Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է «մի քանի վայրկյանով» դիմակ չկրելու համար

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը տուգանվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի մասին հրավիրած ասուլիսի դահլիճ առանց դիմակի մտնելու համար:

«Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով:

Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի խոսնակ Աննա Օհանյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am-ը՝ Տիգրան Խաչատրյանն ասուլիսի սրահում իր դիմակի մասին հիշեց այն ժամանակ, երբ մամուլի խոսնակ Աննա Օհանյանը լրագրողներին խնդրել էր խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Վերջինին նախարարն արձագանքել էր. «Բա ե՞ս»։

Այնուհետև նա դահլիճից դուրս էր եկել և վերադարձել էր դիմակով:

Տեսանյութեր

Լրահոս