«ԿԳՄՍ նախարարը պատմության մեջ մնալու է միակ նախարարը, ով հպարտությամբ իր աշխատասենյակում ընդունում էր տրանսգենդերի». Իվետա Տոնոյան

Այսօր խորհրդարանում ԼՀԿ-ի նախաձեռնած ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու հարցապնդման ժամանակ Արայիկ Հարությունյանը դիմելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց. «Գիտեք այս չափորոշիչներն ինչի մասին է, այս չափորոշիչներն ապագայում մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում օտարի նկատմամբ չի լինելու սեռական բռնություն»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Ընդդիմադիր պատգամավորները նախարարի խոսքն ընդհատեցին՝ հարվածելով սեղաններին, որից հետո էլ հանդես եկան ճեպազրույցով և հայտարարեցին, որ բոյկոտում են Կառավարության հետ հարցուպատասխանը:

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ նախարարի ելույթն անբարո ձևակերպումներով ելույթ էր, որը չի տեղավորվում որևէ բանականության մեջ:

«Սա Ազգային ժողով է, և խորհրդարանի ընդդիմադիր ուժերն ունեն իրավունք իրենց իրավունքներն իրացնելու: Այստեղ տեղի էր ունենում հարցապնդում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի հետ կապված, պարզ երևում էր, որ ընդդիմության հարցերը, թեզերը նախարարին հունից հանեցին և տարան անպատասխանատու հայտարարություններ անելու»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղն առավոտյան նախարարի ներկայությամբ ԱԺ նիստերի դահլիճում ևս մեկ անգամ իրենց դիրքորոշումը կարտահայտեն:
Նա նաև վստահեցրեց՝ չի հաջողվելու, որպեսզի խորհրդարան բերեն կեղծ օրակարգ:

«Միանշանակ այս նախարարն անելիքներ չունի»,- հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ ասաց, որ իրենց համար անընդունելի է նախարար Հարությունյանի հնչեցրած գնահատականները, անգամ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին բարձրաձայնել է, սակայն երբևէ կոռեկտության սահմանը չի անցել:

«Ինչ-որ տարօրինակ ակնարկներով համեմված ելույթներ ունենալու փոխարեն, ես վստահաբար կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է որպես միակ նախարարը, ով հպարտությամբ իր աշխատասենյակում ընդունում էր տրանսգենդերի, որի վերաբերյալ նախարարության պաշտոնական կայքում տեղեկատվություն էր տարածվում: Հանդիպումից հետո նույն տրանսգենդերը հայտարարում էր, թե բավարարված է նախարարի հետ հանդիպումից: Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա նախարար, որը «Եկեղեցու պատմություն» առարկան վերացրեց կրթական ծրագրերից»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս