Կձևավորվի՞ էթիկայի հանձնաժողով, որի մասին խնդրել էր Լարիսա Մինասյանը. Պարզաբանում է ԱԺ նախագահի խորհրդականը
«Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ԱԺ-ում ներքին շրջանառության մեջ է դրվել: Տեղեկությունը 168.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի մասին:
Այս երկխոսությանը հաջորդել էր «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանի նամակը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ նա առաջարկել էր Ալեն Սիմոնյանի արտահայտած մտքերը քննարկման դնել էթիկայի հանձնաժողովում:
«Արդյո՞ք ձևավորվելու է այդ հանձնաժողովը» հարցին ի պատասխան՝ Վահան Կոստանյանը տեղեկացրեց. «Նամակը ստացել ենք, համապատասխան կարգով ընթացք ենք տվել:
ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված է, որ էթիկայի հանձնաժողով ձևավորելու նախաձեռնություն ունեն խմբակցությունները: Համապատասխան կարգով նամակն արդեն ներքին շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում:
Այն գործառույթը, որ մենք՝ որպես ԱԺ նախագահի գրասենյակ, հիմա պիտի իրականացնեինք, դեռ տեղյակ պահելն է ֆրակցիաներին, որ ԱԺ մուտք է արվել նման նամակ, մնացածն արդեն՝ իրենք իրենց դիրքորոշումը կհայտնեն՝ ցանկություն կա՞ ստեղծելու էթիկայի հանձնաժողով, թե՞ ոչ»: