«Դիմորդների նկատմամբ կիրառվել է Կառավարության ոչ իրավաչափ որոշում». փաստաբան
Բուհ չընդունված դիմորդների փաստաբանական խումբն այսօր հայց է ներկայացրել Վարչական դատարան: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հետ զրույցում ասաց, որ փոստային ծառայության միջոցով երկու հայցադիմում է մուտքագրվել: Հիշեցնենք՝ մայիսի 21-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն, որն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին, փոխվել է համալսարան ընդունվելու կարգը, ինչի արդյունքում 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ բարձր միավորներ ստացած մի շարք դիմորդներ դուրս են մնացել համալսարանից, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե տվյալ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր:
Փաստաբանը տեղակացրեց նաև հայցադիմումներով ներկայացրած պահանջների որոշ մանրամասներ.
«Հայցերից մեկով պահանջում ենք Կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր: Այս հայցը չի լուծում դիմորդների խնդիրը, սրանով պետությանը, ՀՀ Կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել, և դիմորդների նկատմամբ կիրառվել է Կառավարության ոչ իրավաչափ որոշում: Երկրորդ հայցով մենք պահանջում ենք անհատական մոտեցում բոլոր այն դիմորդների նկատմամբ, ովքեր լիազորել են փաստաբանական թիմին՝ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաև:
Փաստաբանը նշեց, որ յուրաքանչյուր դիմորդի համար դատարանին առանձին պահանջ է ներկայացվել, քանի որ խախտվել են տարբեր իրավունքներ՝ մի մասը, չնայած բարձր միավորին, ընդհանրապես չի ընդունվել, մյուս մասն էլ ընդունվել է մի բաժին կամ բուհ, որը չի ցանկանում: Կոչուբաևի խոսքով՝ իր փաստաբանական թիմին դիմել է շուրջ 100 դիմորդ: Չափահաս դիմորդներն իրենք են լիազորագիր տվել փաստաբաններին, անչափահասների փոխարեն՝ դա արել են ծնողները: Փաստաբանը նկատեց, որ շատերը թերահավատորեն են մոտենում դատարան դիմելու իրենց որոշմանը, քանի որ դատական գործընթացները կարող են երկար տևել, իսկ համալսարանում դասերը սկսվում են սեպտեմբերից: Այս խնդրի լուծման համար փաստաբանական խումբն օգտվել է հայցի ապահովման միջոցի հնարավորությունից:
«Հայցերից մեկով Վարչական դատարանին միջնորդել ենք կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավարոապես հայցը բավարարել, ինչը մեզ հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ, մինչև գործով վերջնական դատական ակտը լինի, կլինի 6 ամիս, կլինի 1 տարի հետո»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ Ալեքսանդր Կոչուբաևն ասել էր, որ դիտարկում են միանգամից ՍԴ և ՄԻԵԴ դիմելու տարբերակը, սակայն, քանի որ այս պահին ՍԴ-ն քվորում չունի, և իրենց գանգատը կարող է մնալ առանց քննության, որոշել են դիմել Վարչական դատարան, ՄԻԵԴ դիմելու համար նրանք ստիպված կլինեն սպառել ներքին բոլոր ատյանները: