«Անձնական հարթությունում երեքի հանդեպ էլ ամենայն հարգանքով՝ անկախ նրանից՝ ինչ զարգացումներ են եղել կամ կլինեն». Էդգար Շաթիրյանը՝ ՍԴ դատավորների մասին

Կառավարությունը մի քանի օր ունի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու առաջադրելու համար. հունիսի 26-ից թափուր մնացած 3 դատավորների տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն երկամսյա ժամկետում:

Այս պահին հայտնի է երկու թեկնածուի անուն. Նախագահն առաջադրել է գործող խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի գործող նախագահ Երվանդ Խունդկարյանին:

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում կհանդիպի Էդգար Շաթիրյանի հետ. նա իր համաձայնությունն է տվել՝ որպես Կառավարության թեկնածու առաջադրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

168.amԷդգար Շաթիրյանի հետ զրույցում անդրադարձել է սպասվող հանդիպմանը, ՍԴ-ի շուրջ գործընթացների սահմանադրականության հարցերին.

Լրատվամիջոցներն արդեն նշում են, որ նախնական համաձայնություն եք տվել դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Կառավարության թեկնածուն: Մինչ «Իմ քայլի հետ հանդիպման գնալն արդեն հանդիպում եղե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

– Ոչ, վարչապետի հետ հանդիպում չի եղել։ Ավելին ասեմ՝ եղել է ընդամենը նախնական խոսակցություն, այսինքն՝ որևէ պաշտոնական ընթացակարգ այս պահի դրությամբ չի նախաձեռնվել:

– Նախնական խոսակցություն ո՞ւմ հետ:

– Կարևոր չէ՝ ում հետ, որովհետև, ամեն դեպքում, վերջնարդյունքում առաջարկող սուբյեկտը կառավարությունն է, իսկ կառավարությունը որոշումը կայացնում է կոլեգիալ հիմունքներով:

– Ըստ Ձեզ՝ «Իմ քայլը» Ձեր թեկնածությունը կընդունի՞՝ հաշվի առնելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար «Իմ քայլը»…

– Հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք: Չեմ ուզում ենթադրություններ ու կանխատեսումներ անել, մտնել այդ տիրույթ: Ամեն դեպքում, ես պատրաստ եմ բաց և անկեղծ զրույցի, կներկայացնեմ իմ մոտեցումները, դիրքորոշումները: Ենթադրում եմ՝ հարցեր կլինեն՝ կպատասխանեմ: Արդեն դրանից հետո թող իրենք որոշում կայացնեն:

– Իսկ Ձեր «նեղվածությունը»՝ ԿԿՀ նախագահ չընտրվելու առնչությամբ, անցե՞լ է:

– Գիտեք, ես նաև իմ սոցիալական ցանցում արված գրառման տեքստում հստակ նշել եմ, որ պատճառն այդ մարմնի նախագահ ընտրվելը չէ, այլ է հարցը, որ անկախ նրանից՝ ինչ եմ նշել, ինչ հիմնավորումներ եմ բերել, այո՛, առանձին շրջանակներում այդպիսի տպավորություն և մտայնություն է ստեղծվել, որն առ այսօր չի վերացել:

Պատճառը բացարձակապես դա չէր. ես պարզ տեքստով, բաց տեքստով նշել եմ՝ ինչն էր եղել պատճառը:

Ինձ համար որևէ պաշտոն նշանակություն չունի. առաջին հերթին պետք է գիտակցես քո պատասխանատվությունը:

– Գործընթացի սահմանադրականության հետ խնդիրներ են բարձրաձայնում, արդեն խորհրդարանական երկու ուժեր՝ ԼՀԿ–ն և ԲՀԿ-ն, այս հարցով դիմել են ՍԴ: Դուք սահմանադրականության տեսանկյունից խնդիրներ տեսնո՞ւմ եք, որովհետև սահմանադրագետներն արդեն քանի ամիս բարձրաձայնում են, որ խնդրահարույց է այս գործընթացը:

– Ընդհանուր գծերով եմ տեղյակ, որ դիմել են դատարան, բայց դիմումի բովանդակության մասին տեղեկություն չունեմ, հետևաբար՝ չեմ կարող ասել՝ իրավասության հետ կապված՝ վեճի հարցով են դիմել, ակտի սահմանադրականության հարցով:

Ինչ վերաբերում է ընդհանրապես ՍԴ-ի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցած գործընթացին, ես՝ որպես իրավաբան, իմ կարծիքով, բացառապես մնալով մասնագիտական հարթությունում, հրապարակավ բազմիցս իմ դիրքորոշումները ներկայացրել եմ, այդ թվում՝ Ձեր կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Հիմա այլ հարց է՝ ինչքանով են իմ մոտեցումներն ընդունելի շրջանակների համար՝ դա այլ հարթություն է:

Մեկ տողով նորից կհիշեցնե՞ք Ձեր դիրքորոշման մասին:

– Վստահեցնում եմ՝ դա հնարավոր չէ մեկ տողով, անգամ՝ մի քանի տողով ասել. բազմաշերտ հարց է, յուրաքանչյուր շերտին պետք է առանձին անդրադառնալ:

Ընդամենը փաստել, որ՝ հա, Սահմանադրությունը նախատեսում էր, պետք է դիմեին ՍԴ, չդիմեցին, հետևաբար` պրոցեսը հակասահմանադրական է, կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ: Այն, որ խնդիր կար, որևէ մեկը չի հերքում, համենայն դեպս՝ ես:

– ՍԴ այն դատավորների վերաբերյալ, որոնց փոխարեն արդեն այսօր ընտրություն է սկսվել, դեռ վերջնական վճիռներ չկան, դեռ ՄԻԵԴ-ում քննվում են նրանց գործերը: Եթե այդ դատավորներն իրենց աշխատանքում վերականգնվեն, արդեն ընտրված դատավորներն ի՞նչ պետք է անեն: Կոնկրետ Դուք, եթե ընտրվեք, ի՞նչ պետք է անեք:

– Տեսեք, այդ խնդիրը պետք չէ անձնավորել, որովհետև համակարգային է. նշանակություն չունի՝ պաշտոնապես ինձ կառաջադրե՞ն, թե՞ որևէ այլ սուբյեկտի:

Մի բան ինձ համար փաստ է, որ շատ մեծ բեռ և պատասխանատվություն է վերցնելու այն անձը և անձինք, ովքեր այս պահին առաջադրված են կամ կառաջադրվեն՝ որպես թեկնածուներ, որովհետև սրան նախորդել են որոշակի գործընթացներ վերջին ամիսներին, ամենայն հավանականությամբ՝ նաև կհաջորդեն որոշակի գործընթացներ, այդ թվում՝ միջազգային ատյանում, դատական ատյանում իրավունքների պաշտպանության կտրվածքով:

Բայց մյուս կողմից էլ՝ ունենք այն, ինչ ունենք. այս պահին ես պաշտոնապես ՍԴ թեկնածու էլ առաջադրված չեմ, հակառակ պարագայում՝ ընդհանրապես չէի խոսի, բայց այդ տրամաբանության մեջ չեմ ուզում այդ արտահայտությունն օգտագործել, բայց շարունակ դա կարելի է մարդկանց գլխին որպես սուր ճոճել:

Իսկ անձնական հարթությունում երեքի հանդեպ էլ ամենայն հարգանքով՝ անկախ նրանից՝ ինչ զարգացումներ են եղել կամ կլինեն: Խնդիրն ինձ համար երբեք անձնական հարթությունում չի եղել»:

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օգոստոսի 19-ի երեկոյան դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված «Իմ քայլը» խմբակցության առաջ քաշած օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։

Հիշեցնենք նաև՝ 2019 թ. նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագահ ընտրեց հանձնաժողովում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանին: Հանձնաժողովը ձևավորվել էր ԱԺ-ում. հինգ անդամներից 2-ն ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն են, մեկը՝ իշխող «Իմ քայլի», իսկ մյուս երկուսն իշխանության գործադիր և դատական ճյուղերն են ներկայացնում: Նախագահի պաշտոնի համար ինքնառաջադրվեցին ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանը և իշխող «Իմ քայլի» քվոտայով ընտրված Էդգար Շաթիրյանը։ Ձայների մեծամասնությամբ ընտրվեց Հայկուհի Հարությունյանը, նրան կողմ քվեարկեցին ԲՀԿ-ի, կառավարության և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) քվոտայով ընտրված անդամները:

2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ ստեղծված անվստահության պայմաններում այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա պաշտոնավարումը:

«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։

Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ»,- գրել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս