Ջրիմուռների արտազատած թունանյութը վտանգավոր է մարդկանց և լճի կենդանիների համար. Էվելինա Ղուկասյան
«Փոքր Սևանում մենք այսօր չունենք կանաչած հատված, Մեծ Սևանում էլ շատ քիչ հատվածներ են կանաչած, հուսանք՝ ինքն իրան հետ կգնա». այսօր Սևանի ծաղկման թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն էլ վստահեցրեց, որ լճի ավազանում ուսումնասիրություններ կատարվում են անընդհատ: Նա նշեց, որ սովորաբար կանաչման գործընթացը սկսվում է հունիսին, սակայն այս տարի, ոչ այնքան բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ուշ է սկսվել՝ հուլիսի 15-ից, և շուտ էլ կավարտվի:
«Սևանա լճում ունենք վատ էկոլոգիական վիճակ: Հատակամերձ շերտում թթվածինը ցածր է, սնուցող նյութերի քանակությունը բավարար է, որ շարունակական դիտվեն ծաղկման պրոցեսները: Թափանցիկությունը մինչև 4 մետր է: Այս բոլոր բնութագրական ցուցանիշները վկայում են, որ լիճն օլիգոտրոֆից մեզոտրոֆի վիճակում է, լճում ունենք կենսածին նյութերի բավական քանակություն: Սա նշանակում է, որ լճում վիճակը շատ վատ չի՝ էֆտրոֆ չի, բայց լավ էլ չի»,- ասաց Շահնազարյանը:
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նշեց, որ չնայած այս տարի Սևանա լճի ծաղկման գործընթացը բավականին թույլ է, սա չի նշանակում, որ գործոնները, որոնք ծնում էին ծաղկման երևույթները, հաղթահարված են: Ղուկասյանի խոսքով՝ լիճը գնում է դեպի էֆտրոֆացում:
«Ջրիմուռների ծաղկման ավարտով ոչինչ չի փոխվում, նրանք նստում են հատակում, ավելացնում են կենսածին տարրերի, օրգանական նյութերի բեռը, քայքայման երևույթների ժամանակ խլում են լճի հատակային շերտերի թթվածինը, արդյունքում վատ կենսապայմաններ են ստեղծվում հիդրոբիոնտների (քաղցրահամ և ծովային ջրերի բնակիչներ,- Ա.Հ.) համար: Աղտոտվածությունը նպաստում է նաև խեցգետնի շրջանում հիվանդությունների տարածմանը, ինքներդ էլ ականատես եք լինում, որ վերջին տարիներին խեցգետնի պաշարները կտրուկ կրճատվել են»,- ասաց Ղուկասյանը:
ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը նաև նշեց, որ կապտականաչ ջրիմուռները վտանգավոր են ոչ միայն կենդանիների, այլև մարդկանց համար:
«Հատկապես անաբենա ֆլոս ակվա տեսակը վտանգավոր է, քանի որ արտազատում է միկրոցիստին թունանյութը: Դա վտանգավոր է՝ ինչպես լողացողների, այնպես էլ՝ կենդանական աշխարհի համար։ Թունանյութն ազդում է մարդկանց լյարդի, աղեստամոքսային տրակտի և մաշկի վրա, հիդրոբիոնտների (քաղցրահամ և ծովային ջրերի բնակիչներ,- Ա.Հ.) դեպքում կարող է հանգեցնել մահացության»,- ասաց մասնագետը։
Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժ/պ Ոսկեհատ Գրիգորյանը տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանի հիմնախնդիրների կարգավորման համար Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում մշակված համապարփակ փաստաթուղթ ունի, որի իրականացման համար ստացել է 5 մլն եվրո դրամաշնորհի աջակցություն: Իսկ ինչպե՞ս են այն օգտագործելու:
«Դրամաշնորհի շրջանակներում քննարկվում է 3 ծրագիր, դրանցից մեկը լճի հարակից տարածքներից հոսող կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծման և Գավառ քաղաքում կամ մեկ այլ բնակավայրում գոնե մեկ բաղադրիչ ունենալու նախապայմանով դրված ծրագիրն է: Մյուսը՝ ընդերքօգտագործման թափոններից լքված տեղամասերի ռեկուլտիվացիային միտված միջոցառումն է, երրորդը՝ գետերի հուների մաքրումը կոշտ կենցաղային թափոններից»,- ասաց Գրիգորյանը:
Նա նշեց, որ առաջին երկու ծրագրերը միտված են կանխել Սևանա լճի աղտոտումը, մյուսով շեշտը դրվելու է կենսաբազմազանության միջոցով ինքնամաքրման գործոնի բարելավման վրա: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը նախորդ տարիներին ավելի հետևողական չի եղել, օրինակ՝ անտառապատ տարածքների մաքրմանը, շրջակա շինություններից արտանետումների նվազեցմանը, Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը պատասխանեց.
«Անտառապատ տարածքների մաքրումը 2007-2008 թվականից է սկսվել: Այսինքն՝ 2019-ը առաջին անգամը չէր, քանակի, տարածքի մասին մանրամասներ չասենք, բայց սա առաջին դեպքը չէր: 2019-ին Վարդենիսի հատվածում մաքրվեց շուրջ 100 հեկտար անտառապատ տարածք, այս տարի ևս շարունակվում են աշխատանքները, շուրջ 50 հեկտարի չափ էլ այս պահին մաքրված տարածք կա»: