«Ձեռքերդ հեռու հայ գրականությունից, հայ գրականությունը դո՛ւք չեք ստեղծել». «Կամք»-ի անդամները՝ նախարարին
«Կամք» նախաձեռնության անդամներն օգոստոսի 24-ի կեսօրին ավտոերթով գնացին ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ, որտեղ կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ պահանջում էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները բեռնատարի վրա աղբաման էին տեղադրել, որի մեջ դրել էին նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը: Նրանք վանկարկում են՝ «Արայիկ, հեռացի՛ր»:
Նախաձեռնության անդամներ փակել էին ճանապարհի երթևեկելի հատվածը, սակայն ոստիկանները նրանց հրելով հեռացրին ճանապարհի այդ հատվածից:
«Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին, բոլորս հավաքվելու ենք այստեղ, թույլ չենք տալու, որ պղծեն մեր դպրոցները, կպնեն մեր երեխաներին, «Լանզարոտե»-ի կոնվենցիան մտցնեն հայկական դպրոցներ՝ մեր երեխեքին այլասերեն, թույլ չենք տալու: Թույլ չենք տալու, որ հայոց եկեղեցու պատմությունը հանեն մեր դպրոցներից, թույլ չենք տալու, որ մեր երեխաներին պարտադրեն դիմակ»,- ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը:
Ոստիկանները բերման ենթարկեցին «Կամք» նախաձեռնության անդամ Տարոն Դավթյանին:
«Սրանք շատ խղճուկ քայլեր են, այսպիսի քայլերով չեն կանգնեցնելու մեզ, մենք պաշտպանելու ենք մեր երեխաներին: Այսօր իմ տղայի հետ եմ եկել այստեղ, որ, եթե ձերբակալելու լինեն, ինձ ու տղայիս իրար հետ ձերբակալեն»,- ասաց Վահագն Չախալյանը:
Նրա խոսքով՝ իրենց պայքարը որևէ կուսակցության հետ կապված չէ, այն միայն ազգային պայքար է:
Ոստիկանությունը ևս 2 քաղաքացու բերման ենթարկեց, հիմնավորելով, թե նրանք հրաժարվել են դիմակ կրել:
Նախաձեռնության անդամները շարունակեցին բողոքի ակցիան նախարարի հրաժարականի պահանջով:
«Ձեռքերդ հեռու մեր կրոնից, ձեռքերդ հեռու հայոց եկեղեցու պատմությունից, ձեռքերդ հեռու հայ գրականությունից, հայ գրականությունը դո՛ւք չեք ստեղծել, դա ձերը չէ՛, դուք իրավունք չունեք կպնել»,- ասաց նախաձեռնության անդամը:
Հիշեցնենք, որ «Կամք» նախաձեռնության անդամները երեկ հաղորդագրություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված է.
«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությունը` մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը և չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձևավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական և հոգևոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել և այլն:
Սկսված պայքարը կշարունակվի մինչև մեր բոլոր պահանջների լիարժեք բավարարումը:
Հարգելի՛ ծնողներ, տատիկնե՛ր ու պապիկնե՛ր, ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր,
2020թ. օգոստոսի 28-ին` առաջիկա ուրբաթ օրը, ժամը 13:00-ին բոլորիդ
հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարարության դիմաց` մասնակցելու մեր բողոքի ցույցին՝
«Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով»: