Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում ծանոթացավ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, Հին Գորիսի վերականգնման ընթացքին։
Նրան ուղեկցում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Փաշինյանը հայտնեց, որ քաղաքի դիտակետի հարակից տարածքը նախկինում շինարարական աղբավայր է եղել և վերակառուցվելուց հետո այն հավակնում է դառնալ քաղաքի գրավիչ վայրերից մեկը։
Նախագիծն իրականացվում է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։
«Գորիսի կենտրոնի կոյուղագծերը փոխվում է, քաղաքում նոր հյուրանոցներ են կառուցվում»,- տեղեկացրեց Առուշանյանը:
ՀՀ վարչապետն էլ նշեց, որ զբոսաշրջության ակտիվացման հետ մեկտեղ պետք է մարդկանց քաջալերել իրենց դարպասներն օրինակ փայտից սարքել, քանի որ դա ավելի հետաքրքիր երանգ է հաղորդում քաղաքին:
Նիկոլ Փաշինյանը նաև շրջեց Հին Գորիս պատմամշակութային կենտրոնով, այնտեղ նույնպես ծանոթացավ կատարված և կատարվող աշխատանքներին: