«Շատ լավ կլինի, որ տիկին Լարիսա Մինասյանը նախ հարց տա ինքն իրեն, թե ինչո՞ւ շատ-շատերը հենց այդ կարծիքն ունեն այդ հիմնադրամի գործունեության մասին․․․»․ Սոֆյա Հովսեփյան
Օրեր առաջ ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանը հարցազրույց էր տվել «Հրապարակ» օրաթերթին, որտեղ բավականին կոշտ գնահատականներ էր հնչեցրել Սորոսի և Հայաստանում գործող «Սորոսի» հիմնադրամի մասին:
Հարցին, թե՝ «դուք ի՞նչ կապ ունեք «Սորոսի» հիմադրամի հետ, ասում են՝ Սորոսն է կառավարում այսօր մեր երկիրը, սորոսականներն էլ փայ ունեն ձեր իշխանության մեջ», Ալեն Սիմոնյանը պատասխանել էր․ «Ուրեմն Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմ է, որևիցե մեկը չի կարող ղեկավարել և իշխել կամ որևիցե բան թելադրել։ Էլ չեմ ասում, որ ուզում է՝ Սորոսը լինի, ուզում է՝ Սորոսի հերը լինի․․․»։
Հարցին էլ, թե՝ «Իսկ Սորոսի վաստակնե՞րը», ԱԺ փոխնախագահն այսպես էր պատասխանել․ «Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։ Իսկ էդ Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձեն դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։
Այս երկխոսությունը, թերևս, զայրացրել է «Բաց հասարակության հիմնադրամի» նախագահ Լարիսա Մինասյանին, և նա օգոստոսի 14-ին նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով Ալեն Սիմոնյանի արտահայտած մտքերը քննարկման դնել Էթիկայի հանձնաժողովում:
«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ս․թ․ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ՝ Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը թե իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը»,- գրել է Լարիսա Մինասյանը՝ իր գրավոր խոսքում թույլ տալով կետադրական ու քերականական մի շարք սխալներ և սխալ գրելով հարցազրույցի տպագրության ամսաթիվը։
Ի՞նչ է ստացվում. տարիներ շարունակ Հայաստանում խոսքի ազատության ու ժողովրդավարության մաստեր կլասներ կազմակերպող կառույցը պատգամավորի կարծիքը որոշել է քննարկման առարկա՞ դարձնել:
Ի դեպ, թեմայի վերաբերյալ խորհրդավոր լռություն է պահպանում «Իմ քայլի» այն թևը, որը ժամանակին ակտիվ համագործակցել է «Բաց հասարակության հիմնադրամի» հետ: Նկատենք նաև՝ այս նամակագրությանը դեռևս չի արձագանքել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Իսկ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով Լ․ Մինասյանի նամակին՝ նկատել է. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ՀՀ ժողովրդին և իր կողմից ընտրված իշխանությանը։ Մեեծծ տառերով գրեք դա ձեր գրասենյակի պատին ու մերվեք այդ մտքի հետ։
Սա Հայաստանն է և վերջ»:
Ա. Սիմոնյանի գործընկեր պատգամավորներից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք ԱԺ փոխխոսնակը պետք է ներողություն խնդրի Լարիսա Մինասյանից հարցազրույցում հնչեցրած արտահայտությունների համար, և կամ՝ ճի՞շտ է այս պարագայում էթիկայի հանձնաժողով հրավիրելը, սակայն մեր հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները մեծամասամբ մնացին անպատասխան, եղան նաև այնպիսիք, ովքեր տարբեր պատճառաբանություններով հրաժարվեցին մեկնաբանել հարցը: Այս տեսանկյունից առավել հետաքրքրական էր պատգամավոր Մարիա Կարապետյանի արձագանքը:
Ի պատասխան հարցին, թե՝ արդյո՞ք Ձեր գործընկեր Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Լարիսա Մինասյանից՝ հաշվի առնելով նաև այն, որ Դուք բազմիցս նշել եք քաղհասարակության հանդեպ նման վերաբերմունքի սխալականության մասին, տիկին Կարապետյանը նկատեց, որ մեր լրատվամիջոցի վերաբերյալ ունի վերապահումներ և հարցազրույց չի կարող տալ:
Հարցին, թե ի՞նչ վերապահումներ՝ նա պատասխանեց. «Ատելության խոսքի տեսանկյունից, լրագրողական էթիկայի տեսանկյունից»։ Իսկ երբ խնդրեցինք օրինակներով խոսել՝ նկատելով, որ, եթե վերաբերմունք է ձևավորվել, ուրեմն օրինակներ էլ կլինեն, նա այդպես էլ օրինակներ չառանձնացրեց և չհիշատակեց:
Փաստենք, որ մեր կայքում տեղ գտած որևէ հրապարակման վերաբերյալ ցայսօր այդ կուսակցության որևէ ներկայացուցիչ երբեք հերքում չի պահանջել, արձանագրենք նաև, որ այլակարծության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, խտրականության դեմ պայքարի հարցերում առաջամարտիկ այս պատգամավորուհին դրսևորեց հստակ խտրական վերաբերմունք կոնկրետ լրատվամիջոցի նկատմամբ:
Այս թիմից թեմայի վերաբերյալ այսօր հաջողվեց լսել միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի կարծիքը։ Ի դեպ, նկատենք, որ տիկին Հովսեփյանը հաճախ է խոսում այն հարցերի վերաբերյալ, ինչի շուրջ լռում են իր կուսակից ընկերները:
Հարցին, թե նման կարծիք հայտնելու համար պե՞տք է Էթիկայի հանձնաժողով հրավիրել, և արդյո՞ք Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի, Ս․ Հովսեփյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե պետք է ներողություն խնդրի, և չեմ կարծում, թե որևէ հանձնաժողով պետք է ձևավորվի: Մարդն ունի իր կարծիքը և վերաբերմունքը այդ հիմնադրամի նկատմամբ, և շատ լավ կլինի, որ տիկին Լարիսա Մինասյանը նախ հարց տա ինքն իրեն, թե ինչո՞ւ շատ-շատերը հենց այդ կարծիքն ունեն (միգուցե ոչ այդ բառերով արտահայտվեն կամ ավելի կոշտ արտահայտվեն) այդ հիմնադրամի գործունեության մասին, այդ հարցը տա և վերանայի իրենց մոտեցումները, քան թե դիմի Արարատ Միրզոյանին, որպեսզի պարոն Միրզոյանը էթիկայի հանձնաժողով հրավիրի:
Միանշանակ չեմ կարծում, որ դա այն հարցն է, որի համար պետք է էթիկայի հանձնաժողով հրավիրեն, և ավելին, կարծում եմ, որ տրված ամեն մի մեկնաբանություն չպետք է դառնա էթիկայի հանձնաժողովում քննարկելու մոտեցում»:
Ըստ պատգամավորի՝ Ալեն Սիմոնյանն իր մոտեցումն է ցուցաբերել ՀՀ իշխանության նկատմամբ հասարակության մեջ այն կեղծ ինֆորմացիայի տարածման վերաբերյալ, թե հիմնադրամը վերահսկում է կառավարությունը.
«Հիմնադրամը որևէ կերպ չի կարող վերահսկել և իրավունք էլ չունի վերահսկել, անգամ իրավունք չունի կարծիք հայտնելու, թե ինչպես է ՀՀ-ում իշխանությունը վարվում, ինչպես պետք է արվի և ինչ արվի, իսկ այդ հիմնադրամը մի փոքր ավելին է իր վրա վերցրել, քան իրականում իրավունքներ ունի, այնպես որ՝ լավ կլինի վերանայեն իրենց մոտեցումներն առհասարակ մեր երկրում»:
Մեր հաջորդ հարցին, թե՝ Ձեզ չի՞ խանգարում այն հանգամանքը, որ Դուք 2013-2015թթ.՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հ/կ «Ներառական կրթության դժվարությունները և պատճառները» ծրագրի փորձագետն եք եղել, որովհետև այս մեկնաբանությունից հետո կսկսեն փնտրել իր առնչակցությունն այդ հիմնադրամին, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ իրեն չի խանգարում այդ հանգամանքը, քանի որ ինքը հրավիրված փորձագետ է եղել Արևիկ Անափիոսյանի կազմակերպությունում, իսկ այդ ժամանակ ներառական կրթության մասնագետների քանակը շատ չէր. «Որպես փորձագետ՝ ընդամենն ուսումնասիրել և խնդիրների մասին եմ տեղեկացրել, և, թե ինչպես լուծեն:
Որևէ մեկը որևէ բան չի կարող ասել, որովհետև միշտ զերծ եմ մնացել այդ կազմակերպության հակապետական գործողություններից: Ես իմ մասնագիտական առաքելությունն եմ իրականացրել, և ոչ թե՝ իրենց հակապետական ջրաղացին ջուր եմ լցրել»:
Նկատելով, որ այդ կառույցի հետ որևէ պայմանագիր չի կնքել՝ նա հավելեց, որ ԱԺ-ում դրված իր կենսագրության մեջ միտումնավոր է նշել «Բաց հասարակություններ» հիմնադրամի անունը՝ Արևիկ Անափիոսյանի կազմակերպության փոխարեն. «Իրականում ես կարող էի նշել այն կազմակերպության անունը, որի հետ առնչվել և պայմանագիր եմ կնքել, բայց ես միտումնավոր եմ գրել այս հատվածը, որպեսզի այդ հարցը տան, և ես ասեմ»:
Ըստ Ս. Հովսեփյանի՝ այն մարդիկ, ովքեր աշխատում են ի շահ այս երկրի, իրենց համար էական խնդիր չի՝ այդ անունը գրված է լինելու իրենց կենսագրության մեջ. «Վերջապես շատ մարդիկ կան, ովքեր այդ հիմնադրամի միջոցով բավականին որակյալ ծրագրեր են իրականացրել՝ ի նպաստ մեր ժողովրդի, բայց մեկ կամ երկու աչք փակող ծրագրերը չեն կարող ստվերել այն գործողությունները, այն հակապետական, այսպես ասած՝ ֆինանսավորումները, որոնք եղել են այդ կազմակերպության կողմից»:
Ի դեպ, այսօր պատասխանելով hraparak.am–ի հարցին, թե ինչ կարծիք ունի Լարիսա Մինասյանի արձագանքի վերաբերյալ, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Անտարբեր եմ»։
Հարցին էլ, թե ինքը վիրավորե՞լ է Ջորջ Սորոսին, ինչպես Մինասյանն է պնդում, թե քննադատական խոսք է հնչեցրել, Սիմոնյանը պատասխանել է․ «Եթե Ջորջ Սորոսը դրա մեջ վիրավորանք է տեսում, թող դիմի դատարան»։
Իսկ ինչ վերաբերում է Լ․ Մինասյանի՝ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին, արդյոք նման հարց կա՞ ԱԺ օրակարգում, Ա․ Սիմոնյանն ասել է․
«Նման հարցի քննարկման վերաբերյալ ես տեղեկություն չունեմ, էլ չեմ ասում, որ իրենց գրած նամակի հիման վրա՝ ես ամսի 20-ին եմ այդ հարցազրույցը տալու «Հրապարակ» օրաթերթին, այնպես որ՝ սպասենք ամսի 20-ին»։