«Թիրախավորել են գործընկերոջս». Մխիթար Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գործունեության հետ կապված քննադատություններին և խոսակցություններին:
Նրա խոսքով՝ կրթական բարեփոխումները երբեք որևէ երկրում հեշտությամբ չեն տրվել, բնական է, որ լինում է աղմուկ, բայց շատ կարևոր է, որ խոսեն բովանդակությունից, ասելիքը վերաբերի բացառապես բովանդակությանը:
Ըստ նրա, մեկ անգամ չէ ոլորտը քննադատողներին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներին և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, հրապարակային հրավիրել բանավեճի, սակայն մինչ օրս պատասխան չկա։
«Շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից, որ մեր քաղաքական թիմը գնում է դժվարին ճանապարհով՝ ռեֆորմների, ու թիրախավորել են գործընկերոջս, բայց մոռացել են, որ պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի իմ, մեր հանձնաժողովի, բնականաբար, խմբակցության լիակատար աջակցությունը: Մենք մեր մասով առավելագույնն անելու ենք, որպեսզի առողջ քննադատությունն առավելապես լսելի լինի կառավարության համար, մենք այն խողովակներից ենք, որ այդ ասելիքը մշտապես հասցնում ենք տեղ»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: