Հնդկաստանում հայտնել են, թե երբ են սկսելու ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումները
Հնդկաստանի Dr. Reddy`s Laboratories Ltd դեղագործական ընկերությունը կարող է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն սկսել առաջիկա շաբաթներին: Այդ մասին հայտարարել է դեղագործական ծառայությունների գծով ընկերության գլխավոր տնօրեն Դիպակ Սափրան:
«Մենք ցանկանում ենք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հնդկաստանի կարգավորող մարմիններից անհրաժեշտ թույլտվություններն ստանալու դեպքում անցնել առաջին քայլին՝ կլինիկական փորձարկումներն սկսելուն»,-Reuters գործակալությանը հայտարարել է Սափրան:
Նա հավելել է, որ ռուսաստանյան պատվաստանյութի հնդկական փորձարկումներին կմասնակցի մինչեւ 2 հազար մարդ: Հետազոտությունները կանցկացվեն ամբողջ երկրի մի քանի պետական ու մասնավոր հիվանդանոցներում:
Սափրայի խոսքով՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութի չափաբաժինները, որոնք մատակարարվելու են Հնդկաստան, ամենայն հավանականությամբ իրենցից ներկայացնելու են հնդկական եւ ռուսաստանյան արտադրության չափաբաժինների համակցություն:
Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Dr Reddy՚s ընկերությունը շուտով կորոշեն Հնդկաստանում պատվաստանյութի հնարավոր արտադրողներին:
ՌՈՒՆՀ-ում ավելի վաղ հայտնել էին, որ պատվաստանյութի՝ Հնդկաստան մատակարարումները կարող են սկսվել արդեն 2020 թվականի վերջին. Սափրայի կարծիքով, դա մի քանի ամսից ավելի ժամանակ կտեւի:
Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը եւ Dr Reddy՚s ընկերությունը պայմանավորվել էին պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացման շուրջ: Պլանավորվում է, որ տեղական կարգավորողների հավանությունն ստանալուց հետո Հնդկաստան կմատակարարվի 100 միլիոն չափաբաժին:
Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել: Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ. առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել է, որ սեպտեմբերի 9-ից Մոսկվայում պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների շրջանակներում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: