Կորոնավիրուսի դեմ պայքարը կվերածվի տուգանքի գանձման գործընթացի. Նորիկյան․ «Փաստինֆո»
Սեպտեմբերի 4-ին ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական փաթեթով այսօրվանից՝ սեպտեմբերի 11-ից ՀՀ-ում արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով։ Փաստաբան Նորայր Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հաշվով փոփոխություններ չկան, պարզապես, զգուշության էլեմենտներ է տեսնում։
«Բոլոր դեպքում հայեցողական իրավասություններ են վերապահվում որոշակի մարմիններին՝ կառավարությանը, Երևանի քաղաքապետին, մարզպետներին։ Անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել «Արտակարգ իրավիճակներում բնակչության մասին» օրենքի և «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային ապահովման մասին» օրենքի դրույթները»,-ասաց Նորիկյանը՝ ընդգծելով, որ խնդիրն արդյունավետության մեջ է՝ անկախ կիրառվող գործիքակազմից։ Հարցն այն է՝ թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում հնարավորություն ունեցե՞լ ենք լիարժեքորեն օգտագործել գործող օրենքները եւ, դրանք լավագույնս կիրառելով, հնարավորինս մեղմացնել կորոնավիրուսի բերած չարիքը։
Ըստ Նորիկյանի՝ գլոբալ փոփոխություններ չեն արվել, ըստ էության, գործող իրավակարգավորումները արտակարգ դրություն հայտարարելուց կամ պարետի կողմից կայացված որոշումները «քոփի փաստ» է արվել և տեղայնացվել է այլ օրենքներում՝ դրանց տալով հայեցողական կիրառման հնարավորություն՝ պատուհան։
«Այս օրենքներն ընդունելով՝ ևս մեկ անգամ գալիս ենք այն համոզման, որ արտակարգ դրություն հայտարարելն ընդհանրապես տվյալ իրավիճակը հաղթահարելու կամ տվյալ իրավիճակի դեմ պայքարելու լավագույն միջոցը չէր։ Մարտ ամսին կարող էին այս փոփոխությունները կատարել, առավել ևս, երբ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը հստակ հնարավորություն տալիս էին թե՛ կարանտին հայտարարելու, թե՛ համավարակի տարածքում աղետի գոտի հայտարարելու և լիարժեք պայքարելու։ ՀՀ-ն ուներ համապատասխան իրավական կառուցակարգերն այդ համավարակի դեմ պայքարելու համար, պարզապես ընտրել էին այդ տարբերակը։ Կարծում եմ՝ ընդամենը պարետատան որոշումներն իր որոշակի առանձնահատկություններով տեղակայվել են այս օրենքների մեջ»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով օրենսդրական փոփոխություններով սահմանված՝ տուգանքների գանձման խստացումներին և բողոքարկման ժամկետների կրճատմանը՝ Նորիկյանը նշեց, որ նախ և առաջ պետք է ստուգվեն օրենքներում ներկայացված սահմանափակումների՝ Սահմանադրությանը համապատասխանելիության հարցը, իսկ ինչ վերաբերում է տուգանքներին, ապա փաստաբանը ցավով արձանագրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում տուգանքներն առաջին պլան մղելը որևէ լավ բանի չի հանգեցնի, վատ նախադեպ կլինի, առավել ևս, երբ բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ սահմանափակվելու է ժամկետները։
«Նկատի ունենալով նաև հանրային իրավագիտակցության մակարդակի հանգամանքը, մարդկանց իրավաբանական օգնություն ստանալու մատչելիության խնդիրը, նաև ֆինանսական դժվարությունները, սա լուրջ խնդիր է առաջ բերելու։ Օրենսդիրը կամ ընդհանրապես քաղաքական իշխանությունն այս խնդիրը քննարկելիս չպետք է առաջնահերթությունը տար տուգանքի ինստիտուտով հանրության վարքագիծը ձևավորելուն։ Ընդհակառակը՝ քարոզչական, տեղեկատվական, ուսուցողական, ռեալ վտանգները հանրությանը ներկայացնելու միջոցով պետք է հանրային դաշտում ձևավորվեր ընդհանուր իմունիտետ, դիմադրողականության համակարգ, ոչ թե տուգանքով՝ վախի մթնոլորտում ստեղծել նման միջոց »,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դրանք վերջնարդյունքում խոսում են մարդու իրավունքների իրացման սահմանափակման մասին։
Փաստաբան Նորայր Նորեկյանը բողոքարկումների տոկոսայնության ցածրությունը պայմանավորեց մի կողմից տուգանքների չափի նվազման հետ, այսինքն, փաստաբանի խոսքով, մարդիկ մտածել են՝ ավելի լավ է վճարեն այդ 10.000 ՀՀ դրամն ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, քան՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ մսխել՝ այդ բողոքարկման ճանապարհով գնալու համար, մյուս կողմից էլ՝ եթե մարդիկ համաձայն են եղել իրավախախտման բնույթի և տուգանքի չափի հետ, կատարել են վճարումը։ Փաստաբանը շեշտադրեց այն հանգամանքը, որ ոչ թե քաղաքացիները համաձայն են եղել տուգանքի բնույթի հետ, այլ՝ փորձել են գլուխներն ազատել ավելորդ գլխացավանքից՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: