ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատարի կարծիքով՝ ԼՂ-ն անորոշ ժամանակով պիտի դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ. ինչ կարող է այն ենթադրել

«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Հոգլանդը ԼՂ խնդրի հետ կապված հայտնել է իր անձնական կարծիքը և նշել, թե չի կարծում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն երբևէ կկարողանա լուծել այն, քանի դեռ հակամարտող կողմերի առաջնորդները չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն:

«Ուստի ո՞րն է մյուս ճանապարհը, երբ մադրիդյան սկզբունքները, Լավրովի ծրագիրը մերժվեցին այս կամ այն կողմից, ես անձամբ կարծում եմ, որ դա պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ: Եվ հետագայում տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, այդ դեպքում երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո, բայց դա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելուց հետո»,- շարունակել է նա:

168.am-ի հետ զրույցում Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանն այս տեսակետի առնչությամբ ասաց, թե կարծում է, որ սա տեղավորվում է փուլային տարբերակի տրամաբանության մեջ, որի հիմնական տարրերից մեկը Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակի տրամադրումն է անվտանգության երաշխիքներով:

«ՄԱԿ-ի պրոտեկտորատը տեսականորեն կարող է լինել նմանատիպ միջանկյալ կարգավիճակ: Չնայած վստահ չեմ՝ կա՞ արդյոք նմանատիպ փորձ՝ այլ հակամարտությունների հետ կապված: Կարծում եմ՝ խոսքը ոչ այնքան ՄԽ-ն լուծարելու և բանակցությունները ՄԱԿ-ի հովանու ներքո նոր ձևաչափով իրականացնելու մասին է, որքան միջանկյալ կարգավիճակի ընթացքում ՄԱԿ-ի պրոտեկտորատի հաստատումը, որը կարող է նաև  լրացվել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահների տեղակայմամբ, որը նույնպես փուլային լուծման տարրերից մեկն է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե որքանո՞վ է Հոգլանդի անձնական կարծիքն իրատեսական, Բենիամին Պողոսյանը պատասխանեց՝ գրեթե զրոյական, քանի որ  փուլային տարբերակի իրականացման որևէ հնարավորություն առայժմ չի տեսնում:

«Դա կարող է տեղի ունենալ միայն Հարավային Կովկասում Ռուսաստան-Թուրքիա փոխպայմանավորվածությունների ձեռքբերման դեպքում: Իսկ այդ ժամանակ, կարծում եմ, ՄԱԿ-ի պրոտեկտորատի մասին և Ռուսաստանը, և Թուրքիան դժվար թե խոսեն: Պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել միայն ռուսական խաղաղապահների տեղակայմանն Ադրբեջանի և  Թուրքիայի համաձայնության դեպքում: Իսկ եթե նաև Հայաստանը համաձայնվի և այն իրականանա, կարելի է փաստացի խոսել ավելի շուտ դե ֆակտո ռուսական պրոտեկտորատի մասին»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս