«Իրավական պետության նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել». Դիանա Գալոյան

Այսօր առավոտյան Տնտեսագիտական համալսարանի բակում բաց քննարկում էր՝ կապված ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացի ժամանակավոր դադարեցման հետ, մինչև հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը՝ օրենքով սահմանված կարգով նշանակվի։

Քննարկումից հետո Տնտեսագիտական համալսարանի ընտրված, բայց չնշանակված ռեկտորը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, ավելին՝ ասաց, որ քննարկումն ուսանողների համար է հրավիրված եղել և ոչ լուսաբանման:

Մոտ 5 ժամ անց Գալոյանը որոշեց, որ այնուամենայնիվ ասելիք ունի:

Հրավիրված ճեպազրույցում նա արձանագրեց, որ Տնտեսագիտական համալսարանում վերջին օրերին ճգնաժամային իրավիճակ է, իսկ խնդիրը մեկ հարցի հետ է կապված, որ տեղի է ունեցել ռեկտորի մրցույթ, և ընտրության արդյունքները մինչը հիմա չեն հաստատվել:

«Մեզ համար անընդունելի է այս վիճակը, որովհետև պետք է ուշադրություն դարձնել այն հարցին, որ Կառավարության կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը «Կրթության մասին օրենքի» իմպերատիվ պահանջն է, այս պահին առնվազն ձգձգվում է իմպերատիվ պահանջի կատարումը, ինչը բնական է, որ կոլեկտիվում առաջացնում է անհանգստություն, մտահոգություն: Սա այդքան անհանգստացնող չէր լինի, եթե երկու տարի չտևեր: Եղավ մրցույթ, և այդ օրինական արդյունքները չեն հաստատվում Կառավարության կողմից: Դա հարցի մի կողմն է, չի էլ պարզաբանվում, թե ինչո՞ւ չի հաստատվում»,- ասաց Գալոյանը:

Նա նշեց, որ մինչև ուսումնական գործընթացը դադարեցնելու մասին որոշում կայացնելը, ամեն ինչ արել են՝ դիմել են գրավոր, անձամբ են գնացել, սակայն խնդիրը չի լուծվել:

«Այս քայլին գնացել ենք միայն այն պատճառով, որ երկխոսության բոլոր մեթոդները սպառել ենք: Իրավական պետության նման վերաբերմունքը բուհի, կրթության հանդեպ չի կարելի ընդունելի համարել, մյուս կողմից էլ՝ մեզ որոշակիություն է պետք»,- ասաց Գալոյանը:

Տնտեսագիտական համալսարանի ընտրված, բայց չնշանակված ռեկտորի խոսքով՝ մի շարք միջազգային ծրագրերում իրենց բուհը հաղթել է, սակայն գումար տրամադրողները հրաժարվում են պայմանագրեր ստորագրել ժամանակավոր պաշտոնակատարի հետ:

Ըստ Դ․ Գալոյանի՝ այսօրվա ակցիայի նպատակն իրենց ձայնը լսելի դարձնելն էր, ինչն իրենց մոտ ստացվել է:

«Ես կարծում եմ, որ երկարաժամկետ ուսումնական պրոցեսի դադարեցումը պայքարի ընդունելի տարբերակ չէ: Հորդորում եմ վերսկսել ուսումնական գործընթացը»,- ասաց Գալոյանը:

Նա նշեց, որ «Կրթության մասին օրենքի» պահանջի կատարման համար գտնելու են այլ ուղիներ և գործիքակազմ:

«Եթե սա իրավական երկիր է, ապա իրավունքի ուժով պետք է լուծվեն հարցերն օրենսդրական դաշտում»,- ասաց Գալոյանը:

Հարցին, թե այս ընթացքում Կառավարությունից կամ ԿԳՄՍՆ-ից իրենց հետ կապվե՞լ են, Գալոյանը բացասական պատասխան տվեց:

Տեսանյութեր

Լրահոս