«Լուսավոր»-ի «перехват» օպերացիան տապալվեց

Անքննելի է այն փաստը, որ յուրաքանչյուր պետության համար առանցքային և ֆունդամենտալ նշանակություն ունեցող ոլորտներից մեկը կրթությունն է, քանի որ այն ամենաուղղակի ու անմիջական ձևով ազդում է հանրության ամենախոցելի ու զգայուն խմբի վրա։ Հետևաբար՝ շատ կարևոր է պետության ներսում տարվող ճիշտ ու ռացիոնալ հիմքերի վրա դրված կրթական քաղաքականությունն ու մշակված տեսլականը, թե տվյալ շրջափուլում ինչպես է ընթանում երկիրը, և ինչպես են տվյալ ոլորտի պատասխանատուները դիմակայում գոյություն ունեցող մարտահրավերներին։

Վերջին երկուսուկես տարիների ընթացքում շատ է խոսվել Հայաստանում կրթության ոլորտում տիրող անկառավարելի ու բարձիթողի վիճակի մասին, տարբեր առիթներով նշվել է, թե որքան ապիկար է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարը, ով իր կառավարման ընթացքում ամբողջովին տապալել է իրեն վստահված բոլոր ոլորտները։

Այն փաստը, որ Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իր ենթակայության տակ գտնվող ոլորտին՝ քննարկման ենթակա չէ․ իրականում առկա խնդիրները բազմաբովանդակ ու բազմապրոֆիլ են, որոնք հասարակության համար ունեն՝ առանցքային, իսկ պետության համար՝ անվտանգային նշանակություն։ Տևական ժամանակ է՝ տարբեր մասնագետներ և ոլորտի ներկայացուցիչներ բարձրաձայնում են Հարությունյանի խայտառակ վատ կառավարման մասին, ավելին, ամիսներ շարունակ քաղաքական շրջանակներից հնարավոր բոլոր առիթների դեպքում պահանջվում է նրա հրաժարականը։

Երեկ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության կողմից հարցապնդում էր ներկայացվել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարի հրաժարականը: Նախատեսվում էր, որ ականատես կլինենք բուռն և փաստարկված քննարկման, որն ամբողջովին ցույց կտա Հարությունյանի անմեղսունակությունը, սակայն տեղի ուենցավ տրամագծորեն հակառակը։

Նախ ընթացող հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանի ցինիկ ու արհամարհական պահվածքից ու հնչեցրած ոչ կոռեկտ ձևակերպումներից հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ նա արժանի չէ այդ պաշտոնին, չի տիրապետում առհասարակ ոլորտի խնդիրներին։

Ըստ էության Արայիկ Հարությունյանի «տերը» փաստացի հանդիսանում է Նիկոլ Փաշինյանը, և, համապատասխանաբար, նա կատարում է «շեֆի» ցուցումները։ Հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանն իր խոսքում բացահայտ կերպով ակնարկեց, որ ինքը հանդիսանում է «հեղափոխության առաջնորդներից» մեկը, որից մի  կարևոր եզրահանգում կարելի է անել․ Հարությունյանը, քանի որ իշխանության է եկել Փաշինյանի հետ, նրանք միասին էլ պետք է հեռանան, և հատվածական ու լոկալ պայքարը ՀՀ-ում ոչ մի էական դրական արդյունքի չի հանգեցնի։

Տեղի ունեցած քննարկման մյուս կարևոր առանձնահատկությունն այն էր, որ ԼՀԿ-ն այս «ռաունդին» պատշաճ չէր պատրաստվել և մի տեսակ հախուռն ու «на ура» մտել էր թեմայի մեջ։ Չենք ցանկանա այնպիսի դատողությունների հանգել, թե այս օրակարգը տվյալ քաղաքական ուժի կողմից հատուկ էին տարել խորհրդարան և նման անփառունակ կերպով ներկայացրել, ուղղակի փաստ էր այն, որ «Լուսավոր»-ի փաստարկներն ու որդեգրած կեցվածքն ակնհայտ թույլ էին, ինչ-որ տեղ՝ նաև անբովանդակ։  Ակնհայտ էր, որ ոլորտային խնդիրների տեսակետից, հռետորաբանության ու քաղաքական էներգետիկայի տեսակետից «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությունը կատարյալ ձախողված մի ակցիա էր։

Նախաձեռնության թույլ լինելն ու անկազմակերպ լինելը նկատելի էր նաև նրանց կոչով ԱԺ-ի դիմաց հավաքված սակավաթիվ ակցիայի մասնակիցներից, որոնց թիվը չէր անցնում երկու տասնյակը։ Հասարակության լայն շերտերին քիչ հայտնի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի՝ օրերս կազմակերպած հանրահավաք-երթում ավելի շատ մարդ կար, քան ԱԺ-ում ներկայացված «Լուսավոր Հայաստան»  կուսակցության ակցիայի ընթացքում:

Փաստն այն է, որ ԼՀԿ-ն այս հարցի շուրջ չկարողացավ մոբիլիզացնել համապատասխան քանակի մարդկանց։ Այնքան անկազմակերպ, որ այդ փաստը խորհրդարանի դահլիճում դարձավ քաղաքական շահարկման թեմա, և այս մասին պարզ տեսքով խոսեց նաև իշխանության ներկայացուցիչը։

Այստեղ կարևոր է առանձնացնել մի շատ նուրբ դրվագ․ ըստ էության՝ «Լուսավորը» հույս ուներ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդման ֆոնին իր այդ նախաձեռնությանը կմիանան նաև Հարությունյանի հրաժարականը պահանջող այլ հասարակական-քաղաքական շրջանակներ ևս։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այդ խմբերն ամիսներ շարունակ  ինչ լծված են Հարությունյանի հրաժարականի պահանջին և տարբեր տիպի զանգվածային միջոցառումներ ու ակցիաներ են իրականացրել, որոնց ԼՀԿ-ն ոչ մի ձևով չի արձագանքել։

Այնպես որ,  Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման «перехват» անելու ԼՀԿ-ի օպերացիան նույնպես տապալվեց․ այդ մարդիկ չհավատացին ԼՀԿ-ի ազնիվ մղումներին և չաջակցեցին ԱԺ դահլիճից դուրս իրականացվող բողոքի ակցիային։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս