«Եկել եմ այն եզրահանգման, որ գումարով «սպառնալը» կարող է իր ազդեցությունն ունենալ». Ալեն Սիմոնյանը՝ հեղինակած նախագծի մասին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություններ կատարել  ՀՀ քաղաքացիական օրենսգրքում։ Համապատասխան առաջարկն օրենքի նախագծի  տեսքով նա ներկայացրել է Պետաիրավական հանձնաժողովին։

Առաջարկվող նախագիծը վիրաբերում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։

ԱԺ փոխնախագահն առաջարկում է վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափերը մեծացնել՝ հասցնելով համապատասխանաբար մինչև 5 և 10 մլն դրամի, սակայն այդ ամենը թողնելով դատարանի որոշմանը։

Հանձնաժողովի անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ կիսում է Ալեն Սիմոնյանի և մյուս գործընկերների կարծիքները, որ այսօր իրավիճակը մոտենում է  ծայրահեղ լարված վիճակի։

«Այս ատելության մթնոլորտով հիմա ես էլ հայց եմ ներկայացրել մեկ այլ լրատվամիջոցի դեմ, ով իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն էր տարածել։ Ըստ էության սա բոլորիս է վերաբերում, և նման թեմայի շուրջ անընդհատ խոսելն առնվազն անհրաժեշտություն է։ Երկու հարց ունեմ՝ ես էլ, Դուք էլ իրավաբան ենք և շատ լավ գիտենք, որ իրավական գործիքներով նման երևույթներով պայքարելը այդքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտ է նաև սոցիալական այլ գործիքների օգտագործում՝ սկսած բարոյահոգեբանական մթնոլորտի ավելի բարենպաստ միջավայր դարձնելով և այլն։ Եթե միայն իրավական գործիքներն աշխատեցնենք և մնացածի մասին մոռանանք, կարծես թե խնդիրը չի լուծվի։ Դուք սոցիալական ի՞նչ գործիքներ եք տեսնում, որ սրան զուգահեռ՝ կարելի է  օգտագործել այդ խնդիրը լուծելու համար։ Եվրոպական դատարանի մասին խոսք եղավ, օրինակ, Եվրոպական դատարանը վերին շեմի մասին չի խոսում, և վերին շեմ, որպես այդպիսին չկա։ Դատարանն ինքն է գնահատում, թե որ դեպքում որքան պետք է սահմանվի։ Երբ վերին շեմ ենք սահմանում, ես ուզում եմ հասկանանք դրա նպատակահարամարությունն ու պատճառաբանությունը»,- նշեց Տարոն Սիմոնյանը։

Մինչև հնչեցրած հարցերին պատասխանելն Ալեն Սիմոնյանը նախ պարզաբանեց, որ ինքը քրեական իրավունքի մասնագետ է և կարող է ասել, որ պատժի հետ կապված չափերը 35-40 տոկոսի դեպքում նաև պատճառ են հանդիսանում կանխելու հանցագործությունները։

«Ցավում եմ, որ մենք բոլորս արդեն համաձայն լինելով, որ նման խնդիր է առկա, մենք պտտվում-պտտվում ենք ու… օրինակ, ես եկել եմ այն եզրահանգման, որ գումարով «սպառնալը» կարող է իր ազդեցությունն ունենալ։ Անկեղծ ասած, բացի մշակույթ զարգացնելուց և սեփական օրինակով ցույց տալուց, չէ՞ որ ես հանդիսանում եմ մարդ, որը բազմաթիվ հարցազրույցներ է տալիս և հրապարակային ելույթներ է ունենում։ Այն նախագիծը վերաբերում է  ոչ միայն իմ մասին գրողներին, այլև ինձ է վերաբերում, ես խոսում եմ բազմաթիվ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների մասին։ Անկեղծ ասած, այս պահին այլ ձև չեմ տեսնում, քան այդ պատասխանատվության աստիճանը բարձրացնելը»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխնախագահի բերած նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն, սակայն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ այն կներկայացվի ոչ թե այս լիագումար նիստում, այլ հաջորդ նիստերից մեկի ժամանակ։

 

Տեսանյութեր

Լրահոս