Թավշյա «դիմակահանդեսի» անմեղ ներկայացուցիչները

Հայաստանում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն չորս ամիս, իսկ մայիսի 25-ից ՀՀ-ում ոչ միայն հանրային փակ, այլև հանրային բաց վայրերում պարտադիր դարձավ պաշտպանիչ դիմակների կրումը: Սա մի գործընթաց էր, ինչն ընդունվեց բավականին հակասական կերպով, քանի որ ոլորտի շատ մասնագետներ բազմաթիվ իրական փաստերով ապացուցում էին, որ պարտադիր դիմակ կրելն ուղղակիորեն ազդում է մարդու առողջության վրա, և առկա է պոտենցիալ վտանգ թոքերի սնկային հիվանդություն ձեռք բերելու հարցում։

Բացի այդ, շատ էին փաստարկումները, որ ըստ էության, դիմակների պարտադիր կրումն ուշացած գործընթաց է, քանի որ համավարակն արդեն ընդգրկում է լայն շրջանակներ և հնարավոր վերահսկողությունից ամբողջովին դուրս է։

Այստեղ առկա են մի քանի նրբություններ, որոնց մասին մի քանի դրույթով կանդրադառնանք։

Իշխանությունների կողմից նախաձեռնած այս թավշյա «դիմակահանդեսը» հանրությունից փող քամելու մի ուրույն մեխանիզմ դարձավ, քանի որ մարդկանց 10.000-ական դրամներով տուգանելու այս գործընթացը մի տեսակ ակնհայտ քաղաքական ենթատեքստ է ստացել։ Ժամանակին տուգանքների դեմ մոլի պայքարող Նիկոլ Փաշինյանը, ով իր ընդդիմադիր ելույթներում քննադատում էր, որ «կոռումպացված ու թալանչի ռեժիմը» քերթում է  ժողովրդին, հրապարակավ հայտարարում է, թե «ժողովուրդն իշխանության համար տուգանքի մատերիալ» չէ, ներկայումս սեփական ձեռքերով մարդկանց դարձրել է տուգանքի մատերիալ։

Այս ամենի հետ մեկտեղ՝ վերջին օրերին մի քանի դեպքեր եկան փաստելու այն, որ իշխանության ոչ բոլոր ներկայացուցիչներն են ենթարկվում պարետի՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելու և պարտադիր դիմակ կրելու որոշմանը, քանի որ իշխանականների մի քանի ակնհայտ գործողություններ վկայում են դրա մասին։

Անցնող շաբաթ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Ծիրանի» ռեստորանային համալիրում մարդաշատ մի հավաքույթ է նախաձեռնել Փաշինյանի մանկության ընկերը՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը (ըստ տեղեկությունների՝ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչների հավաքի առիթը Արցախի ոստիկանապետին հյուրասիրությունն է եղել)։ Այս փաստը համապատասխան կառույցների կողմից ոչ մի գնահատականի ու արձագանքի չարժանացավ, մինչդեռ բոլորս ենք շատ լավ հիշում, որ մոտ մեկ ամիս առաջ իր որդու հարսանեկան միջոցառումն անցկացնելու և իր առանձնատանը քեֆ-ուրախություն կազմակերպելու համար  աշխատանքից ազատվեց Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը։

Երեկ համացանցում տեսանյութեր հրապարակվեցին երեկոյան Սևանի «Սպիտակ Շորժա» լողափում կազմակերպված մեծ փարթիից, որը կազմակերպել և որին մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլ»-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հեղափոխության օրերին հայտնի «Շիշ բռնողը»: Վերջինս հայտնի է նրանով, որ ապրիլյան և դրան հաջորդող օրերին թիկնապահի դեր էր կատարում Նիկոլ Փաշինյանի համար:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի եղբայրը` Նաիրի Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի օգնականն է:

Հայկ և Նաիրի եղբայրները 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի որդիներն են։ Հայկ և Նաիրի Սարգսյանների հայրը՝ Զարեհ Սարգսյանը, տարիներ առաջ թոշակառուների թոշակների հաշվին Կրասնոսելսկից տեղափոխվել է Երևան և այստեղ դղյակ կառուցել։

1997թ. վերջին հիշյալ վարչությունն առանձնացվեց նախարարությունից, դարձավ առանձին կառույց ու վերանվանվեց որպես կենսաթոշակային հիմնադրամ։ Պետը դարձյալ Զարեհ Սարգսյանն էր, որն այդ պաշտոնում շարունակել է մնալ մինչև 2000թ. սեպտեմբեր ամիսը։ Այնուհետև վերջինս նշանակվել է ՀՀ պետական գնումների գործակալության տնօրենի պաշտոնում։ Սակայն մեկ տարի անց նրան հեռացրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վերջինս նրան աշխատանքից հեռացրել էր այն պատճառով, որ Զ. Սարգսյանի դեմ համապատասխան մարմինները քրեական գործ հարուցելու փաստեր էին ներկայացրել, որոնց համաձայն՝ կենսաթոշակների հսկայածավալ յուրացումներ էին տեղի ունեցել։

Կենսաթոշակային վարչության, այնուհետև՝ կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ Զարեհ Սարգսյանի ղեկավարած կառույցում տեղի ունեցած ահռելի խախտումներին անդրադարձել էր նաև ԱԺ վերահսկիչ պալատն իր 2001թ. հաշվետվության մեջ։ Ըստ հավաստի աղբյուրների` այդ հիմնադրամում ստուգումներ անցկացնելու հանձնարարականը ներկայացրել էր արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը:

Իր դղյակի հիմնական շինարարական աշխատանքները Զարեհ Սարգսյանը սկսել էր 1998թ.։ Իսկ կենսաթոշակների հիմնադրամում աշխատած տարիների ընթացքում Զարեհ Սարգսյանի կատարած չարաշահումներն այդպես էլ մինչ օրս մնացել են «չբացահայտված» այլևայլ պատճառներով:

Ավելին, ըստ տեղեկությունների՝ երեկ տարածված տեսանյութերում երևացող լողափը կապ ունի նույն Հայկ Սարգսյանի հետ: Այս պատմության մեջ ծիծաղելին այն է,  որ Սարգսյանը կտրուկ հերքել է՝ լողափն իրեն պատկանելու մասին տեղեկությունները, իսկ համացանցում հայտնված տեսանյութի հետ կապված ընդամենը ներողություն է հայտնել, որ «մի պահ» եղել է առանց դիմակի։ Մինչ պատգամավորի ներողություն խնդրելը, երևույթին շտապեց «սրբի դեմքով» պարզաբանումներ տալ Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ պատգամավորն ուղղակի մասնակցել է միջոցառմանը, իսկ դիմակի համար նա կտուգանվի՝ համաձայն պարետի համապատասխան որոշման։

Մակունցը լուրջ դեմքով ակնհայտ փլավ է կախում շարքային քաղաքացիների ականջներից՝ նրանց համոզելով, որ իշխանություններն օրինապաշտ են և ենթարկվում են ցանկացած կարգավորման, և նույնիսկ՝ անգամ հասարակ են, որ տուգանվում են ոստիկանության կողմից։ Վստահ եմ, թեմայի հետագա զարգացման դեպքում իշխանական ներկայացուցիչները հայտարարություններ կտարածեն և կշահարկեն այն պնդումները, թե «տեսեք՝ ինչպես է տուգանվում իշխանության ներկայացուցիչը, նախկին ո՞ր պատգամավորին ոստիկանները կհամարձակվեին տուգանել», այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանության հերթական ֆեյք մանիպուլյացիան դարձյալ փայլուն աշխատում է։

Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության կողմից իրականացվող էժան ստերի հետ, երբ փորձում են իրենց կողմից թույլ տրված բացահայտ «լյապը» որոշակիորեն մեղմել, և դրա համար չեն կանգնում ոչ մի հնարքի առաջ։ Եվ այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի անմիջական գիտությամբ։

Հ․Գ․ Ի դեպ՝ երեկվանից համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է շիշ բռնող Սարգսյանը նստած սրճարանի դրամարկղի մոտ և հակակարգչի մեջ ինչ-որ ֆայլեր է ուսումնասիրում (կամ ուղղակի՝ դրամարկղն է ստուգում)։ Հետաքրքիր է, թե տվյալ սրճարանն իր բոլոր այցելուների՞ն է թողնում զբաղվել օրվա «վիռուչկայի» հաշվարկով, թե՞ Հայկը բացառություն է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս