«Դա ուղղակի ցինիզմ էր, նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությունն էր շատ չափավոր…»․ Դանիել Իոաննիսյանը՝ իշխանությունների գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, տարաձայնությունների առիթ է դարձել քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում:
Արձագանքելով քննադատություններին, թե ՀՀ վարչապետը չպետք է շնորհավորեր Բելառուսի նախագահին՝ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը մասնավորապես նշել էր.
«Եկեք չմոռանանք, որ երկրի ղեկավարն ունի գործառույթներ, որոնք շատ են տարբերվում ընդդիմադիր քաղաքական գործչի, լրագրող-հրապարակախոսի, քաղաքագետ-վերլուծաբանի, իրավապաշտպանի, ակտիվիստի գործառույթներից։ Երկրի ղեկավարը, երբ խոսքը գնում է արտաքին հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին առաջնորդվի իր երկրի շահերով, և մնացած ամեն ինչն այդ դեպքում դառնում է երկրորդական։
Եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Լև Դավիդովիչ Տրոցկին չէ։ Ի հեճուկս նրան, թե ինչ են մեր մասին ասում նախկին իշխանավորները և նրանց կողմից կաշառված օտարերկրյա լրատվամիջոցները, մենք երբեք հեղափոխության էքսպորտի խնդիր չենք ունեցել և չենք կարող ունենալ։ Մեր առջև դրված է Հայաստանը ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ երկիր դարձնելու խնդիրը։ Եվ այդ նպատակի իրականացման կարևորագույն բաղադրիչն է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և մեր երկրի անվտանգության ապահովումը։ Եթե այդ ոլորտում տապալվենք, մնացածի մասին կարելի է մոռանալ։ Եվ ուրեմն, եկեք հասկանանք, որ անկախ նրանից, թե մենք ինչ կարծիք ունենք այս կամ այն երկրում տեղի ունեցող ներքին գործընթացների մասին, առաջին հերթին պետք է ղեկավարվենք մեր երկրի շահերով»:
168.am-ը իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանից հետաքրքրվեց՝ համամի՞տ է պատգամավորի դիտարկումների հետ՝ նկատի ունենալով, որ իրավապաշտպանն առաջիններից էր, որ քննադատեց վարչապետին, նա պատասխանեց. «Համամիտ եմ, որ տարբեր է, համամիտ չեմ, որ դա արդարացնում է բռնապետական և ժողովրդավարությունից սարեր-ձորեր հեռու գտնվող երկրների շարքում Հայաստանը դասելը և ակնհայտ կեղծված ընտրությունները լեգիտիմացնող հայտարարություն տարածելը:
Արարատ Միրզոյանն ասում է՝ մենք ժողովրդավարության բաստիոն ենք: Բաստիոնը, ամեն դեպքում, ավելի ռազմական օղակ է, որը ռազմական առումով տվյալ կոնտեքստում վերցրած՝ արժեքները տարածող, այդ արժեքների համար մարտնչող է: Եթե մենք ժողովրդավարության բաստիոնն ենք և աշխարհում ժողովրդավարությունն առաջ տանողն ենք, ապա ինչպե՞ս կարող ենք հայտարարություն տարածել, որով փաստացի արդարացնում ենք խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը, ընտրություն կեղծելը:
Այս հայտարարությունն ապացուցում է, որ մենք ժողովրդավարության, լավագույն դեպքում, կղզյակ ենք, բայց հաստատ բաստիոն չենք, դա՝ մի կողմից, և մյուս կողմից՝ ինձ թվում է՝ ժամանակն է, որ մենք հասկանանք՝ մեզ ձեռք է տալիս շրջապատված լինել ժողովրդավարական երկրներով, ունենալ ժողովրդավարական դաշնակիցներ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում»:
Դիտարկմանը, թե Միքայել Զոլյանն այս թեմայի առնչությամբ նաև նշում էր արտաքին քաղաքականության և անվտանգության կարևորության մասին, Դանիել Իոաննիսյանն արձագանքեց.
«Մենք ուզում ենք խնդիրներ չունենալ Բելառուսի իշխանությա՞ն հետ, թե՞ ժողովրդի հետ. Բելառուսի ժողովուրդն է, որի հետ մենք պետք է ձգտենք ունենալ դաշնակցային հարաբերություններ, ոչ թե իշխանությունները, եթե այդ իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, այդ իշխանությունը չի կարող մեզ դաշնակից լինել:
Եվ այո, շատ կարևոր է ունենալ Բելառուսի հետ լավ հարաբերություններ, բայց ոչ թե Բելառուսի բռնապետի հետ, և, ի վերջո, ոչ մեկին Եվրասիական միությունում այդքան կարևոր չի ունենալ ժողովրդավար Բելառուս, որքան Հայաստանին»:
Հարցին՝ արդյոք այս ուղերձը կասկածի տա՞կ է դնում այն համոզումը, թե 2018 թ.-ից Հայաստանում նոր քաղաքական համակարգ է ձևավորվել, իրավապաշտպանը պատասխանեց.
«Այդ շնորհավորանքը և մի շարք այլ պատմություններ, ինչպիսին է նույն Մաշտոցի պուրակի պատմությունը, այլ պատմություններ, շատ ուժեղ ստվեր են նետում հեղափոխության վրա, և հեղափոխությունն ավելի նմանեցնում են իշխանափոխության»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ, թեև ներկայացնում է քաղհասարկությունը, բայց կարող է հպարտանալ նրանով, որ չկա մի հարց կամ անձ, որի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխած լինի՝ հեղափոխությամբ պայմանավորված, ու կարծում է, որ վարչապետը, եթե տեսակետ է փոխել, պետք է այդ մասին տեղեկացնի ժողովրդին.
«Կներեք, եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ, երբ ինքն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, սխալ բաներ էր ասում, թող ասի՝ ժողովուրդ ջան, կներեք, ես այն ժամանակ չէի հասկանում, սխալ բաներ էի ասում: Քաղաքական գործիչը չի կարող տրամագծորեն կարծիքը փոխել և դա որևիցե կերպ չհիմնավորել»:
Իրավապաշտպանից մեկնաբանություն խնդրեցինք նաև երեկ ԱԺ առջև տեղի ուենցած միջադեպի և օրեր առաջ Կառավարության շենքի առջև իրավապաշտպան Նինա Կարապետյանցին բերման ենթարկելու իրավաչափության վերաբերյալ:
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովի բակից բերման էին ենթարկվել ի պաշտպանություն Ամուլսարի ակցիան իրականացնողները։
Օրեր առաջ էլ Ամուլսարը հանքի չվերածելու պահանջով ՀՀ Կառավարության դիմաց ակցիայի գնացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էր բերման ենթարկվել:
«Թեև մենք սովորաբար հավաքների մոնիտորինգ իրականացնում ենք, բայց մենք ամբողջ օֆիսով արձակուրդում ենք. ես պրոֆեսիոնալ գնահատական չեմ կարող տալ դրան»,- ասաց նա՝ անդրադառնալով ԱԺ առջև տեղի ունեցածին:
Նինա Կարապետյանցի միջադեպին անդրադառնալով էլ՝ Դ. Իոաննիսյանը նշեց.
«Դրա հետ կապված՝ ես ասացի՝ դա ուղղակի ցինիզմ էր, նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը գիտեր, որ իրավապաշտպաններին ձեռք տալ չարժե, իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի, նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությունն էր շատ չափավոր… Ես հիշում եմ, թե ինչպես հեղափոխությունից դեռ տարիներ, ամիսներ առաջ գալիս էին, ցույց էին ցրում, ցույցի ժամանակ նույն ոստիկանները մոտենում էին, ասում էին՝ պարոն Իոաննիսյան, խնդրում եմ… Ես նույնիսկ ինձ վատ էի զգում՝ ասում էի՝ ես ի՞նչ պակաս քաղաքացի եմ, էլի՝ մյուսներին ծեծում են, ինձ ինչի՞ չեն ծեծում:
Կներեք, էլի, միայնակ ցույց անող իրավապաշտպանը, թեկուզ իրավապաշտպան չլիներ, ինչի՞ն էր խանգարում: Ներեցեք, ոստիկանության մասով էլ ենք շատ բան տեսնում, տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանությունը մի հոգու վրա գնում, երբ մի հոգի է կարգը խախտում, իսկ երբ կարգը խախտում են մեծ խումբ մարդիկ, ոստիկանությունը չի ձգում, չի կարողանում: Նինա Կարապետյանցի տեղը որ մի հատ ԲՀԿ-ի ցույց լիներ 300 հոգանոց, չէին կարողանալու հախից գալ, իսկ քանի որ միայնակ Նինա Կարապետյանցը ոչ մեկին չէր վարակում, դիմակ էր կրում, իրեն բերման են ենթարկում: Էդպես չի, էլի»: