«Չի բացառվում, որ Արմեն Փամբուխչյանը գնա գործադիր»․ Լիլիթ Մակունց
Տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ևս վայր է դնելու պատգամավորական մանդատը և գնալու է գործադիրում աշխատելու:
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով այս լուրերին՝ ասաց. «Նման քննարկում եղել է, բայց ես կառաջարկեմ մի փոքր սպասել, իրադարձությունից առաջ չընկնել: Եթե որոշում կայացվի, հանրությանը կտեղեկացնենք: Չի բացառվում»:
168.am-ի հարցին՝ Արմեն Փամբուխչյա՞նն է առաջարկել գործադիր գնալ, թե՞ խմբակցությունն է այդպես որոշել, Լիլիթ Մակունցը հորդորեց սպասել:
Անդրադառնալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարծիքին՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի գործունեության հետ, և հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ կարծիքն իրենց ընտրության վրա ազդի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ կարծիքը յուրաքանչյուր պատգամավորի համար է, հետևաբար, պատգամավորները կորոշեն, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական կարծիքն ինչ կարգով է ազդելու իրենց քվեարկության վրա:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ պետք է հանրությունը վստահի Խունդկարյանին՝ որպես ՍԴ դատավոր, եթե նա ասոցիացվում է նախկին ռեժիմի հետ, նոր կադրեր չկայի՞ն, Լիլիթ Մակունցը նշեց․
«Կառաջարկեմ՝ սպասենք քվեարկությունների արդյունքներին: Ընդհանուր առմամբ ԱԺ-ում այսօր կար մի քանի մոտեցում, որի հետ կապված իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանը նշեց: Այդ մոտեցումները երեքն են․ առաջինը՝ ընդհանրապես որևէ կերպ առնչություն չունենալ ՍԴ նորացման գործընթացին, մեր կարծիքով՝ հենց այդպիսի դիրքորոշում են որդեգրել «Լուսավոր Հայաստան» և ԲՀԿ խմբակցությունները: Կա նաև տեսակետ, օրինակ, Արման Բաբաջանյանի կողմից, նաև արտախորհրդարանական առանձին գործիչների կողմից, որ պետք է կա՛մ մեր սիրելիները լինեն, կա՛մ պետք է ոչ ոք չլինի, և երրորդն այն է, որ գոյություն ունեցող դատական համակարգից հասկանանք՝ արդյոք մենք մերժո՞ւմ ենք բոլոր դատավորներին, թե՞ ոչ»: