Հայկ Սարգսյանը՝ ՀՀ նախագահական աղջիկներ տանելու, իր հոր, հեղափոխությանը ֆինանսապես աջակցելու և մամուլի մասին
Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Մինչ ասուլիսի սկսելը նա տեղեկացրեց, որ զանգերին չպատասխանելու և ասուլիսին մուգ՝ արևային ակնոցով ներկայանալու պատճառն աչքի վիրահատությունն է: Պատգամավորը հայտարարեց, որ 6 դեպքով դիմել է դատարան՝ լրատվամիջոցներից իրեն զրպարտելու համար վնասի փոխհատուցում պահանջելու համար:
«Մի քանի հարյուրավոր նման դեպքեր կային, որոնցով արժեր և կարելի էր դիմել դատարան, բայց ես ընդամենը վերջերս եմ սկսել նման միտք ունենալ, քանի որ մինչ սա մտածել եմ, որ սա ուղղորդված չէ, և ինչ-որ ժամանակ անց կանցնի, բայց տեսնելով, որ այլ տարբերակ չկա, դիմել եմ այս քայլին»,- ասաց նա:
Հայկ Սարգսյանը հերթով թվարկեց այն լրատվամիջոցների անունները, որոնց հրապարակումների համար դիմել է դատարան.
«Newspress.am կայքը նման հոդված է հրապարակել, որում ես եմ՝ կարմիր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, վերնագրված՝ «Հայտնի է, թե ով է Հայկ Սարգսյանին նվիրել թանկարժեք մեքենան և ինչի համար: Հոդվածում նշվում է, որ ես իմ օրենսդրական գործունեությամբ պաշտպանել եմ «Գուդվին» ընկերության շահերը, և ընկերության սեփականատերն ինձ նվիրել է 150 հազար դոլար արժողությամբ այս մեքենան: «Գուդվին» ընկերության հետ կապված իմ բոլոր փաստարկները ես մանրամասն ներկայացրել եմ հանձնաժողովի նիստերի ժամանակ և բուռն քննարկումներ են եղել բաց, մամուլի ներկայությամբ: Նախ՝ սա վարկաբեկում է ինձ՝ որպես պատգամավորի, ով ընտրվել է թավշյա հեղափոխությունից հետո և չէր կարող նման կոռուպցիոն սկանդալում հայտնվել, և սրանով արատավորում է ոչ միայն ինձ, այլ իմ քաղաքական թիմին, իսկ այս մեքենան պատկանում է ՌԴ-ում բնակվող իմ ընկերոջը: Դատի եմ տվել, որպեսզի բոլորին ապացուցեմ՝ զրպարտություն է:
Հաջորդ հոդվածը նույնպես նույն կայքն է. «Հերթական թանկարժեք նվերը՝ 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար Հայկ Սագսյանին»: Հոդվածն այն մասին է, որ 033 կոդով 000000 բջջային համարը նվիրել է ինձ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի նախկին ղեկավարը: Ցանկանում են նշել, որ տվյալ անձին չեմ ճանաչում, երբևէ որևէ շփում չեմ ունեցել և անգամ հեռախոսազանգ չեմ ունեցել, և ապատեղեկատվություն է, նույնպես դիմել եմ դատարան, որ իմ ընտրողներն ու հայրենակիցները համզովեն, որ կապ չունեմ, և սա ուղղորդված է»:
Նա հավելեց, որ առաջին անգամ է լսում, որ նման կոդով հեռախոսահամար կա:
««Հրապարակի» հոդվածը՝ «Խորհրդարանում նյու Շմայս է հայտնվել», հոդվածում ինձ կայքն անվանում է ամենաօդիոզ պատգամավորը: Հոդվածում ինձ մասնավորապես մեղադրում են ՊՎԾ-ում վերջերս հարուցված քրեակսն գործում դիալիզի հետ կապված դերակատարում ունենալու մեջ, ցանկանում եմ նշել, որ այդ քրգործը սկսել և իր ընթացքը ծավալել է, երբ ես այլևս այդ ՊՎԾ-ում չէի աշխատում, աշխատում էի ԱԺ-ում՝ որպես պատգամավոր, և որևէ առնչություն չեմ ունեցել, ասեմ նաև, որ այդ երկու վարչությունները, որոնք ներգրավված են քրգործում, չեն եղել իմ կուրացիայի տակ, և այդ տղաները, ովքեր ձերբակալվել են, կամ ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, ես նրանց չեմ ճանաչել և առանձնապես շփում չեմ ունեցել և մի քանի անգամ տեսել եմ միջանցքներում»,- ասաց նա:
«Ես եմ իմ գրպանից գումար ծախսել, ինչպես մեր թիմի բոլոր անդամները, և մենք ենք մեր միջոցներով և մեր քաղաքացիների հանգանակությամբ ֆինանսավորել հեղափոխությունը»
Հաջորդը նույնպես «Հրապարակն» է: «Պատգամավոր Հայկ Սարգսյանը դեբոշ է սարքել ինքնաթիռում»։ Ինքնաթիռի մասին կարճ ասեմ, եղել եմ ինքնաթիռում, և նույն ինքնաթիռում եղել է նախկին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, բայց նրա հետ որևէ խնդիր չի եղել, մենք որևէ խոսակցություն չենք ունեցել, որևէ դեբոշ չի եղել: Սա նույնպես նպատակ ունի արատավորել իմ բարի համբավը:
Օրինակ՝ ի՞նչ է նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ախրաննիկ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ասեմ, որ հեղափոխության ողջ ընթացքում և դրանից առաջ եղել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին. 2017թ. ամբողջ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, Երևանք քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ, դա չի նշանակում՝ ես եղել եմ իր ախրաննիկը: Այո, կարգավորել եմ մի շարք տեխնիկական հարցեր՝ կապված փողոցները փակելու հետ, կապված անվտանգության հետ, բարձրախոս տեղադրելու, հոսանքներ հայթայթելու հետ, և աշխատել եմ առավելագույն նպաստ բերել հեղափոխության կայացմանը և դա արել եմ անձնվիրաբար։ Ասեմ ավելին՝ ես եմ իմ գրպանից գումար ծախսել, ինչպես մեր թիմի բոլոր անդամները, և մենք ենք մեր միջոցներով և մեր քաղաքացիների հանգանակությամբ ֆինանսավորել հեղափոխությունը»,- հայտարարեց նա:
Հաջորդը՝ «Իրավունք» թերթն է:
«Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով. հոդվածը նրա մասին է, թե իբրև Վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը հասել է իմ հոր նախկինում կատարած հանցագործություններին, այդ պատճառով ես իր դեմ գործ եմ կազմել և տվել եմ ԱԱԾ-ին: Այս տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է. դա կարող է հերքել նաև ՊՎԾ նախկին պետը»- ասաց նա:
Իր հոր՝ Զարեհ Սարգսյանի մասին
«Քանի որ հաճախ են անդրադառնում իմ հորը, ուզում եմ մի քանի բան ասել։ Ծնվել է Ճամբարակում, դպրոցն ավարտել է գերազանց, աշխատել է մի շարք հիմնարկներում, 80-ականներին գնել է մեր տունը և սկսել վերակառուցել, որտեղ հիմա ապրում ենք, և որի մասին նույնպես հաճախ խոսում են, և ուզում եմ հետևյալ հայտարարությունն անել, որևէ մեկը կգտնվի, որ ասի՝ իմ հոր աշխատելու ընթացքում իմ հայրն անգամ մեկից 1000 դրամ է վերցրել, ես հորս հետ համաձայնեցրել եմ այս հայտարարությունը, մենք պատրաստ ենք մեր տունը տրամադրել այդ մարդուն:
Ուզում եմ նշել, որ 2003-2004 թվականներին ընդդիմադիր շարժումների մեջ հայրս մեծ ներդրում է ունեցել և նախկին իշխանությունների կողմից հետապնդվել և ձերբակալվել է, և նախկին իշխանությունները փորձել են գեթ մեկ գործ գտնել՝ հորս պահելու կալանքի տակ և դրանով լուծելու քաղաքական հաշվեհարդարը, բայց որևէ նման դեպք չեն գտել:
Մենք 2004 թվականից մինչ 2018 մայիսը եղել ենք ընդգծված ընդդիմադիր, և եթե գեթ մեկ դրվագ լիներ, որով հնարավոր կլիներ մեր ընտանիքին հետ պահել հեղափոխությանը մասնակցելուց, նրանք դա, համոզված եմ, կանեին:
Հայկ Սարգսյանը՝ մամուլի մասին
Հաջորդն antifake.am կայքն է: «Արտոնյալ Զարեհ Սարգսյանը: Որտե՞ղ է ճանապարհային ոստիկանությունը»: Հոդվածում՝ իբր նկարում պատկերված սպիտակ մեքենան վարում է իմ հայրը՝ առանց պետհամարանիշերի, մենք այս մեքենայի հետ որևէ առնչություն չունենք:
Ասեմ, որ այս լրատվամիջոցները, ում դեմ հայցեր ենք ներկայացրել, ասում են, որ Հայկ Սարգսյանը նպատակ ունի փակելու ազատ մամուլի բերանը. շատ բարձր եմ գնահատում ազատ մամուլի դերը երկրում, քանի որ անհնար կլիներ անել թավշյա ոչ բռնի հեղափոխություն՝ առանց լրատվամիջոցների: Բազմաթիվ խնդիրների մասին իմանում ենք մամուլից, մեր կատարած աշխատանքն ենք ներկայացնում մամուլի միջոցով, անձամբ ես և մեր քաղաքական ուժը որևէ խնդիր չի տեսնում և ցանկանում է տեսնել ազատ մամուլ, և նաև դեղին մամուլի փակելով՝ ցանկանում եմ օգնել ձեզ՝ թացը չորի հետ չխառնվի»:
Լրագրողի հարցին, թե ձեր դեմ հոդված հրապարակող մամուլի՞ն եք համարում դեղին մամուլ, պատասխանեց. «Երբ ինձ մեղադրում են որևէ արարքում, որում ընդհանրապես չկամ, դուք իմ փոխարեն լինեիք՝ ինչպե՞ս կվարվեիք»:
Լրագրողի հաջորդ դիտարկմանը, թե՝ դատարանից առաջ ընկնելով՝ սա արդյո՞ք չի դիտարկվելու ճնշում դատարանի նկատմամբ, Հ. Սարգսյանը նշեց. «Կողմերից մեկը ես եմ և ներկայացնում եմ իմ տեսակետը, դուք կարող եք լսել նաև 6 դեպքերով մյուս կողմին»:
Մյուս դիտարկմանը, թե՝ շիշ բռնելով եք հայտնի դարձել, պատգամավորն ասաց, թե այդ ձևակերպումն իրեն վիրավորում է. «Դա վիրավորական է, և եթե օրվա մեջ 12 ժամ քայլում եք, բնականաբար, շիշ եք բռնում»:
Ի դեպ, այս կապակցությամբ ֆեյսբուքյան էջում Նարեկ Սամսոնյանը գրել է. «Պատգամավոր Հայկ Սարգսյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Antifake.am-ի
Ստեղ խնդալուն էն չի, որ Բաղրամյան 26 «աղջիկ տանող»-ը դեռ մի հատ էլ ինքն ա դատի տալիս, ստեղ խնդալուն էն ա, որ «ամենաազատ մամուլն» ունեցող երկրում վերջին մի քանի ամիսներին նախորդ 30 տարիներին գրանցված հայցերից մի քանի անգամ ավելի հայցեր են գրանցվել ընդդեմ ԶԼՄ-ների: Էս թեմայի շուրջ դեռ կխոսենք տարբեր ձևաչափերով, բայց հիմա այսքանը»:
ՀՀ նախագահական նստավայր աղջիկներ տանելու և Տիգրան Ավինյանի հայցի մասին
Անդրադառնալով ՀՀ նախագահական նստավայր աղջիկներ տանելուն, լուսանկարվելուն և տեսանյութեր տարածելուն՝ պատգամավորն ասաց.
«Նման բան տեղի չի ունեցել: Ամիսներ առաջ politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին Ֆեյսբուքով գրեց, որ իր մոտ կան վիդեոներ, որտեղ ես ինչ-որ աղջիկների հետ Բաղրամյան 26-ում եմ, ես ասացի, թե՝ ի՞նչ վիդեոներ են, որոնց մասին տեղյակ չեմ, կոչ արեց հանդիպել:
Բորիս Մուրազիի մասին կարճ ասեմ՝ այդ այն անձն է, որին երկու օր առաջ դատարանը վճռեց 1 մլն դրամ փոխհատուցել փոխվարչապետ Տիգան Ավինյանին զրպարտող հոդված գրելու համար:
Իրականում ես առաջին անգամ եմ լսում, ասացի նրան. Ասաց՝ կա նման բաներ. Այլապես կհրապարակի, ասացի՝ որևէ խնդիր չի տեսնում, որին հաջորդեց լուսանկար, և այն լայն արձագանք չգտավ»:
Հիշեցնենք, խոսքն այն հրապարակումների մասին է, որոնցում Politik.am կայքը գրել էր, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատավայրում մարիխուանա է օգտագործել։ Բորիս Մուրազի Թամոյանը հայցվոր Տիգրան Ավինյանին՝ որպես զրպարտության համար փոխհատուցում, պետք է վճարի 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր դատարանի վճռին: Նա, մասնավորապես, գրել է.
«Արարատի մարզի դատարանն ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել՝ ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է, ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումն իրականություն է եղել: Վաղը՝ առավել մանրամասն»։ 168.am-ի հետ զրույցում Բորիս Մուրազին նույնպես պնդել էր, որ համաձայն չէ կայացված վճռի հետ։ Մեր հարցին, թե ի՞նչ հակափաստարկներ է դատավարության ընթացքում՝ ապացույցների հետազոտման փուլի ժամանակ, ներկայացրել հայցվոր կողմը, Բորիս Մուրազին ասաց.
«Դատարանին որևէ ապացույց՝ ներկայացված մեր կողմից, հետաքրքիր չի եղել։ Իսկ հայցվոր կողմի վրա ապացուցողական որևէ պարտականություն չի դրվել։ Դատարանը նաև չի անդրադարձել այն փաստերին, որոնք մենք ներկայացրել ենք, այն է՝ որ Ավինյանը ոչ արժանապատիվ է համարում բան, որը պրոպագանդել են իր թիմակիցները, ավելին՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը մարիխուանա պահելու համար ձերբակալվել է 2017 թվականին, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարիխուանայի օգտագործման անբարո համարելը համարել է փարիսեցիություն»։ Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում ևս մի գրառում էր կատարել՝ դրանում նշելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին։ Նա մասնավորապես գրել էր. «Վարագ ջան, հիմա, երբ կա դատարանի որոշում, կհենվես արդարությանդ վրա ու կընդունե՞ս, որ ձեր գրասենյակից միջնորդություն է եղել, որ չհրապարակեմ Ավինյանի մարիխուանա ծխելու մասին լուրը»։ Իր այս գրառումը մեկնաբանելու՝ մեր խնդրանքին ի պատասխան՝ Բորիս Մուրազին ասել էր. «Եղել է միջնորդություն, որպեսզի ես չհրապարակեմ մարիխուանայի մասին տեղեկատվությունը, և հենց այս հանգամանքը և հարցմանն արագ չպատասխանելու փաստը հաշվի առնելով՝ հրապարակել եմ այդ տեղեկատվությունը։ Հարցումն ուղարկել եմ միայն Վարագ Սիսեռյանի և Ավինյանի մամուլի խոսնակի հասցեներին. դրա համար էլ վստահ եմ, որ իրենք գիտեն, թե ով է միջնորդել։ Ինքս անունը չեմ տալիս, քանի որ գտնում եմ, որ մեկ անգամ իրենք պետք է արդար գտնվեն ու ասեն, որ զանգ եղել է»։
Անդրադառնալով ՀՀ նախագահական նստավայր աղջիկներ տանելու տեղեկությանը և տեսանյութերին՝ այսօր Հայկ Սարգսյանն ասաց.
«Որևէ տեսանյութում ինձ տեսե՞լ եք. Ես որևէ տեսանյութում չկամ»:
Ըստ նրա՝ նման հրապարակումների նպատակը վարչապետին հարվածելն ու քաղաքական վարկանիշին խփելն է.
«Արմինե Օհանյանն ասել է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել իմ հոր հետ, այո, ինքը նախկին ամուսնու հետ նստել են մեր տանը, եթե այն ժամանակ Արմինե Օհանյանը գիտեր, որ մեր տունը թալանած է, թող չգար մեր տուն, թող այդ ժամանակ բարձրաձայներ, հորս ընկերներն են ասել, որ հայրս օգնել է Արմինե Օհանյանին. ինչ է նշանակում՝ մտերիմ լինել ու անհիմն մեղադրել»:
Ինչո՞ւ են որպես թիրախ՝ ընտրել հենց իրենց. լրագրողներից մեկի այս հարցին Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ սկսած նեղ անձնական շահերից, սկսած ինչ-որ կլանային խնդիրներից, հստակ բան չեմ կարող ասել, առաջիկայում պարզ կդառնա. «ճիշտն ասած՝ կարող եք իմ օրենսդրական գործունեությանը հետևել և մեկնաբանություններ ըստ դրա անել»:
Լրագրողի դիտարկմանը, որ Արմինե Օհանյանի միջոցով է իր հայրը ծանոթացել Նիկոլ Փաշինյանին, Հայկ Սարգսյանը նշեց. «Իմ տեղեկություններով՝ նման բան չկա»:
ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ
Տեսանյութերը՝ 168.am, Գայանե Խաչատրյան