Իմ ողբերգությունը մեկն է. մենք չենք կարողանում Հայաստանի քաղաքացի դաստիարակել, ձևավորել:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր պատկերացրած Հայաստանի քաղաքացին:

– Պետք է լինի աշխատասեր, նպատակասլաց, հաստատ պետք է լավ ապրի ու իր ամբողջ մտածողության հիմքում ունենա իր ընտանիքը: Չի կարող ընտանիքը ձևավորվել, երբ դրսում տեսնում ես այլ արժեհամակարգ: Երբ խեղճուկրակ մեկի «վզին են տալիս»` բոլորն անտարբեր անցնում են, իսկ խփողը հարգվում է՝ որպես «լավ տղա», էլ ի՞նչ արժեհամակարգի մասին է խոսքը: Ի՞նչ է նշանակում՝ խաղատների, ռեստորանների առատությունը սոված մայրաքաղաքի շրջակայքում: Ուրեմն փող կա, չէ՞, որ դրանք գոյատևում են: Այսինքն` ռեսուրսներ կան, գումար կա, բայց նպատակ չկա: Նույնն են նաև ընդդիմադիր ու դիմադիր կուսակցությունների հարաբերությունները: Ինձ հարցնում են, թե՝ ո՞ւմ ես ընտրելու: Սա է ողբերգությունը, «զոնի» կարգավիճակ են ստեղծել: Ի՞նչ է նշանակում, ո՞ւմ եմ ընտրելու: Ես պետք է ընտրեմ գաղափարը, ծրագիրը: Բայց ծիծաղելին այն է, որ այսօր սեղանին դրված է «ո՞ւմ» ընտրելու խնդիրը: Որովհետև չկա ընդդիմադիր դաշտ, գոյություն չունի այն: Հասարակությունը միատարր է մտածում: Իհարկե, կան այլ կերպ մտածողներ, օրինակ՝ ես, բայց ժողովրդի կողմից ինձ նման մարդիկ չեն ընդունվում: Մեր ժողովրդի մեջ չկա արարելու, նորը ստեղծելու պահանջը, կա միայն սպառելու պահանջը:

– Ի՞նչն է պատճառը, որ, ինչպես նշեցիք`այսօր ընդդիմություն չկա:

– Որովհետև ժողովուրդն այսպիսի պետություն է ուզում: Մեր հասարակությունը չի ուզում ընդդիմություն:

– Իսկ նոր քաղաքական ուժերի, գործիչների բացակայության պատճառն ինչի՞ հետևանք է: Արդյո՞ք սրանով քաղաքական դաշտը չի գնում լճացման:

– Մարդիկ չեն պահանջում: Քաղաքական շուկայում իմ տեսակը պահանջված չէ, ավելին, իմ տեսակը ծիծաղելի է: Ինչպե՞ս եղավ, որ Գագիկ Ծառուկյանն այդքան ձայն հավաքեց: Նորմալ երկրում, եթե մարդը կանգնում-ասում է` ես կգամ Ձեզ կպահեմ, նրան կարող է նույնիսկ դատեն: Տղա ջան, դու չես, որ պահում ես այս ժողովրդին, դու պարզապես ժողովրդի աշխատանքի հաշվին ես հարստանում: Այլ խնդիր է, որ ասես, թե՝ ես կգամ, կստեղծեմ աշխատատեղեր, ու իրար հետ կհզորանանք: Գաղափարի սնանկությունն այն աստիճանի է իջել, որ կիսահանցագործ միջավայրի արտահայտություններով նա իր ետևից տարավ ժողովրդի 30%-ին: Սա է իմ ժողովուրդը: Իսկ մնացած 60%-ը, որ ձայնը տվեց մնացածին, արդեն որոշ չափով ապահովել են իրենց տեղը ու չեն ցանկանա կորցնել այն: Եթե թեկուզ գործող նախագահը կամքի ուժ ունենա, օրենքի գերակայություն հաստատի, գուցե հինգ տարի հետո սերունդը կսկսի փնտրել ճիշտ ճանապարհը: Եթե այսօր օրենքը չի գերակայում, ուրեմն՝ դու քո հարստության տերը չես: Իրենք դա շատ լավ հասկանում են, սկսում են կծմծել, օրենքն էլ գերակա են դարձնում ուրիշների համար: Իսկ սա տանելու է կլանային կուռ համակարգի ստեղծմանը: Ո՞ւր են նրանք, ովքեր ասում էին, թե իրենց դեմ խաղ չկա:

Չկա՞ մի ընդդիմադիր ուժ, որը գոնե որոշ չափով արտահայտում է ժողովրդի շահը:

– Դա հեքիաթ է: Օրինակ, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի մեջ տարբերություն կա՞: Տարբերություն կա, բայց ցինիզմի ու կադրերի մեջ է տարբերությունը: Գաղափարական ի՞նչ տարբերություն կա: Երկուսն էլ ուզում են իշխանության գան, որ ուտեն: Մի երկու ընդդիմադիր ուժեր կան, որ իներցիայով, իրենց նախկին գաղափարախոսությունից դրդված` շարժվում են: Բայց իրենք էլ սոցիալական ապահովություն են ուզում, այն դեպքում, երբ համակարգը կոռումպացված է: Ամեն ինչ սկսվեց 1994 թվականից, իսկ 1995թ. ընտրությունները վերջնականապես ջարդեցին ժողովրդի մեջքը:

– Իսկ ո՞րն է լուծումը:

– Եթե իրենք չլուծեն, ապա լուծումը պայթյունի ձևով գալու է այդ փտող համակարգի ներսից: Պայթյուն է լինելու, զոհերը շատ են լինելու ու հիմնականում՝ այն շրջանում, ում թվում է, թե լավ են ապրում: Ստեղծվելու է լուսավոր ապագայի մասին անհեթեթ մի պատկերացում, որով մի հինգ տարի ապրելու են, որ հետո հայտնվեն ծակ տաշտակի առջև: Իսկ լուծումն օրենքի կիրառումն է: Ես երբեք չեմ տեսել, թե ինչպե՞ս կարելի է մի բիզնեսմենի համար փոխել օրենքը, որպեսզի նրան ձեռնտու լինի: Նման դեպքերը խոսում են իրավիճակը փոխելու ցանկության բացակայության մասին: Ստեղծվել է մի համակարգ, որն ինքն իրեն պետք է մաքրվի:

 

Տեսանյութեր

Լրահոս