
«Պարոն Արայիկ Հարությունյան, Դուք չե՞ք գտնում, որ Ձեր իսկական տեղում չեք գտնվում». Բուհ չընդունված դիմորդի ծնող

«ԿԳՄՍ նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, չի ուզում լուծում տալ մեր զավակների՝ դիմորդների իրավական պահանջին՝ սովորել բուհում». այսօր մամուլի ասուլիսում ասաց դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը և հայտնեց, որ չորեքշաբթի օրը հայց են ներկայացնելու դատարան, սակայն բողոքի ակցիաները չեն դադարեցնելու: Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է, ինչ համալսարան չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում ԳԹԿ-ի, ԱԺ-ի, Կառավարության, ԿԳՄՍ նախարարության, ՄԻՊ գրասենյակի առջև: Նրանք դժգոհում են ԿԳՄՍՆ-ի որդեգրած քաղաքականությունից, որի արդյունքում բարձր ստացած դիմորդները դուրս են մնացել համալսարանից, իսկ 7.5-8 ստացած դիմորդներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին: Մյուս հայտերով ընդունվելու հնարավորություն դիմորդն ունեցել է միայն այն դեպքում, եթե այդ բաժինն առաջին հայտով նշած և դրական միավոր հավաքած բոլոր ուսանողներն ընդունվել են, ու մնացել են թափուր տեղեր:
«Երկուշաբթի օրը ԿԳՄՍՆ-ի մոտ ակցիա ենք կազմակերպելու և պահանջելու ենք նախարարի հետ հանդիպում, շեշտում եմ՝ միմիայն նախարարի հետ, որովհետև, ըստ երևույթին, նախարարը հանձնարարում է փոխնախարար Գրիշա Թամրազյանին, որ նա փորձի մեզ համոզել իրենց տարբերակները»,- ասաց Բաբալյանը:
Դիմորդի ծնողի խոսքով՝ առաջարկվում է դիմորդներին տեղավորել հեռակա բաժիններում, որն առանց նախարարության միջնորդության էլ իրենք կարող են անել, այդ առաջարկն իրենց համար ընդունելի չէ:
«Դառնում ենք մեզ ձեռք առած, ստացվում է, որ մենք լուսնից ենք իջել, ոչ մի բանից տեղյակ չենք, իսկ իրենք փորձում են մեր խնդրին լուծում տալ՝ առաջարկելով հեռակա տարբերակը»,- ասաց Բաբալյանը:
Դիմորդի ծնողը նաև նկատեց, որ Կառավարության կողմից մայիսի 21-ին կայացված որոշումը, որով փոխվում էր ընդունելության կարգը, ուժի մեջ է մտել մայիսի 26-ին, մինչդեռ հայտերի ընդունումը սկսվել է մայիսի 25-ին: Նա նշեց, որ այսկերպ առաջնահերթություն է տրվել ոչ թե գիտելիքին, այլ հայտին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, որը դատարանում ներկայացնելու է չընդունված դիմորդների շահերը, նշեց, որ քննարկվել են խնդրի լուծման այնպիսի տարբերակներ, որոնք չեն վնասի արդեն ընդունված դիմորդներին:
«Եթե ընդունենք, որ մայիսի 25-ին ընդունվել է որոշումը, առնվազն մայիսի 26-ին է այդ փաստաթուղթն ուժի մեջ մտել, ինչը նշանակում է, որ այն հետադարձության հետ կապված խնդիրներ ունի: Կառավարության ընդունած որոշումը, չեմ կարող ասել, իրավական անգրագիտությա՞ն, թե՞ մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների, մարտավարական առումով թույլ տվեք չհիշատակել: Այն, ինչ ընդունել է Կառավարությունը, ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, ըստ այդմ մենք մշակել ենք հակաքայլեր»,- ասաց Կոչուբաևը:
Փաստաբանը նշեց, որ առաջին հերթին՝ Վարչական դատարանում հատուկ վարույթի կարգով վիճարկելու են Կառավարության որոշումը, որով փոփոխվեց ընդունելության կարգը, ապա քննարկում են մյուս շաբաթ ՍԴ և ՄԻԵԴ դիմելու հարցերը: Կոչուբաևը վստահեցրեց, որ այս դեպքում ներպետական ատյանները սպառելու խնդիր իրենք չունեն:
«Քննարկվող դեպքում, եթե մինչև օգոստոսի 31-ը դիմորդների կրթության սահմանադրական իրավունքը չվերականգնվեց, այլևս անարդյունավետ կլինեն Առաջին ատյան, վերաքննություն, վճռաբեկություն փուլերը, ինչի պայմաներում մենք կարող էինք դիմել ՍԴ և ՄԻԵԴ: Մենք այդ ատյանները շրջանցում ենք, քանի որ դրանց դիմելը ոչ արդյունավետ գործիք է լինելու»,- ասաց փաստաբանը:
Փաստաբանը նշեց նաև կարգի փոփոխության մասին դիմորդներին ծանուցելու խնդիրը, որի մասով ևս հայց է ներկայացվելու դատարան: Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանն ավելացրեց, որ քննությունների ցանկի փոփոխության մասին որոշումն (դիմորդները համալսարան ընդունվեցին միայն մեկ քննությամբ) ընդունվել է սխալ ռազմավարության արդյունքում, քանի որ Կրթության մասին օրենքն արգելում է դեկտեմբերի 1-ից հետո քննությունների ցանկ փոխել:
«Այդ որոշումը պետք է ավելի շուտ ընդունվեր, եթե պետք է կիրառվեր 2020-21թ.-ի դիմորդների համար: Եթե դիմորդների ուսման հետ կապված որևէ օրենք է ընդունվում, ապա այն պետք է ընդունվի մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 1-ը: Եթե Արայիկ Հարությունյանը չի տիրապետում, որ նման որոշումը պետք է մինչև դեկտեմբերի 1-ը ներկայացված լիներ Կառավարության նիստի քննարկմանը, որ այն կիրառելի լիներ 2020-21 թ.-ի դիմորդների համար, ուրեմն այդ մարդը չի տիրապետում իր աշխատանքին: Եթե ներկայացվել է 2020-ի մայիսի 21-ին, ապա այն կիրառելի կիներ 21-22թ.-ի դիմորդների համար: Դուք չե՞ք գտնում, որ Ձեր իսկական տեղում չեք գտնվում, պարոն Արայիկ Հարությունյան»,- եզրափակեց Բաբալյանը: