«Բազմաթիվ մարդիկ, մտավորականներ ինձ ասում են՝ այ ցավդ տանեմ, բան չենք ուզում խոսել՝ հարձակման ենք ենթարկվում». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ինքը չի հնչեցրել Վանաձորի բալոնների արտադրության գործարարանի մասին հարցը, սակայն իշխանական թևն իրեն է թիրախավորել և սկսել վիրավորանքներ հնչեցնել:
«2017 թվականին հայտարարվեց, որ Վանաձորում հիմնվելու է գազաբալոնների գործարան, նույնն էլ հայտարարվեց 2018 թվականին, ընդ որում, ասացին, որ 30 մլն դոլարի ներդրում է լինելու: Պատկերացնո՞ւմ եք, Վանաձորը ու 30 մլն դոլարի ներդրում, մեր քաղաքի համար դա մոտավորապես կարող էր քիմպրոմի էֆեկտը տար: Բոլորս սպասել ենք այդ ներդրմանը, վարչապետը գնացել ու մասնակցել է գործարանի բացմանը, որի վերաբերյալ կան բազմաթիվ ռեպորտաժներ: Մեր պատգամավորը վարչապետին հարցրեց, թե ինչ է եղել այդ գործարանը, թե՞ այն հերթական հայտարարություններից էր, ու բան էլ չկա: Վարչապետը չի հիշում, մենք էլ հիշեցնում եք, որ ներկա է եղել: Այս ամենից հետո վարչապետին պատկանող լրատվամիջոցը գնացել է Վանաձոր, գործարանի տնօրենը կազմակերպել է ասուլիս ու վիրավորական արտահայտություններ թույլ տվել իմ և իմ խմբակցության պատգամավորների հասցեին: Ես ու կինս լրատվամիջոց չունենք, որ լրագրողին ինչ-որ տեղ ուղարկենք ու վիրավորանքներ պատվիրենք ինչ-որ անձի հասցեին: Այս անմակարդակ պահվածքից հոգել ենք արդեն, էլ ներվեր չի մնացել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը:
Ըստ նրա, ՊԵԿ-ի տվյալներով՝ ստուգել են, որ գործարանի հետ կապված սկզբից խոստացել են 80 աշխատատեղի բացում, սակայն գործարանն այսօր ունի ընդամենը 7 աշխատող: Եթե տնօրենին, հաշվապահին և պահակին էլ հանեն, արդյունքում կստացվի, որ 4 մարդ է բալոն արտադրում:
«Բազմաթիվ մարդիկ, մտավորականներ ինձ ասում են՝ այ ցավդ տանեմ, բան չենք ուզում խոսել, որովհետև հարձակման ենք ենթարկվում: Հիմա սա էլ այդ մեթոդներից է, որ մարդկանց բերանը փակեն: Մարդկանց բերանները չեն փակվելու, հարցերը չեն ավարտվելու»,- հավելեց նա:
Անդրադառնալով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին և ԲՀԿ-ի ու իշխանությունների միջև տեղի ունեցող հեռահար վեճին, Էդմոն Մարուքյանը նկատեց. «Ընկերներից մեկը երեկ ասում է, ոնց որ ես դետոնատոր լինեմ, մի բան նախաձեռնում եմ՝ գմփում է: Մենք Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը նախաձեռնել ենք հունիս ամսին, այսօր էլ մամուլում նյութ տեսա, թե իբրև Նիկոլ Փաշինյանն է մեզ հորդորել նման բան անել՝ սուտ է»:
Ինչ վերաբերում է այն իշխանությունների այն հայտարարություններին, որ, եթե պետական ապարատն աշխատեցնեն, ապա ընդդիմադիրները մեկ օրում կկորցնեն իրենց պաշտոնական կնիքները, Էդմոն Մարուքյանը նշեց, որ այդ ամենը դատապարտելի է. «Այստեղ խոսքն ապօրինությունների մասին է, և մարդիկ գլուխ են գովում, որ կարող են ապօրինություններ անել»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետը նշված գործարանի բացմանը մասնակցել է 2018 թվականի դեկտեմբերին:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում