Պետգնումների ոլորտում վերջին բացահայտումները ՀՀ «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» վրա գրեթե չեն ազդի
«Եթե ազդի էլ, ապա դա կլինի աննշան ազդեցություն»,-168.am-ի հետ զրույցում ասել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Պետական գնումների համակարգում, դեղորայքի շուկայում և այլ ոլորտներում վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով բացահայտումներ են լինում։ Իշխանությունները փորձում են ապացուցել, որ իրոք պայքարում են կոռուպցիայի և չարաշահումների դեմ։ Արդյո՞ք այդ բացահայտումները վկայում են կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների վճռականության մասին, և ինչպե՞ս կազդեն դրանք «Կոռուպցիայի ընկալման ինդեքս» զեկույցում Հայաստանի գնահատականի վրա (Նշենք, որ Transparency International միջազգային հակակոռուպցիոն կենտրոնն ամեն տարի հրապարակում է «Կոռուպցիայի ընկալման համարաթիվ» զեկույցը։ Հայաստանը 2012թ. զեկույցում 183 երկրների շարքում զբաղեցնում է 129-րդ տեղը։) Այս հարցով 168.am-ը դիմեց Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, ով պատասխանեց. «Եթե ազդի էլ, ապա դա կլինի աննշան ազդեցություն: Կոռուպցիայի դեմ պայքար դա կլինի այն ժամանակ, երբ այդ ամենն արվի հետևողական և անընդհատ, ոչ թե ժամանակ առ ժամանակ»:
Ըստ Վ.Հոկտանյանի, խնդիրներն այդ ոլորտում ավելի շատ են, քան կարելի է պատկերացնել: Հարկավոր է գնահատել՝ որքանո՞վ կամք կա, որպեսզի սկսեն պայքարել կոռուպցիայի դեմ, որքանո՞վ է լուրջ բողոքարկումների գործընթացը, ինչպե՞ս ես կատարվում էլեկտրոնային տարբերակով գնումներն, ու որքանո՞վ է թափանցիկ այդ գործընթացը: «Սրանք շատ լուրջ խնդիրներ են, որոնք մինչև չլուծվեն, մի անգամ ասելով չեն ավարտվի, մյուս տարի նորից կկրկնվի: Կոռուպցիան մի անգամվա ելույթով չի վերանում: Հարկավոր է հետևողականորեն զբաղվել: Խոսքով չես վերացնի այն»,- ասաց Վ.Հոկտանյանը` հավելելով, որ կոռուպցիան տարիներով եղել է ու կա։ Իսկ թե որքանո՞վ է վճռական իշխանությունը դրա դեմ պայքարելու հարցում, այս պահին դժվար է ասել։
Կոնկրետ պետական գնումների և «ատկատների» հետ կապված՝ կենտրոնը վերլուծություն-մոնիտորինգ է կատարել նաև 2008-2009թթ. համար և պարզել, որ «ատկատները» և մյուս խախտումները երևում են դեռ պայմանագրի իրականացման փուլից: Սակայն Հոկտանյանը կարևորում է հատկապես գնումների գործընթացի հետպայմանագրային մասը։ «Դժբախտաբար, մեր կազմակերպությունը փոքրաթիվ աշխատողներ ունի, և, բացի այդ, մենք այդ մանդատը չունենք, որպեսզի հետպայմանագրային զարգացումները մոնիտորինգ անենք, հասկանանք, թե դա ինչպես է իրականացվել»:
ԹԻ կենտրոնի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրենք այժմ աշխատում են 2011-2012թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի վրա, որի արդյունքները շուտով կներկայացնեն հանրությանը: