Տիգրան Ուլիխանյանին ՊՎԾ ուղարկելու վերաբերյալ դեռ որոշում չկա

Շաբաթներ առաջ մամուլը գրում էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը շուտով վայր է դնելու մանդատը և գնա գործադիր: Օրերս  լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, միայն ասաց, որ դեռևս հստակ որոշում չկա:

Երեկ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին, պատճառը գործադիրում աշխատանքի անցնելն է:

Ամիսներ առաջ մամուլը նաև գրում էր, որ իշխանական պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նույնպես պետք է վայր դնի մանդատը, քանի որ նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ:

Այսօր 168.am Տիգրան Ուլիխանյանից հետաքրքրվեց՝ ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հետ կապված որոշում արդեն կա՞:

«Դեռևս նման որոշում չկա, պարոն Փամբուխչյանի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ որոշումն արդեն եղել է: Երբ իմ ծառայությունն այլ տեղ տեղափոխելու վերաբերյալ լինի վերջնական որոշում, դրա մասին կհայտարարեմ ու պարզ կասեմ: Այս պահին այդպիսի որոշում չկա»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ օրենսդիրո՞ւմ է իրեն լավ, արդյունավետ զգում, թե՞ ՊՎԾ-ում, որտեղ մի քանի ամիս նախկինում աշխատել է, Տիգրան Ուլիխանյանը պատասխանեց.

«Լավ հարց էր, ես ինձ լավ եմ զգում ՀՀ-ին ծառայելուց: Եթե քաղաքական թիմը նպատակահարմարությունից ելնելով որոշում կայացնի՝ իմ ծառայությունն այլ տեղ իրականացնեմ՝ կմտածեմ և որոշում կկայացնեմ»:

Տեսանյութեր

Լրահոս