«Ռուսական վերլուծական կենտրոնը Հայաստանին տվել է բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում». ԱԱԽ քարտուղար
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստում հայտնեց, որ ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «Ցաստը», հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցների վերաբերյալ գնահատական։
Ըստ ԱԱԽ քարտուղարի, ռուսական կենտրոնն իր վերլուծականում համապարփակ ձևով գնահատում է Ռուսաստանի ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ ՀԱՊԿ-ի գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Այնտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ՝ դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,- նշեց Արմեն Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ առաջիկայում Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը և հույս ունի, որ այն կորոնավիրուսի հետ կապված որևէ սահմանափակում չի ունենալու։
«Այդ առումով կարելի է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում, և մենք շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել։ Արդեն ասացի, որ ԵՄ-ն, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները մեզ համար շատ կարևոր գործընկերներ են, և մենք բնականորեն զարգացնում ենք հարաբերությունները մեր գործընկերների հետ։ Նաև՝ ԵԱՏՄ շրջանակներում առաջիկայում Երևանում սպասվելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ նույնպես մենք շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք, նաև Վրաստանի հետ մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են։
Մենք հետևողականորեն արտաքին քաղաքականության մասին ունենք մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը, գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք։ Դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություններ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։