«Քաղաքապետարանը աշխատելու, քաղաքն ախտահանելու փոխարեն՝ ծառահատումներ և պոպոք-պնդուկ փարթիներ է անում». Սոնա Աղեկյան

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող ծառահատմանը։

Ըստ նրա, ցավոք, ապօրինությունները շարունակվում են, և Երևանն այսօր անտեր վիճակում է։
«Երևանում գոյություն չունի տեղական ինքնակառավարման մարմին։ Երևանի քաղաքապետարանն աշխատելու, կանաչ տարածքները շատացնելու, քաղաքն ախտահանելու փոխարեն՝ սկսել է իրականացնել ծառահատումներ՝ պոպոք-պնդուկ փարթիներ անել և մեր հանրային կարիքների համար նախատեսված գումարներն ուղղել թանկարժեք սուրճ, պոպոք-պնդուկ, սկյուռիկ կոնֆետներ և այլ բաներ գնելուն։ Սա՝ այն պարագայում, երբ երևանցին ունի հացի խնդիր, իսկ դրան զուգահեռ՝ տեղի են ունենում ծառահատումներ»,- նշեց Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով՝ մարտի 8-ից սկսած քաղաքապետի դերը ստանձնած անձը բացել է ծառերի արմատները և թողել, որ չորանան։ Այսօր էլ հայտարարում են, թե ծառերը չորացել են, և պետք է ծառահատումներ իրականացնեն։

«Մենք հասկանում ենք, որ նրանք ցանկանում են շարունակել նախկինների գործունեությունը և գումար աշխատել։ Ըստ օդում կախված լուրերի՝ Հայկ Մարությանը յուրաքանչյուր ապօրինի շինության թույլտվությունը տալու համար աշխատում է ահռելի գումարներ։ Նաև օդում կախված լուրերի համաձայն՝ Հայկ Մարությանն իր պաշտոնում «պեշկա» է, և քաղաքապետի դերը ստանձնել է նրա ազգությամբ ոչ հայ տիկինը»,- շեշտեց Սոնա Աղեկյանը։

Նա Երևանի ընդդիմադիր ավագանու անդամներին կոչ արեց, որպեսզի քաղաքապետից պահանջեն բյուջեի եռամսյակային հաշվետվությունը, հասկանալու համար, թե նա ինչ ծախսեր է արել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս