Որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․ պարզաբանում է ԱԱՏՄ-ն
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը պարզաբանել է, թե որ դեպքում և ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը:
«Հիմք ընդունելով ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը, ինչպես նաև քաղաքացիներից հաճախակի ստացվող հարցերը, մասնավորապես, գործատուի կողմից աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու առնչությամբ՝ ԱԱՏՄ-ն իրազեկում է՝
Ո՞ր դեպքում եւ ինչպես պետք է իրականացվի աշխատավարձի վերջնահաշվարկը․
- Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ,
- Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում,
- Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
- Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:
Վերջին շուրջ 2 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է մոտ 5 տասնյակ դիմում-բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։
Դիմում-բողոքները եղել են բազմաբնույթ, բայց զգալի մասը վերաբերել է
– հարկադիր պարապուրդին,
– աշխատավարձերը չհաշվարկելուն, չվճարելուն,
– վերջնահաշվարկ չկատարելուն,
– առանց աշխատողների համաձայնության չվճարվող արձակուրդ տրամադրելուն,
– աշխատանքից անհիմն ազատելուն:
Տեսչական մարմնում աշխատանքային իրավունքին առնչվող դիմում-բողոքների հիման վրա հարուցվում են վարչական վարույթներ, որոնց ընթացքում աշխատանքային օրենսդրության խախտումներ արձանագրելու դեպքում դրանք վերացնելու և արդյունքում աշխատողների աշխատանքային խախտված իրավունքները վերականգնելու նպատակով տրվում են կարգադրագրեր»։