Բաժիններ՝

Հուլիսյան գործողություններից հետո հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են. ՊՆ

Հուլիսյան գործողություններից հետո տվյալ ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ԱԺ-ում կառաավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

Հայրապետյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում զինծառայող է զոհվել, հետաքրքրվեց սահմանային իրավիճակով:

«Հուլիսյան գործողությունների՝ համեմատաբար դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները գրեթե կրկնակի ավելացել են: Հույս ունենք, որ մեր Զինված ուժերի համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու բանակցային գործընթացին»,-ասաց Տոնոյանն ու համոզմունք հայտնեց, որ պատասխան գործողությունները համարժեք են:

Նախարարը նշեց նաև, որ ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ փորձելով չեզոքացնել հայկական կողմի դիրքապահների և դիրքերի գերակայությունը և առավելությունը: «Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը տեղեկացված է, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, ունենք զոհ: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է, այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,-ասաց Տոնոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս