«Ծառայությունների ոլորտում 4,2 տոկոս անկում է գրանցվել». Գագիկ Մինասյան

«Այն իրավիճակը, որում այսօր գտնվում է  Հայաստանը, մասնավորապես տնտեսությունը,  չափազանց կարոտ է քննակումների և բացահայտումների, թե ինչու է գտնվում նման վիճակում, և ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներին։

Նրա խոսքով՝ տնտեսության ոլորտում անկումը խորանում է,  ինչը մտահոգիչ հանգամանք է։

Ըստ Գագիկ Մինասյանի, տնտեսության ակտիվության ցուցանիշի  չորս բաղադրիչներով՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, շինարարություն և ծառայություն, կարելի է վերլուծել, թե վեց ամիսների ընթացքում ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել տնտեսությունը։

Արդյունաբերության ոլորտում հինգ ամիսների ընթացքում գրանցվել է ոչ թե անկում, այլ աճ՝ 2,4 տոկոսով։

«Առաջին վեց ամիսների ընթացքում այս աճը կրճատվել է 0,9 տոկոսով, աճը մնացել է ընդամենը 1,5 տոկոս։ Մեր հանքարդյունաբերությունն առաջին հինգ ամիսների կտրվածքով աճել էր 25 տոկոսով, սա խայտառակ թիվ է հատկապես այն իշխանության համար, որն իր նախընտրական խոստումներում ասում էր, որ Հայաստանը դարձել է հանքահումքային կցորդ ուրիշ երկրների համար։ Գալով իշխանության՝ իրենք պետք է շրջեին, փակեին այդ էջը և Հայաստանը դարձնեին բարձր տեխնոլոգիաների երկիր»,- ասաց Գագիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ համավարակի պայմաներում փորձ էր արվում բացել Ամուլսարը, այսինքն՝ փորձում  էին  ևս մեկ հանքավայր դնել շրջանառության մեջ, քանի որ առանց հանքարդյունաբերության, արդյունաբերությունը շատ ցածր ցուցանիշ կունենար։

Անդրադառնալով շինարարության ոլորտին, Գագիկ Մինասյանը շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում շինարարության ոլորտն ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է։

Ինչ վերաբերում է ծառայությունների ոլորտին, Գագիկ Մինասյանն ընդգծեց. «Ծառայությունների ոլորտում 4,2 տոկոս անկում է գրանցվել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս