Բաժիններ՝

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը կրկին կդրվի աճուրդի

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս»  հյուրանոցի աճուրդը կրկին կսկսվի մեկնարկային կետից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հիշեցնելով, որ նախորդ աճուրդի գործընթացը դադարեցվել էր, քանի որ այնտեղ կորոնավիրուսի համավարակի կոնտակտային անձինք էին տեղակայված:

Հարցին՝ արդյոք գնի վրա չի ազդի, որ այդ հյուրանոցում կորոնավիրուսով վարակված անձիք կամ կոնտակտավոր մարդիկ են եղել, նա նշեց, որ որևէ լուրջ գիտական փաստարկ չի կարող լինել այդ մասին և գնի վրա կարող է ազդել միայն տնտեսական վիճակը ու, առհասարակ, ներդրումների հետաքրքրվածությունը։  Նարեկ Բաբայանն ասաց, որ եթե աճուրդը չկայանա, նախատեսել են գնի իջեցում։ 

«Աճուրդի հանված գույքերի նկատմամբ որոշակի հետաքրքրվածություն եղել է, թեև որոշ մրցույթներ չեն կայացել: Հիմա փորձում ենք հասկանալ խնդիրները, որոնք երեք մասի կարող են բաժանվել՝ իրազեկվածություն, գնի բարձր լինելը ու մի խնդիր կար, որ պարտավորությունների ստանձնման դեպքում պետք է գրավադրված լինի գույքը: Կառավարության այսօրվա որոշմամբ՝ այդտեղ ճկունություն ենք մտցրել ու կարող ենք բանկային երաշխիք կիրառել պարտավորությունների կիրառման համար», -ասաց Բաբայանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս