Հայաստանի բնակչությունը՝ թվերով
Ժողովրդագրության նկատմամբ 90-ականներից առանձնահատուկ հասարակական ուշադրություն կա: Պատճառը երկրի բնակչության թվաքանակի նվազումն է: Հիմնականում արտագաղթի հետևանքով: Տասնամյակներ շարունակվող արտագաղթը վերջին տարիներին արդեն նոր (մասնագետների կողմից կանխատեսված ու սպասելի) բացասական ժողովրդագրական գործընթացներ արձանագրեց:
Անցած տարի Լոռու մարզում առաջին անգամ բացասական բնական հավելաճ արձանագրվեց: Ավելի պարզ լեզվով ասած՝ այս մարզում 2019-ի ընթացքում արձանագրված մահերի քանակը գերազանցեց ծնունդների թիվը:
Ինչ-որ իմաստով ժողովրդագրության նկատմամբ հասարակական հետաքրքրությունն է պատճառը, որ մեր պաշտոնական վիճակագրությունը տարեկան երկու անգամ հրապարակում է «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը» հաշվետվությունը՝ հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ (կես տարվա կտրվածքով):
«Չկա չարիք առանց բարիքի». պնդում է ժողովրդական ասացվածքը: Ասացվածք, որ կարող ենք համարել մեր ազգային լավատեսության ինքնատիպ բանաձևը:
2020թ. համավարակը ժողովրդագրության ոլորտում պուճուրիկ դրական հետևանք է տվել: Փակ սահմանների ու տեղաշարժերի արգելքի պարագային մեր քանակն ավելացել է: Իսկապես կարելի է դրական փաստ համարել, որ հունվարի 1-ի համեմատ՝ երկրի բնակչության թվաքանակն աճել է 3300-ով: Դրական համարել ու ուրախանալ, որովհետև ժողովրդագրական մյուս տվյալները նման հնարավորություն չեն ընձեռում: Որովհետև այս կիսամյակում կրճատվել է 6 մարզի բնակչության թվաքանակը:
«Առաջամարտիկը», բնականաբար, արտագնա աշխատանքի ու արտագաղթի «էպիկենտրոն» Գեղարքունիքի մարզն է. բնակչությունը կրճատվել է 500-ով: Ապա Սյունիքի ու Տավուշի մարզերն են՝ բնակչության թվաքանակի 400-ական մարդու պակասելու ցուցանիշով:
Լոռու մարզի բնակչությունը պակասել է 300-ով: Այն, որ այս մարզում ժողովրդագրական բացասական գործընթացները շարունակում են մնալ գերիշխող՝ նկատելի է մարզկենտրոնի օրինակով: Վանաձոր քաղաքի բնակչությունը շարունակում է պակասել (առաջին կիսամյակի տվյալը 100 մարդ է): Շիրակի մարզի բնակչությունը նույնպես նվազել է 100 մարդով: Եվս երկու՝ Արագածոտնի ու Վայոց ձորի մարզերի բնակչության թվաքանակը փոփոխություն չի կրել:
Բնակչության քանակի ավելացման ամենամեծ ցուցանիշը՝ 600 մարդ, «բաժին է ընկել» բնակչության քանակով ամենախոշոր մարզին՝ Արմավիրին: Արմավիրի մարզի մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ 263.8 հազար մարդ է:
Երկրորդ խոշոր մարզն Արարատն է՝ 256.6 հազար բնակչություն (ավելացել է 200 մարդով): Երրորդը, որ կիսամյակի ընթացքում բնակչության 300 մարդու աճ է ունեցել, Կոտայքն է (250.9 հազար բնակիչ):
Ահա այսպիսին է մարզերի նկարագիրը:
Ժողովրդագրական ցուցանիշով ամենամեծ աճը բաժին է ընկնում Երևանին: Բայց թվերից ակնհայտ է, որ մայրաքաղաքի աճը միայն բնական հավելաճի արդյունք չէ: Երևանը շարունակում է մնալ ներքին միգրացիայի կենտրոն և շարունակում է մեծանալ մարզային բնակչության միգրացիայի հաշվին: 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մայրաքաղաքի բնակչությունն ավելացել 3900-ով: Եվ այս գործոնը վճռորոշ է դառնում մեր երկրի քաղաքային ու գյուղական բնակավայրերի բնակչության համամասնության մեջ: Այս տարվա առաջին կիսամյակում երկրի գյուղական բնակավայրերի բնակչությունը նվազել 400-ով: Փոխարենը՝ քաղաքային բնակչության թվաքանակն ավելացել 3400-ով: Թվերից ակնհայտ է, որ քաղաքային բնակչության աճի միջին ցուցանիշն ապահովվել է մայրաքաղաքի գործոնով: Մյուս քաղաքների բնակչությունը նվազել է:
Ահա այսպիսին է համավարակի օրերին մեր քանակ-պատկերը թվերով: