Ես ու ԽՍՀՄ-ը

Երկար ժամանակ, հավանաբար, ավելի քան 10 տարի ուզում էի այս մասին գրել, բայց չէի համարձակվում գրել  ինքս իմ դեմ։

Ծնվելով և մեծանալով խորհրդային այլախոհական ընտանիքում, մանկուց ինքս էլ եղել եմ այլախոհ՝  «հակախորհրդային տարր»։ Երկու պապերս, տատս եղել են ստալինյան բռնությունների զոհեր, հայրս և մայրս որբ են մեծացել։ Մանկուց լսել եմ ստալինյան շրջանի սարսափազդու պատմություններ։  Սկսած արդեն  60-ականների վերջերից, թունդ, գաղափարական անկախական էի։ Վիճում, համոզում էի ընկերներիս, ծանոթներիս, այլոց,  որ, եթե Հայաստանը մնար անկախ պետություն, կամ ԽՍՀՄ-ից անկախանա, ինչպիսի մեծ հաջողությունների կհասնի բոլոր բնագավառներում՝ կրթական, գիտական, մշակութային, թե ինչպես է ԽՍՀՄ-ը խոչընդոտում մեր զարգացմանը։ Առավել  քան մեծ կարծիք ունեի մեր ժողովրդի տաղանդի, ձեռներեցության մասին։ Եվ անհանգստանում էի մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության՝ անկախ Հայաստան չերազելու, և հանուն անկախության՝ բանտերում  նստածներին «գժեր»  անվանելու համար։

Պատանի և երիտասարդ ժամանակ վերապահում ունեի  հայկական խորհրդային մշակույթի հանդեպ, համոզված լինելով, որ ազատության դեպքում մեր  մշակույթն աննախադեպ վերելք կունենա։ Երեկոներին ձայնապնակներով և մագնիտոֆոններով լսում էինք Սալվատորե Ադամո, Բիթլզ և այլ արևմտյան կատարողների, արհամարհելով հայկական էստրադան։

1987թ․ համախոհների հետ հիմնադրեցինք «Մաշտոց» միավորումը, որի նպատակն էր՝ պաշտպանել հայոց լեզուն, թույլ չտալ հայ երեխաներին հաճախել ռուսական դպրոցներ, հիմնարկներում գրագրությունը, խանութների ցուցանակները, ապրանքների պիտակները, մշակութային հիմնարկների տոմսերը դարձնել հայերեն։ Այս պայքարը նաև պայքար էր հանուն անկախության, քանի որ համոզված էի և եմ, որ մայրենի լեզվի հանդեպ վերաբերմունքը հենց անխախության ձգտելու ցուցանիշներից է։

Ինչևէ․․․ 1991թ․ սեպտեմբերի  21-ի անկախության հանրաքվեի օրն իսկապես ինձ համար տոն էր։  «Խախտելով» օրենքը՝ բաց քվեարկեցի։ Իհարկե, Հայաստանի անկախությունը բացարձակապես կապ չունի այդ հանրաքվեի հետ։ Հայաստանը, ինչպես  ԽՍՀՄ մյուս բոլոր հանրապետությունները, անկախացավ՝ նույն 1991թ․ դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագրի շնորհիվ։

Մոտավորապես, 1993-94 թվականներից  սկսեցի անհանգստանալ։ Անհանգստությունս կապված չէր Արցախյան պատերազմի հետ։ Այն ոգևորությունը, որ կար 1988թ․ սկսած, համոզված էի, որ հաղթանակելու է։ Դժվար էր, բայց «ըմբռնումով»  էի մոտենում  նաև  մթին ու ցրտին։  Հիասթափությունս մեծ էր իշխանության որակից, արցախյան  շարժման  իմ ընկերների, ովքեր եկել էին իշխանության, ցինիզմից։ Արդեն հստակ էր, որ նրանք մտածում էին ոչ թե Հայոց պետություն ու պետական կառույցներ ստեղծելու, այլ  սեփական իշխանությունն ամրապնդելու և այն վայելելու մասին։

Արդեն սկսել էի կասկածել մեր՝ պետություն ստեղծելու ունակությանը։ Բայց ինքս ինձ փորձում էի մխիթարել, որ այ, գալիք  ընտրություններում իշխանական ուժը կպարտվի և․․․ Եվ այդ և-ին մնացինք սպասող։ Այդպես էլ Հայաստանում չստեղծվեց կայուն պետական համակարգ, իշխանության սահուն փոխանցումով, իր կառույցներով, որոնք պրոֆեսիոնալ, ինքնուրույն աշխատում են իրենց լիազորությունների շրջանակներում։ Նկատի ունեմ առաջին հերթին ողջ դատաիրավական ոլորտը։ Միայն  երկու պետական մարմիններ՝ Սահմանադրական Դատարանը (ՍԴ) և Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) օրենսդրորեն որոշակի անկախության երաշխիքներ ունեն, այն էլ՝ Եվրոպայի Խորհրդին (ԵԽ)  անդամակցության շնորհիվ։  Ինչ վերաբերում է գործադիր իշխանությանը, ապա ոչ մի նախարարություն, իր լիազորությունների շրջանակներում, բացի, թերևս, իր մտերիմներին աշխատանքի դասավորելուց, ինքնուրույն  որոշումներ ընդունելու հնարավորությունից զրկված է եղել և է։ Ցանկացած, ամենահասարակ որոշումը պետք է համաձայնեցնի շեֆի, նախկինում՝  նախագահի, այժմ՝ վարչապետի հետ։

2018թ․ իշխանահեղափոխությունից հետո համակարգը ոչ միայն մնաց նույնը, այլև շեֆի իշխանությունը բոլոր կառույցների նկատմամբ էլ ավելի ուժեղացավ։ Միակ, շեֆի համար կասկածելի կառույցը՝ ՍԴ-ն, ըստ էության, կազմալուծվեց։ Եթե մինչ  նույն 2018թ․ ունեինք միանձնյա, ավտորիտար իշխանություն, այսօր այն ավելի է ամրապնդվել, և արդեն, բացի իշխանական կառույցներից, չունենք որևէ պետական կառույց։ Այս՝ շուրջ 30 տարիների ընթացքում Հայաստանում չձևավորվեց նաև քաղաքական համակարգ, նկատի ունեմ՝ կայացած, գաղափարական կուսակցություններ։ Կարծեմ՝ Հայաստանում գրանցված են ավելի քան 80 կուսակցություններ և դեռ շարունակում են գրանցվել։ Բայց արդյո՞ք դրանք կուսակցություններ են, թե՞ մեկ անձի շուրջ համախմբված մարդիկ, որոնցից շատերը դեգերել են մեկ «կուսակցությունից» մյուսը։

Իսկ այժմ՝ կրթության, գիտության, մշակույթի մասին։ Զարմանալիորեն բոլոր բնագավառներում խոր անկում ունեցանք։ Կրթական մակարդակի շեշտակի անկում, բազմաթիվ երեխաների կրթությունից դուրս մնալ, գյուղական դպրոցների դանդաղ մահ։ Դեռևս գիտական մի քանի ուղղություններ իներցիայով գոյատևում են։ Ինչ վերաբերում է մշակույթին, ապա այդ բնագավառում ունենք բացահայտ ռաբիսացում։ Հիշում եմ  հեռուստատեսային բարձր մակարդակի  ներկայացումները՝   Ռեջինալդ Ռոուզի  «Տասներկու  զայրացած տղամարդիկ», Ֆրիդրիխ Դյուրենմաթի «Վթարը»։ Այժմ, եթե որևէ հեռուստաընկերություն ինչ-որ, այսպես կոչված, «ներկայացում» է բեմադրում, դերասանների  գռեհկաբանությունից և  պարզունակությունից զայրացած՝ արագ փոխում եմ ալիքը։ Երբ լսում եմ ժամանակակից հայկական էստրադա՝ ոչ մեղեդի, ոչ բովանդակություն, նույն ռաբիսը՝  էստրադանման նվագակցությամբ։ Միակ ծաղկող երաժշտական ուղղությունը ռաբիսն է։ Հիշում եմ տարիներ առաջ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, ուր լսել ենք բարձրակարգ դասական երաժշտություն, նաև Շառլ Ազնավուր, Բ․Բ Քինգ և այլ բարձրակարգ կատարողների,  լեփ-լեցուն դահլիճը հիացած  ծափահարում էր ռուսերեն ռաբիսի «աստղ»  ոմն Կարեն Բոքսյանի։ Արմենչիկը՝ Հայաստանի վաստակավոր արտիստ։ Ի՞նչ պատահեց Ռոբերտ Ամիրխանյանի, Առնո Բաբաջանյանի,  Խաչատուր Ավետիսյանի, Կոնստանտին Օրբելյանի և այլոց  հիմնադրած  էստրադայի  դպրոցի հետ։  Ինչ վերաբերում է պետական՝ հայոց լեզվին, ապա, ինչպես ԽՍՀՄ տարիներին, փնտրում ենք տարբեր սողանցքներ՝ երեխաներին խցկելու օտար լեզուներով դասավանդվող դպրոցներ, դրանք կլինեն ռուսական, անգլիական թե չինական։ Իսկ խանութների ցուցանակների, ապրանքների պիտակների մասին չխոսենք, պատկերն ավելի ողբալի է, քան Հայկական ԽՍՀ-ում։

Հիշում եմ, ԽՍՀՄ տարիներին Հայաստանի շատ լերկ սարերում իրականացվում էին անտառապատման աշխատանքներ, Երևանում, Հանքավանում, Ապարանում և այլուր։ Անկախ Հայաստանում՝ համատարած ծառահատումներ, նույնիսկ փայտանյութի արտահանում, անապատացում, բնության աղտոտում։

Իսկ ժողովրդի սոցիալական վիճա՞կը։ Այն տարիներին, իհարկե, որպես այդպիսին, հավասարություն չկար։ Կային ստվերային մեծահարուստներ, բայց և աղքատություն չկար։ Բա առողջապահությո՞ւնը, փող չունես՝ գնա մեռի։

Նույնիսկ հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը, լինելով  թունդ այլախոհ, մի անգամ պատմեց, թե ինչ աղքատություն էր տիրում իր  տեսած 30-ականների  Հայաստանում՝ գետնափոր տներ, համատարած աղքատություն, խեղճ ու կրակ գյուղացիներ։ Եվ  շարունակեց․ «Ինչ ուզում եք՝ ասեք, բայց Սովետը կարողացավ վերացնել աղքատությունը»։ Ես էլ հետը վիճում էի․ «Եթե Սովետը չլիներ, մենք շատ ավելի բարեկեցիկ կապրեինք»։

Մի խոսքով, միամիտիս կարծիքով, անկախությունը հայոց վերածնունդը պետք է լիներ, արդյունքում ունեցանք քայքայված տնտեսություն, կրթություն, գիտություն, մշակույթ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ։

Ընդդիմախոսներս կասեն՝ բա ազատությո՞ւնը։ Այո , ազատությունն ամեն քայլափոխի զգացվում է՝  խեղճ ու կրակ ժողովուրդ, խոշոր գործարարների մոտ շահագործվող, առանց տարրական աշխատանքային իրավունքների պահպանման աշխատողներ, թիկնապահներով  շրջող պաշտոնյաներ։ Էլ  չեմ ասում քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացումների մասին։ Ի դեպ, ԽՍՀՄ-ում լինելով այլախոհ, ինձ թույլ չէին տալիս արտասահման մեկնել, բայց գիտական առաջընթացին ոչ միայն չէին խոչնդոտում, այլև խրախուսում էին։

Իսկ ի՞նչ կլիներ, եթե ԽՍՀՄ-ը չփլուզվեր։ Հաշվի առնելով այն տարիների համատարած ռուսացման միտումը, հավանաբար ՀԽՍՀ-ն տարիների ընթացքում կվերածվեր ռուսացած հանրապետության, արևելա-հայկական կոլորիտով։ Գուցե, հենց ա՞յս է մեր ժողովրդի երազանքը։ Արդյո՞ք  ճիշտ էին հայ կոմունիստները, որ խորհրդային տարիները համարում էին «Հայ ժողովրդի ոսկեդարը»։

Չգիտեմ, բայց եթե իսկապես մենք՝ որպես ազգ, ի վիճակի չենք կառուցելու արդյունավետ զարգացող պետություն, այլ  պետք է որևէ հզոր պետության հովանավորությունը (արևմտամետների համար՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն, ռուսամետների համար՝ Ռուսաստանը), որը  մեզ  ակվարիումի ձկների պես պահի և կերակրի, ես նախընտրում եմ անկախությունը։

Եթե, այնուամենայնիվ, ի վիճակի չենք լինելու փոխել մեր «քարշ գալու» (հորս խոսքերն են) հոգեբանությունը, ապրենք այնպես, ինչին արժանի ենք։ Կկարողանա՞նք թոթափել  քարշ գալու հոգեբանությունը և միասնական ուժերով ձեռնամուխ լինել պետության կառուցմանը։ Հուսանք։ Եթե հաշվի առնենք նաև  Արցախի հիմնախնդիրը, ապա հապաղելու ժամանակ ուղղակի չունենք։

Տեսանյութեր

Լրահոս