Բաժիններ՝

«Կողքի գյուղերի բնակիչները, տեսնելով մեր վիճակը, հաց են բերում, ձու, որ ապրենք. խայտառակ վիճակ է». ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում

Հայաստանի մոտ 25 քաղաքացի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, 5 օր է՝ Վերին Լարս անցակետում (ռուս-վրացական սահման) են: Նրանք ցանկանում են սեփական մեքենաներով՝ ցամաքային ճանապարհով, Վրաստանի տարածքով վերադառնալ Հայրենիք: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտից գործում է օտարերկրացիների մուտքի արգելք:

«Մենք սահմանի մոտ էինք, բայց ասացին, որ չի թույլատրվում, ու հիմա Լարսից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չմի գյուղում ենք: Դեսպանատնից ներկայացուցիչներ են եկել, և մեզ ընդամենը մեկ բան են առաջարկել, որի մասին վաղուց գիտեինք՝ ինքնաթիռ և էվակուատոր: Այստեղ հիմնականում այն մարդիկ են, ովքեր ՌԴ-ում կորցրել են իրենց աշխատանքը, մեկը տան վարձը չի կարողացել տալ, մյուսը պարզապես հյուր է եղել, և այլն: Ներկա պահին 25 հոգի ենք՝ 14 մեքենայով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն  Հակոբյանը:

Քաղաքացիներից մեկի՝ Հրաչի փոխանցմամբ էլ, ամբողջ խնդիրն այն է, որ իրենց մոտ գումար չկա:

«Այս պահին գումար չունենք, ու դրա պատճառով ենք այս դրության մեջ հայտնվել: Ես որ ինքնաթիռի գումար ունենայի՝ չէի հասնի այստեղ: Նկատում ենք, որ ոչ ոք չի բանակցում՝ ոչ Հայաստանի կողմից, ոչ Ռուսաստանի: Կողքի գյուղերի բնակիչները, տեսնելով մեր վիճակը, հաց են բերում, ձու, որ ապրենք. խայտառակ վիճակ է»,- նշեց նա:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝  ինչ-որ բանակցություններ վարվո՞ւմ են հարցի լուծման ուղղությամբ, վերջինը պատասխանեց, որ ցամաքային ճանապարհը փակ է, և այդ մասին տեղեկացված են եղել բոլորը:

«Սեփական մեքենաներով Հայաստան ՌԴ-ից գալ հնարավոր չէ, քանի որ գործում է Վրաստանի՝ իր երկրի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը»,- պարզաբանեց ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս