Արման Թաթոյանի դիտողությունները և Նիկոլ Փաշինյանի արձագանքը

Այսօր Կառավարության հերթական նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը  Կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում  է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։

Նախարարն ընդգծեց, որ բազմիցս քննարկել են, որ հնարավոր է՝ լինի մի իրավիճակ, երբ կորոնավիրուսով  վարակվածների թվի նվազումը հնարավորություն տա համաճարակի դեմ պայքարել առանց արտակարգ դրության իրավական ռեժիմ հաստատելու։

Նա նաև ընդգծեց, որ օրենքների փաթեթը համապատասխան ժամկետում ընդունելու դեպքում մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել նախագծերում առաջարկվող միջոցառումներն ու սահմանափակումները։

Սակայն պարզվեց, որ օրենքների փաթեթը ոչ բոլոր գերատեսչություններին են ուղարկել, որպեսզի վերջինները ծանոթանան,  հայտնեն իրենց կարծիքը և առաջարկություններ անելու հնարավորություն ունենան։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարչապետին տեղեկացրեց, որ նախագծի փաթեթը ՄԻՊ գրասենյակ են ուղարկել օգոստոսի 25-ին՝ մեկ օր ժամկետով։

«Սա կարևոր նախագծերի փաթեթ է, կարող եմ ասել՝ նաև սպասված, մարդու իրավունքների բազմաթիվ դրույթներով։ Նախագծերի ամփոփաթերթերից երևում է, որ այն շրջանառվել է դեռևս հունիսին, սակայն մեզ կարծիքի չի ուղարկվել։ Մեզ ուղարկվել է օգոստոսի 25-ին՝ մեկ օր ժամկետով։ Ամեն դեպքում մեկ օրվա ընթացքում 20 էջից ավելի առաջարկներ ենք ներկայացրել։ Այս փաթեթի հետ կապված՝ իրականում կարևոր է, որպեսզի պետությունն ունենա գործիքակազմ՝ պայքարելու համաճարակի դեմ»,- նշեց Արման Թաթոյանը։
Ընդգծելով նախագծի կարևորությունը՝ Արման Թաթոյանը նշեց, որ ուսումնասիրելով այն սահմանափակումները, որոնք նախատեսված են նախագծով, պետական մարմինների լիազորություններն ու հնարավորությունները, կան մտահոգություններ, որոնք վերաբերում են դրանց պրակտիկ կիրառելիությանն ու համաչափությանը։

«Արտակարգ դրության ողջ ընթացքում մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ խնդիրներ են առաջանում ոչ միայն մարդկանց համար, այլև պետական մարմիններն էլ են կանգնում խնդրի առջև, կարող եմ ասել նաև, որ դառնում են այս կարգավորումների իրավական զոհը, քանի որ նրանց համար լինում են ոչ հստակ կարգավորումներ։ Այստեղ մենք նկատառումներ ունենք՝ կապված մեկուսացման և ինքնամեկուսացման խնդիրներին։ Դրանից զատ, սկզբունքային հարց է, որն այդպես էլ չի երևում, կարանտին-արտակարգ իրավիճակ ռեժիմների հարաբերակցությունը, որովհետև արտակարգ իրավիճակի դեպքում սահմանափակումներ նույնպես կան»,- շեշտեց Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանի խոսքից հետո, վարչապետը, դիմելով Ռուստամ Բադասյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, դժգոհեց, որ արդեն մի քանի անգամ է նման դեպք տեղի ունենում, երբ նախագիծը գերատեսչության կարծիքին չեն ուղարկում, կամ ուղարկում են մի քանի ժամով: «Կառավարության նիստում արդեն մի քանի անգամ հնչում է, որ այս կամ այն նախագիծը երեկ չէ, երեկ իրիկունն է  ուղարկվել կարծիքի, սա որքա՞ն է շարունակվելու, լավ»,- ասաց Ն. Փաշինյանը։

Արձագանքելով վարչապետի դիտողությանը՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը նախագիծը կարծիքի ուղարկելու և շրջանառելու գործառույթ չունի. «Այն գերատեսչությունը, որը նախաձեռնում է տվյալ նախագիծը, պարտավոր է կարծիքի ուղարկել ու շրջանառել նախագիծը՝ մինչև վարչապետի աշխատակազմին ներկայացնելը։ Այդուամենայնիվ, ուզում եմ տեղեկացնել, որ նախարարական կոմիտեի օրակարգն ուղարկվում է բոլորին, և այն բաց է»,- նշեց Է. Աղաջանյանը։

Դիմելով Արդարադատության նախարարին, վարչապետը հարցրեց, թե ինչո՞ւ նախագիծը չի ուղարկվել կարծիքի, ինչին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Մինչև վերջին պահը պարզ չի եղել, որ նախարարությունը պետք է զեկուցող լինի»։

Վարչապետը զարմացած հարցրեց. «Դա ի՞նչ կապ ունի, նախագիծը որտե՞ղ է գրվել»։
Ռուստամ Բադասյանը հակիրճ պատասխանեց, որ նախագիծը  հրատապ ռեժիմով են քննարկել։

Վարչապետը կրկին զարմացած հարցրեց. «Հուլիսից մինչև օգոստոս հրատապ ռեժիմո՞վ»։

«Պարոն վարչապետ, մենք նախագիծն ուղակել եք վարչապետի աշխատակազմ, ներկայացրել ենք մեր դիտարկումները, մեր կարծիքն ենք արտահայտել, որ սա առողջապահության բնագավառի նախագիծ է, և մեր դիտարկումներն ուղարկելով՝ խնդրել ենք տեղյակ պահել հետագա ընթացքի մասին։ Դրանից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել, և վերջում իմացել ենք, որ մենք այս հարցով զեկուցող ենք լինելու»,- շեշտեց Ռ. Բադասյանը։

Կառավարության այսօրվա նիստում թեմայի շուրջ պաշտոնյաների պարզաբանումներն ու երկխոսությունը վարչապետ Փաշինյանին հիշեցրին Ֆրանց Կաֆկայի «Դղյակ» անավարտ վեպը,  ու նա  ասաց իր ենթականերին, որ Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել Կառավարության կանոնադրության հավելված. «Եկեք դադարեցնենք, կգնաք կքննարկեք մինչև ստորագրման բերելը։ Մինչև բոլոր շահագրգիռ անձանց հետ չքննարկվի, նախագիծը ստորագրման չբերեք»։

Տեսանյութեր

Լրահոս