Հարավային Կորեայում պատմել են «Ռեմդեսիվիր»-ի կողմնակի ազդեցությունների մասին

Հարավային Կորեայում COVID-19-ով վարակված 106 պացիենտներից չորսը, որոնք ընդունել են «Ռեմդեսիվիր» ամերիկյան փորձնական դեղամիջոցը, ունեցել են այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են՝ լյարդի մեծացումը եւ ցանը՝ մաշկի վրա: Այդ մասին Սեուլից հաղորդել է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:

Դեղամիջոցը, որը Gilead Sciences կորպորացիայի կողմից ԱՄՆ-ում մշակվել է էբոլա տենդով հիվանդների համար, հավանության է արժանացել Հարավային Կորեայի կառավարության կողմից՝ փորձելով բուժել COVID-19-ով այն հիվանդներին, որոնք օրհասական վիճակում էին գտնվում հուլիսի սկզբից ի վեր:

Գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի հակահամաճարակային շտաբի ներկայացուցչի խոսքն այն մասին, որ «Ռեմդեսիվիր»-ը տրվել են հիմնականում այն տարեց մարդկանց, որոնք արդեն ունեցել են առաջնային հիվանդություններ:

Ընդ որում, միայն այժմ են Հարավային Կորեայի գիտնականները փորձում հայտնաբերել այդ դեղամիջոցի իրական արդյունվետությունը: Դեղամիջոցն սկզբնական փուլում Gilead Sciences-ի կողմից անվճար տրամադրվել է Հարավային Կորեային, որը պլանավորում է բանակցություններ սկսել «Ռեմդեսիվիր»-ի լրացուցիչ խմբաքանակի գնումների շուրջ:

Ինչպես նշում է «Ռյոնհապ»-ը, Հարավային Կորեայում պացիենտները չպետք է վճարեն այդ պատրաստուկով բուժվելու դիմաց, քանի որ պետությունը ծածկում է նման ծախսերը: COVID-19-ով հիվանդներին այնտեղ նշանակում են «Ռեմդեսիվիր»-ի վեց ամպուլա՝ հինգ օրվա համար, ինչը 2340 դոլար է նստում մեկ մարդու վրա:

Անհրաժեշտության դեպքում դեղամիջոցի ընդունումը երկարացնում են հինգ օրով: Օգոստոսի 4-ին Հարավային Կորեայում հայտնաբերվել է COVID-19-ի 34 նոր դեպք, իսկ վիրուսով ախտահարված բնակիչների թիվն այս երկրում համավարակի սկզբից ի վեր ավելացել է՝ հասնելով 14 հազար 423-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս