Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է ՌԴ թռիչքները
Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին հաղորդել է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
Հաջորդ երկուշաբթի օրվանից փուլ առ փուլ վերսկսվելու են միջազգային թռիչքները Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Համապատասխան որոշումը օգոստոսի 11-ին ընդունել է կորոնավիրուսային վարակի առաջացում եւ տարածում թույլ չտալու գծով միջգերատեսչական հանձնաժողովը՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրադրությունը՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության քարտեզի:
«Դրա հետ մեկտեղ Ռուսաստան թռիչքներ կատարելու համար պահանջվում է ռուսաստանյան կողմի թույլտվությունը»,-նշվում է մամուլի տեղեկագրում:
Չվերթները կատարվելու են օդային հաղորդակցության վերաբերյալ միջկառավարական գործող համաձայնագրերի հիման վրա:
Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունն օտարերկրյա պետությունների հետ՝ կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխելու համար: Առաջին չվերթներն արտասահմանյան երկրներ (բացառությամբ դուրս տանելու) մեկնարկել են օգոստոսի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: