«Խոսել եմ Հայկի հետ, ասում է՝ որևէ միջոցառում չի կազմակերպել»․ Լիլիթ Մակունցը՝ Հայկ Սարգսյանի կազմակերպած փարթիի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցն այսօրվա ասուլիսում անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Սևանում կազմակերպված փարթիին, ասաց, թե հեռախազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ՝ մամուլում շրջանառվող լուսանկարների և տեսանյութի առնչությամբ։

«Խոսակցությունը շատ արագ է տևել, քանի որ ես շտապում էի ասուլիսի։ Նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ հանգստանում են նաև այլ քաղաքացիներ։ Նա նաև տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ՝ եղել է առանց դիմակի։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և այդ պահին դիմակ չի կրել։ Որքանով տեղյակ եմ, նա իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ և լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Սևանի ափին գտնվող «Սպիտակ-Շորժա» հանգստյան գոտում տեղի ունեցած փարթիին մասնակցել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ըստ շրջանառվող լուրերի, փարթին կազմակերպել է հենց պատգամավորը։

Հարցին՝ Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի՞ այդ հանգստյան գոտու հետ, և արդյո՞ք պատգամավորական մանդատից զրկելու հարց կդրվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ հանգստյան գոտու հետ առնչություն ունենալու վերաբերյալ հարցը կարող են նաև իրեն ուղղել, սակայն նրա հետ ունեցած խոսակցության  ժամանակ պատգամավորն ասել է, որ առնչություն չունի թե՛ հանգստյան գոտու, թե՛ միջոցառում կազմակերպելու հետ։

«Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա պարետատան պահանջներին համապատասխան, ամբողջ խստությամբ, եթե անգամ դա անզգուշություն է եղել, ապա այդ պատժամիջոցները կկիրառվեն նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, թեկուզ անզգուշաբար, բայց ինչ-որ պահի դիմակ չի կրել և դրա համար ենթարկվել է պատասխանատվության, նաև տույժի կենթարկվի Հայկ Սարգսյանը»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Տեսանյութեր

Լրահոս